Միլիտոնյանը պատասխանում է գրական վեճերին

Միլիտոնյանը պատասխանում է գրական վեճերին

Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի՝ «Գրական թերթում» տպագրված «Աշխարհը Վերնիսաժի հայացքով կամ Լեւոն Ջավախյանի ավետարանը» հոդվածը մի մեծ բանավեճի սկիզբ դրեց, որը վերջին ամսում գրական շրջանակներում մեծ քննարկումների տեղիք տվեց, քանի որ անմիջապես դրան հաջորդեց գրող Սամվել Բեգլարյանի «Ձեռքներդ հեռու մեր բաց վերքերից» հոդվածը, որին պատասխան հոդվածով անդրադարձավ գրող Լեւոն Ջավախյանը՝ «Կեցցե շեֆը» հոդվածով, ապա նորից հետեւեց Սամվել Բեգլարյանի «Փափախը գլխիդ պեչենու բաղերն ես ընկել» պատասխան հոդվածը, որին էլ հաջորդեց արդեն ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Հանդուրժող եղիր որքան թուրքերի, նույնքան գրողների հանդեպ» հոդվածը։ Իսկ բոլորովին վերջերս մեր թերթում տպագրվեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հոդվածը՝ «ՀՀ պետական մրցանակը՝ Հակոբ Մովսեսի վեհերոտ գրին» վերտառությամբ, որին թեեւ Հակոբ Մովսեսը չարձագանքեց, բայց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ցանկություն հայտնեց միանգամից անդրադառնալ բանավեճերի տեղիք տված վերը նշված բոլոր հոդվածներին։



40 տարի ականատես լինելով գրական վեճերի՝ Միլիտոնյանը փաստում է, որ դրանք եղել են գրական, ոչ անձնական։ «Իրենց էլ հորդորել եմ խնդիրը դիտարկել հենց այդ ծիրի մեջ, եւ կարիք չկա շարունակել քաշկռտել էլ հեր ու մեր, էլ չգիտեմ ինչ»,-ասում է ՀԳՄ նախագահն ու ընդգծում, որ Սամվել Բեգլարյանի եւ Լեւոն Ջավախյանի պատասխան հոդվածները չի կարող բանավեճ անվանել, որովհետեւ լի էին անձնական վիրավորանքներով եւ կիսահայհոյալից բառերով։ Միլիտոնյանը նշում է, որ կարելի էր բանավիճել Սարինյանի գրական թեզերի ու գնահատականների վերաբերյալ, սակայն Սամվել Բեգլարյանը ոչ թե գրականության խնդիրն էր առաջ քաշել, այլ թուրքերի հանդեպ վերաբերմունքի հարցը։ «Հետո հրապարակվեց Լեւոն Ջավախյանի հոդվածը, որտեղ, չգիտես ինչու, նա ինձ էր վիրավորում եւ ներքաշում այդ ջրապտույտի մեջ։ Քավ լիցի, ես պատասխանեցի նրան, ու իմ պատասխանի մեջ կարծեմ ամեն ինչ ասվում էր»,-ասում է Միլիտոնյանն ու նորից ընդգծում, որ Լեւոն Ջավախյան-Սամվել Բեգլարյան բանավեճի մեջ հայի-թուրքի հարց էր, դա ավելի շատ սահմանին կռվածների հանդեպ մեր հիշողությանն էր վերաբերում, եւ այդտեղ գրական բանավեճ չկար։



ՀԳՄ նախագահն ընդհանուր առմամբ նկատում է, որ գրականագետները, ցավոք, ակտիվ չեն եւ բանավոր ելույթներից բացի, գրավոր վերլուծականներով, քննախոսություններով շատ քիչ են հանդես գալիս։ Հազվադեպ են նաեւ գրողները խոսում իրենց գրող ընկերների գրքերի մասին, մինչդեռ, ըստ նրա, գրողի խոսքի անհրաժեշտություն կա։



Միլիտոնյանը կարդացել է նաեւ Խաչիկ Մանուկյանի հոդվածը Հակոբ Մովսեսի գրի մասին, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ լսել Հակոբ Մովսեսի խնդրո առարկա ելույթը. «Ինչպես ես հասկացա, Խաչիկը հիշատակում էր այն հարցազրույցը, որտեղ հնչել են կարծիքներ, թե Չարենցից հետո պոեզիա չունենք, եւ 2-րդ մրցանակների իմաստը, գրողին մրցանակ տա՞ն, թե՞ չէ։ Բնականաբար՝ հեղինակը, տվյալ դեպքում Հակոբ Մովսեսը, իր կարծիքն է հայտնում, եւ այդպիսին պիտի ընդունես այդ կարծիքը։ Բնականաբար, վիճարկելու տեղ կա, որովհետեւ Չարենցից հետո մոտավորապես 70-80 տարվա կտրվածքով բացասական գնահատական է տրվում ստեղծված պոեզիային, որի մեջ կան կուռքի մակարդակի հասած անուններ, իսկ 60-70-ականների սերունդը հսկայական թարմ շունչ հաղորդեց մեր բանաստեղծական երակին, ինչը նաեւ չարենցյան ավանդների շարունակություն էր։ Բայց ես Հակոբ Մովսեսի գաղափարն ընդունում եմ որպես Հակոբ Մովսեսի գաղափար, եւ պարտադիր չէ, որ չարենցյան մեծության պոետներ լինեն։ Հետո՝ ամեն մի պոետ իր գույնն ունի. Թոթովենցը գուցե չարենցյան մեծության գրող չէ, բայց նրա «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» վիպակը մի աննման ստեղծագործություն է։ Չասենք նաեւ, որ Նարեկացուց հետո պոեզիա չի եղել, եթե ես դա ասեմ, մեկ ուրիշն էլ կասի՝ եղբայր, բա Քուչակ է եղել, Տերյան, Իսահակյան, Թումանյան, ինչո՞ւ այս ամենը ոտնահարենք, երբ իսկապես լուրջ բանաստեղծներ կան այսօր եւ եղել են մոտիկ անցյալում։ Ես հիշում եմ, որ Հակոբը շատ բարձր գնահատած բանաստեղծներ ունի հենց մեր սերնդից, որոնց մասին խոսել է, գրել, հիմա նրանք բանաստե՞ղծ են, թե՞ բանաստեղծ չեն»։



Միլիտոնյանը փորձում է այս հարցին նաեւ այլ կերպ նայել, այն է՝ թեկուզ այս մակարդակում, բայց գոնե մի երկխոսություն գրական դաշտում տեղի է ունենում. «Բժշկության մեջ երբ ինչ-որ բան կա բուժելու, կարծեմ՝ սկսում են հրահրել, գրգռել, որ ավելի ակտիվանա, ու սկսեն դրա դեմ պայքարել։ Հիմա նույնը՝ այստեղ. բանավեճ հրահրելու, ժխտման միջոցով լսել նաեւ, թե ուրիշներն ինչ կարծիք ունեն։ Մեղադրելու որեւէ ցանկություն չունեմ, եւ ամեն մարդ կարող է իր կարծիքն ասել, եւ դա լավ է։ Ես, օրինակ, զարմանում եմ, որ երբ Համո Սահյանի, Պարույր Սեւակի, Վահագն Դավթյանի, Գեւորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի եւ մյուսների մասին ասվում է ժխտական խոսք, այդ մարդկանց կուռք դարձրած գրականագետներից որեւէ մեկը ձայն չի հանում»։



ՀԳՄ նախագահը ցանկանում է, որ լինի գրական խոսք՝ վերլուծություններով եւ հիմնավորումներով։ Կարող են անգամ նույն սերնդի բանաստեղծներն իրար չհավանել, բայց պիտի ասեն, թե ինչի համար չեն հավանում. «Չդառնա բամբասանքի մակարդակի նյութ, բայց հանկարծ այս մակարդակը գալիս՝ գիր է դառնում։ Եթե ես համարեմ, որ մենք պոեզիա չունենք, թեկուզ հումորով, ուրեմն նախ ինձնից պետք է սկսեմ։ Եվ, հետո, այս հոգեբանությունը՝ մեկս մյուսին գցելով, երբեք չենք բարձրանալու, բոլորս ընկնելու ենք ու հատկապես պետք է նկատի ունենանք ընթերցողի պարագան, որովհետեւ երբ գրողը խոսք է ասում, ինքն ուղղորդում է ընթերցողին, եթե բոլորս ասենք՝ մենք չունենք գրականություն, մեկը հայհոյի սա ասողին, մյուսը ոտքով խփի, էն մյուսը ճիպոտով հարվածի, ընթերցողն էլ կասի՝ եղբայր, եթե դուք գրականություն չունեք, բան չեք գրում, ինձնից ի՞նչ եք ուզում, ուրեմն ես էլ իրավունք ունեմ չկարդալու»։



Ինչ վերաբերում է մրցանակներին եւ մրցանակակիրներին, ապա Միլիտոնյանը կարծում է, որ վերջին 10-15 տարիներին բոլոր այն գրողները, որոնք ստացել են մրցանակներ, արժանի են եղել, եւ տպվել են լավ գրքեր. «Այնպես որ, իրար նկատմամբ այս ագրեսիվությունը, չասեմ՝ չուզողությունը, համենայնդեպս, գրական վեճի առիթ տալիս է, բայց թող դա իսկապես գրական վեճ լինի, սրա մասին է խոսքը։ Ո՞վ է ասել, որ իմ գրվածքները պետք է բոլորի դուրը գան, ես ուրախ կլինեմ, որ մեկը վերլուծի ասի՝ այս բանաստեղծությունը բանաստեղծություն չէ, ապացուցի դա, ու սա գրական միջավայր ստեղծի։ Եկեք իրար կարծիք հանդուրժենք ու կտրուկ չասենք՝ այսպես է, եթե ես կտրուկ ասեմ, ուրեմն ես բանավեճի տեղ չեմ թողնում ու չեմ ուզում, որ ինձ ինչ-որ բան համոզեն, բայց ես վերին ճշմարտությո՞ւն եմ, ես ավելի լավ է ինձ հումորի ենթարկեմ, քան մտածեմ, որ իմ խոսքերը վերին արտից քաղած ցորեն են, սա մի միջավայր է, որ պետք է կարդանք, ասենք-խոսենք։ Չարենցը, Մահարին, Զորյանը նստում էին «Ակադեմիա» կոչված սրճարանում եւ խոսում, հումորներ էին անում, իրար գնահատում ու քննադատում էին։ Բա այդպես պիտի լինի»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ