Կոլեկտիվը երկատվում է, չգիտի նախկին տնօրենի՞ն ենթարկվի, թե՞ նոր տնօրենին

Կոլեկտիվը երկատվում է, չգիտի նախկին տնօրենի՞ն ենթարկվի, թե՞ նոր տնօրենին

Հին հայկական ընտանիքներում սերունդները սովորաբար նախընտրում էին և շարունակում իրենց ծնողների մասնագիտությունը, մեր օրերում էլ նման դեպքերը բացառություններ չեն, այնպես որ չզարմացանք, երբ տեղեկացանք, որ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի դուստրը՝ Նաիրա Կոստանյանը, նշանակվել է թիվ 12 հատուկ դպրոցի տնօրեն, վերջինս երկար ժամանակ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում էր:



Hraparak.am-ի հետ զրույցում Ռուզաննա Կոստանյան նշեց, որ դուստրը 12 տարվա մանկավարժական փորձ ունի, սակայն չցանկացավ նրա գործունեությունը մեկնաբանել, կամ գնահատել, հորդորեց գնալ և մեր աչքով տեսնել փոփոխությունները:



Մենք անդրադարձել էինք կրթության և գիտության նախարարության նոր «ռազմավարությանը»: Այն է` դպրոցներում արագացնել տնօրենների սերնդափոխությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Երևանի մոտ 22 դպրոցներում ոլորտի պատասխանատուները տարեց փոխտնօրեններին, հիմնականում նախկին տնօրեններին, որոնք թոշակի տարիքը լրանալուց հետո զբաղեցրել են փոխտնօրենների աթոռը, վերջնագիր են ներկայացրել՝ կամ դիմում գրել եւ հրաժարվել փոխտնօրենի «պաշտոնից» եւ մնալ շարքային ուսուցչի կարգավիճակում, կամ հեռանալ «վաստակած հանգստի»:



Ի դեպ, Ռուզաննա Կոստանյանի աղջիկը 34 տարեկան է, տիկին Կոստանյանից խնդրեցինք իր կարծիքը հայտնել սերնդափոխության պրոցեսների մասին. «Իմ կարծիքով երիտասարդներին էլ պետք է տալ հնարավորություն: Երբ 20 տարի առաջ տնօրեն դարձա, 11 տարվա մանկավարժական ստաժ, անցած ճանապարհ ունեի: Եվ այդ ժամանակ կարծեմ ամենաերիտասարդն էի, 97 թվականին եմ նշանակվել, իսկ հիմա հնարավորություն է տրված օրենքով, հավաստագրվում են, ով ունի մանկավարժական ստաժ, ում փաստաթղթերը համապատասխանում է, հավաստագրվում են և նշանակվում: Նաև կողմանկից եմ, ինչո՞ւ ոչ, թող երիտասարդանա: Կան 65 տարեկան կադրեր, որ շատ առույգ են, կարող են աշխատել, կան 30-40 տարեկան, որին ուզում ես անել, չի կարող աշխատել: Դա տեսակ է, ես միանշանակ ասել չեմ կարող ճիշտ է, կամ սխալ է»: Հարցին, արդյոք երիտասարդ և տարեց կադրերն իրար չե՞ն խանգարում դպրոցում, Ռուզաննա Կոստանյանը նշեց, որ նման դեպքեր համենայն դեպս իր մոտ չեն գրանցվել. «Ես երբ տնօրեն դարձա, իմ նախկին տնօրենը խորհրդի նախագահ դարձավ այդ դպրոցում, բայց չուզեց մնալ այդտեղ, մասնավոր դպրոց բացեց: Փառք ու պատիվ իրեն, ապրում է, 80 անց կին է: Ես այդ ժամանակ հիշում եմ, որ ինձ համար դժվար էր, որովհետև կոլեկտիվը երկատվում է, չի իմանում նախկին տնօրենի՞ն ենթարկվի, թե՞ նոր տնօրենին ենթարկվի: Այնքան տարբեր են, չեմ կարող ասել: Կոնկրետ ես ունեցել եմ դժվարություն, իմ տնօրենի մոտ ես տնօրեն էի դարձել, ես դժվար էի կայանում, որովհետև մենակ չէի կայանում: Հետո հները միշտ ուզում են իրենց ձևով, դե նորը նոր բարեփոխումներ է իր հետ բերում, տարիքով մեծերը մի քիչ ավելի կոնսերվատիվ են լինում: Հիմա տեսեք երիտասարդ և տարեց ուսուցիչների մեջ էլ մեծ տարբերություն կա, երիտասարդները նոր տեխնոլոգիաներով են ուզում աշխատել, մեթոդներ են թարմացնում, իսկ մեծերն ամեն տարի մտածում են, որ իրենք գնալու են, այսինքն՝ անելիք չունի»: 



Տիկին Կոստանյան դեռ շատ վերջերս ԿԳ նախարարի փոփոխություն տեղի ունեցավ, ի՞նչ փոփոխություններ եք նկատել դրանից հետո. «Ռազմավարական փոփոխություն իհարկե տեղի չի ունեցել, ես այս նոր նախարարի հետ էլի որպես տնօրեն աշխատել եմ նրա նախարարության ժամանակ: Շատ նորմալ, բոլորի հետ էլ նորմալ աշխատել ենք, բարեկիրթ մարդիկ են: Ավագ դպրոցների ռազմավարական ծրագիրն իրականացնում է, այն ինչ-որ  նախորդ տարիներում չի արվել, կամ ոչ ճիշտ, թերի է արվել, կարծում եմ ինչ-որ քայլեր ուզում են անել, փոփոխություններ իրականացնել: Բայց էական տարբերություն ես չեմ զգում: Հիմա նախարարը հանձնարարել է փոխնախարարին, մի քանի անգամ արդեն ավագ դպրոցի տնօրենների հետ հանդիպումներ է տեղի ունեցել՝ առաջարկություններ, փոփոխություններ: Մենք արդեն ասել ենք ինչն է անհանգստացնում, ինչ ենք ուզում, ինչպես անենք, որ ավագ դպրոցն էլ ավելի լավանա: Հասարակության մեջ ասում են չի կայացել, բայց այդպես ասել միանշանակ, կարծում եմ` ճիշտ չի: Ի վերջո, մեծ բանն արվել է: Մեր առաջարկություններով մենք դիմել ենք նախարարության, տեսնենք, թե ինչ կանեն, ուսումնական ծրագրերում կարող է փոփոխություն լինել: Ի դեպ, ասեմ, որ նախարարը կողմնակից է ծրագրերի թեթևացմանը: Միանգամից չի կարող լինել, ժամանակ է պետք, կարճ ժամանակահատվածում չեմ կարծում, որ փոփոխություններ կլինեն, ի վերջո մենք նախորդ ուսումնական տարվա ծրագրերով և պլաններով ենք աշխատում»:



Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ մամուլում բազմիցս գրվել է «ընտանեկան» այս պաշտոնի մասին: Մասնավորապես շրջանառվում էր հենց տնօրեն մայրերին փոխարինող եկած դուստրերի և այլ հարազատների մասին: Բազմիցս գրվեց Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենին փոխարինող Նատալյա Ստեփանյանի մասին, ով հաջորդում էր մորը, թիվ 125 դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանի դուստրն է, թիվ 19 դպրոցի տնօրենը նույնպես նախկին տնօրենի դուստրն է: