«Ավրորա» մրցանակաբաշխության համաշխարհային մեկնարկը

«Ավրորա» մրցանակաբաշխության համաշխարհային մեկնարկը

«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնք փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին: 



Մրցանակն Ավրորա Մարդիգանյանի անունն է կրում, որը Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր եւ եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց եւ աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Մրցանակի հիմքում ինչպես Ավրորայի փրկությունն է, այնպես էլ հազարավոր վերապրումի ու խիզախության անհայտ դրվագներն են, որ եղել են 100 տարի առաջ եւ կան այսօր։



«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:



Այս օրերին Երեւանի տարբեր հատվածներում հայտնված պաստառները՝ «Խիզախություն, նվիրվածություն, ազդեցություն» գրությամբ, ազդարարում են «Ավրորա» մրցանակաբաշխության մասին, որը տեղի կունենա ապրիլի 24-ին:
Խիզախության, նվիրվածության ցուցաբերումը եւ այդ արարքների ունեցած ազդեցությունն այն չափանիշներն են, որոնք մրցանակի ընտրող հանձնաժողովը հիմք է ընդունում հավակնորդներին ընտրելիս։ Իսկ հավակնորդներն ընտրվում են «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի կողմից, որի անդամները մարդու իրավունքների ասպարեզում ձեռքբերումների հասած անհատներ են:



«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը եւ օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։



Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակը շնորհելու է դափնեկրին հենց ապրիլի 24-ին, Երեւանում։ Դափնեկիրն ստանալու է 100 հազար ԱՄՆ դոլարի պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 մլն. ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին։
«Ավրորա» մրցանակի դափնեկիր լինելուն այս տարի հավակնում է 4 հոգի, հավակնորդների ընտրության հիմքում այն բացառիկ ազդեցությունն է, որ նրանց քայլերն ունեցել են մարդկային կյանքի փրկության գործում՝ անտեսելով սեփական առողջությանն ու ազատությանն սպառնացող վտանգները։



Դրանց մեջ է Դոկտոր Թոմ Քաթինան, որը Սուդանի Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի միակ բժիշկն է եւ անձամբ պատասխանատու է տարածաշրջանի 500 հազար բնակչի բուժսպասարկման համար։ Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդիկ, այդ թվում՝ 21 հազար երեխա։ Ազգությամբ թութսի Մարգարիտ Բարանկիցեն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30 հազար երեխայի եւ 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80 հազար մարդ։ Հայր Բեռնար Կինվին Anti-balaka քաղաքացիական պատերազմի ընթացքում ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։



«Ավրորա» մրցանակաբաշխության գլխավոր երգը լինելու է աշխարհահռչակ երաժիշտ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի ստեղծագործությունը՝ «Ավրորայի երազանքը» անունով։ «Վերջին տարիների ընթացքում բոլոր իմ ստեղծած երգերից «Ավրորայի երազանքն» ամենասիրելին է: Ես ուրախ եմ, որ այն ստեղծվել է 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության համար, որը հիանալի գործեր է անում՝ ուշադրություն հրավիրելով ավերիչ ողբերգությունների վրա եւ կարեւորելով այդ իրադրությանն արձագանքող իրական հերոսներին»,- նոր երգի մասին ասել է Թանկյանը:
Մրցանակաբաշխությունը երկօրյա միջոցառումների ընթացքում ապրիլի 23-ին նախաձեռնել է նաեւ Aurora Dialogues քննարկումներ՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ