Հողի դիալեկտիկա

Հողի դիալեկտիկա

Խորհրդային Թալիշը ծաղկուն գյուղ էր: 92-ի հունիսի առաջին օրերին տեսել եմ տնտեսության ցորենի պահեստները՝ բերնեբերան լիքը: Բորսունլուից հակառակորդը կրակել՝ արկը պայթել էր ցորնաշեղջի մեջ, եւ մեր աչքի առաջ հացը մխում, դանդաղ այրվում, դառնում էր խարկաշերտ: Թալիշն ազատագրվեց 94-ի ապրիլին: 22 տարի թալիշցին վերանորոգում էր տունը, զրոյից տնտեսություն ստեղծում: Էտում էր հրդեհված այգին: Խմում էր վերընձյուղված խաղողենուց իր ձեռքով քաշած գինին եւ հավատում, որ ամեն ինչ մնացել է անցյալում: Ապրիլի 2-3-ին Թալիշը կրկին ավերվեց:



Ստեփանակերտում, Շուշիում, Արցախի գյուղերում թալիշցիներ են ապաստանել: Մեծ հոսքը, սակայն, հասել է Հայաստան: Թալիշը ռազմաճակատի առաջին գիծ է, որտեղ մարտերը գրեթե ոչ մի օր չեն դադարում: Ե՞րբ կհաստատվի խաղաղություն: Որեւէ կանխատեսում իրականության հետ շոշափելի հարաբերության մեջ պիտի դիտվի: Այս իմաստով, որպեսզի թալիշցին վերստին բույն հյուսելու գա, անվտանգության հստակ երաշխիքներ են պետք: 94-ին հաստատված զինադադարը խախտված է: Ու, թերեւս, նախկին պարամետրերով չի վերահաստատվելու:



«Մեր վտանգը Գյուլիստանից է»,- իրականությունը հեռուստաեթերում ձեւակերպում է Չարենցավանում ապաստանած թալիշցին: Որպեսզի Թալիշում արշալույսը խաղաղ բացվի, այդ վտանգը չպետք է լինի: Ընտրությունը մեծ չէ՝ կամ բանակցություններ, կամ կանխարգելիչ ռազմական հարված հակառակորդի հենակետերին, այսպես ասած՝ անվտանգության միջավայրի բարելավում: 94-ին հաստատած անվտանգության գոտին արդեն բավարար չէ: Եվ ոչ միայն Թալիշի դեպքում: …Երբ հողը չի հերկվում, կորդանում է: Թալիշում այս տարի դժվար թե աշնանացան արտեր հնձվեն: Այգիների բերքը չի հավաքվի: Ռազմաճակատային գծի հյուսիսային երկայնքով տասնյակ հազարավոր հեկտար հողեր 22 տարի է՝ վերածվել են պարապուտի: Միայն մոլախոտ է աճում: Եվ ասվում է՝ պատերազմում՝ ինչպես պատերազմում…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ