Ժողովրդի թիկունքում իրականացված խարդավանքներ

Ժողովրդի թիկունքում իրականացված խարդավանքներ

Արցախյան քառօրյա պատերազմը ջրի երես հանեց ոչ միայն Հայաստանում առկա, լուծում պահանջող բազմաթիվ հարցեր, այլ նաև թեմաներ, որոնք մինչ այդ չէին քննարկվում, կամ դրանց մասին խոսելը մոդայիկ չէր։ Դրանց թվին կարելի է դասել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Սամվել Բաբայանի հետ կապված առասպելական և նույնչափ էլ առեղծվածային պատմությունները։ Գաղտնիք չի, որ նաև նրա կազմակերպչական մեծ ունակությունների շնորհիվ է մեր ժողովուրդը պատերազմին տարել հաղթանակներ, ինչն անուրանալի է, ու որքան էլ դառը հնչի, նաև նրա մասնակցությամբ են հետպատերազմյան տարիներին կատարվել ներիշխանական ռազբորկաներ Ղարաբաղում, որոնցից ամենաաղմկահարույցն ավարտվել է ԼՂՀ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձով, որի կազմակերպիչը համարվելով՝ Սամվել Բաբայանը ձերբակալվել, դատվել և պատիժը կրել է ազատազրման վայրում։ Համենայնդեպս, այդպիսին է եղել պաշտոնական վարկածը: Իհարկե, հենվելով միայն պաշտոնական կողմի ներկայացրած վարկածի վրա՝ ճիշտ եզրահանգումներ անելը, մեղմ ասած, անշնորհակալ գործ կլինի։ Ինչպես այդ թեման, այնպես էլ ղարաբաղյան պատերազմի ու հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանում և Ղարաբաղում տեղի ունեցած իշխանական խարդավանքների, դավաճանությունների, սպանությունների վերաբերյալ շատ հարցեր առայժմ գտնվում են գաղտնի գրիֆի տակ, ուստի այդ մասին այսօր խոսվում է ժողովրդական բանահյուսության մակարդակով։ 



Քանի որ ստեղծվել է «Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնություն, և մարդիկ արդարացիորեն ձգտում են հասարակական հնչեղության, նաև հասարակական պահանջի ճնշման տակ հայրենիք վերադարձնել հիրավի ազգային հերոս Բաբայանին, ուրեմն ուղտին էլ է հասկանալի, որ նրա հայրենիք վերադառնալու հարցում կան լուրջ խոչընդոտներ։ Պարզ է, որ պատերազմական այս վիճակում այդ խոչընդոտը չի կարող լինել ոչ նյութական և ոչ էլ ֆինանսական, դրանք շատ ավելի հեշտ լուծում պահանջող հարցեր են, քան մարդկային գործոնը, առավել ևս, եթե այդ մարդը, ում հետ կապված է խնդիրը, այժմ երկրի ղեկավարն է և չի պատրաստվում ներել այն, ինչ ժամանակին արել է իր հետ Սամվել Բաբայանը:



Ինչպես ասում են, կան օդից կախված խոսակցություններ, որ պատերազմի տարիներին Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանի հանդեպ արել է էնպիսի բան, որը պատճառով Սերժը Ղարաբաղից հեռացել է այլ երկիր։ 1993թ-ին Սերժ Սարգսյանին այլ երկրից Հայաստան է հրավիրել և նախարարի պաշտոնի նշանակել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սամվել Բաբայանը կալանքից վաղաժամկետ ազատվել և Հայաստան է տեղափոխել արդեն ՀՀ նախագահ դարձած ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջամտությամբ, ում օրոք Սամվել Բաբայանը Հայաստանում զբաղվել է բիզնես գործունեությամբ, հիմնադրել է կուսակցություն, զբաղվել է նաև քաղաքականությամբ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց և Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սամվել Բաբայանը հեռացել է Հայաստանից, և այս անգամ էլ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան է տեղափոխվել ԼՂՀ նախկին նախագահ, Սամվել Բաբայանի կողմից տուժած Արկադի Ղուկասյանը՝ ստանձնելով ինչ-որ մոգոնովի պաշտոն։



Մինչև վերջերս հայաստանյան ներքաղաքական զարգացումները շատերն անվանում էին երեք նախագահների եռանկյունի, բայց ապրիլյան պատերազմը ցրեց այդ միֆը և ցույց տվեց, որ եռանկյունի չի եղել, առավել ևս հիմա կա լավ քողարկված երկու բևեռ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան և Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, Սամվել Բաբայան եռյակներից կազմված: Փաստորեն, նրանց միջև կան ոչ միայն Ղարաբաղի, երկրի ղեկավարման, աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ տարաձայնություններ, այլ նաև լուրջ նստվածք թողած և անձնական ատելության աստիճանի հասցված խնդիրներ, որի արմատները գալիս են դեռևս Ղարաբաղից։



Պատահական չի, որ այդ խնդիրների առկայության պատճառով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես իրեն իրավահաջորդ ցանկացել է տեսնել ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ վարդան Օսկանյանին։ Այս դեպքում անտրամաբանական է, թե ինչո՞ւ պաշտոնավարման ժամկետն ավարտած Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրություններից երկու շաբաթ հետո, երբ երկիրն արդեն ուներ «նորընտիր» նախագահ Սերժ Սարգսյան, հրաման է տվել ժողովրդական բողոքի ալիքը ցրել ուժային ճանապարհով՝ տալով 10 անմեղ զոհ, պատմության գիրկն անցնելով, որպես «ոճրագործ նախագահ»։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ «նորընտիր» նախագահ Սերժ Սարգսյանն էդ ժամանակ չի ըմբոստացել պաշտոնին հրաժեշտ տվող Ռոբերտ Քոչարյանի՝ ժողովրդի վրա կրակել տալու հրամանին․․․ Ինչո՞ւ չի հրաժարվել այդ գնով ստացած ծանր ժառանգությունից․․․ Ինչո՞ւ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանից կրակելու հրաման ստացած ուժային կառույցների ղեկավարները այդ հրամանը չեն համաձայնեցրել «նորընտիր» նախագահ Սերժ Սարգսյանի հետ․․․ Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը չի բացահայտում մարտի 1-ի ոճրագործության մեղավորներին, չի ենթարկում պատասխանատվության․․․ Ինչո՞ւ մարտի 1-ի ոճրագործության մասնակից որևէ ուժային կառույցի ղեկավար չի հեռացվել աշխատանքից․․․ Ինչո՞ւ մարտի 1-ի ոճրագործության հարցերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նախագահ նշանակված ՀՀԿ ոչ կառկառուն անդամ Սամվել Նիկոյանը հանձնաժողովի ուսումնասիրությունները «բարեհաջող ավարտելուց» հետո նշանակվել է ԱԺ նախագահ․․․ Եվ, վերջապես, այդքան մեղքեր իր վզին ունեցող Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ ռիսկով է մտնում քաղաքական դաշտ, թեկուզ՝ միջնորդավորված, չվախենալով իր դեմ այդ մեղքերն օգտագործելու՝ հակառակորդի հնարավորություններից․․․



Մնում է կարծել, որ չի բացառվում, թե Ռոբերտ Քոչարյանն էլ ունի բացահայտելու և ասելու բան, որից անթաքույց վախենում է Սերժ Սարգսյանը։ Հայաստանի և Ղարաբաղի հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու իր թիկունքում կատարված պալատական խարդավանքների մասին, որոնց պատճառով կրել է անդառնալի զրկանքներ, լքել է իր հայրենիքը, դարձել ընչազուրկ՝ իր հաշվին միլիարդատերեր դարձնելով կեղծված ընտրությունների միջոցով իշխանությունը զավթած մի խումբ մարդկանց։



Ստեփան Սարուխանով