Հասունացել է ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը. ՀՀ ԳԱԱ

Հասունացել է ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը. ՀՀ ԳԱԱ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովն ընդունել է հայտարարություն Արցախի դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է.



«ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրա­պետության կողմից սույն թվականի ապրիլի 2-ի լույս գիշերը արցախա­ադրբե­ջանական սահմանի ողջ երկայնքով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունը, որի հետեւանքով զոհվեցին զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ: Այդ ընթացքում հրետակոծությունից անմասն չմնացին նաեւ ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Ռազմական ագրեսիայի միջոցով Ադրբեջանը ձգտում էր վերազավթել բոլշեւիկյան կուսակցության Կովկասի բյուրոյի ապօրինի որոշմամբ 70 տարի Ադրբեջանի կազմում օկուպացված եւ 1991 թվականին իր անկախությունը հռչակած Արցախը եւ ավարտին հասցնել արցախահայության նկատմամբ իր կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ցեղասպանական քաղաքակա­նությունը: Ադրբեջանի այս սադրանքն իրականացվել է Թուրքիայի անմիջական ուղղորդմամբ եւ աջակցությամբ, ինչի մասին վկայում են այդ երկրի ղեկավարների մի շարք հայտա­րարություններ:



Այսպիսով մեկ անգամ եւս հաստատվեց թուրք-ադրբեջանական հակա­հայկական գործակ­ցությունը, որն ուղղված է նաեւ ողջ քաղաքակիրթ հանրության դեմ: Հայաստանի գիտնականներն ակնկալում են խնդրի նկատմամբ միջազգային հանրության անաչառ ու հասցեական վերաբերմունքը: Մինսկի խմբի անդամ համանա­խագահողները պետք է հանդես գան այս ագրեսիան սանձազերծող կողմի՝ Ադրբեջանի գործելակերպի դատապարտմամբ: Տարակուսելի է, որ տեղի ունեցածի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ անդամ երկրների կողմից։ Նման պայմաններում լիովին հասունացել է ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման ու նրա հետ ռազմական դաշինքի կնքման անհրաժեշտությունը:



Դիմում ենք միջազգային գիտական հանրությանը՝ ակնկալելով նրա աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։ Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը բանակցային գործընթացում ԼՂՀ-ն լիիրավ կողմ ճանաչելու հարցում։ Հույս ենք հայտնում, որ միջազգային եւ համաշխարհային գիտական հանրությունը համարժեք գնահատական կտա ագրեսոր Ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակչության եւ զինվորականության նկատմամբ իրականացված աննախա­դեպ ու ան­մարդ­­կային վայրագություններին։ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովն իր հիացմունքն ու զորակցությունն է հայտնում Հայոց բանակի Զինվորին, հպարտանում նրա անօրինակ հերոսությամբ, տոկունությամբ, նվիրումով եւ հավաստում, որ շարունակելու է իր նպաստը բերել Զինված ուժերի գիտատեխնիկական մակարդակի բարձրացմանը եւ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը»։