Ականատես կլինենք լուրջ գործընթացի հանգուցալուծման փուլերից մեկին

Ականատես կլինենք լուրջ գործընթացի հանգուցալուծման փուլերից մեկին

Մայիսի 16-ին ամբողջ օրը դեռ հստակ տեղեկություն չկար, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ավստրիայի մայրաքաղաքում կկայանա։ Լրատվամիջոցները գուշակությունների դաշտ էին տեղափոխում հանդիպման հնարավորությունը։ Առաջին հաստատումը, որ ՀՀ և ԱՀ նախագահները հանդիպելու են և քննարկելու են Ղարաբաղի հարցը, ստացվեց ԵՄ դիվանագիտական բարձրագույն հանձնակատար Մոգերինիի շուրթերով։ Նա, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ էին ունենալու երկու երկրների նախագահների հետ։ Լուրը, որ վերջիններիս հանդիպումը կայանալու է, տարածվեց աշխատանքային օրվա վերջին՝17.30։



Հայաստանի նախագահականը լուռ էր։ Հավանաբար, այստեղ խուսափում էին հարցերից, քանի որ եթե պարզվի, որ հանդիպումը կայանալու է, նշանակում է նախագահ Սարգսյանի երեք նախապայմանները՝ Ադրբեջանի գործողությունները հասցեական դատապարտման, միջազգային հետաքննության և շփման գծում նոր ագրեսիայից երաշխավորման մեխանիզմների ներդրման մասին, կատարվել են։ Բայց գոնե իրավիճակը շփման գծում և ԼՂՀ ՊԲ հաղորդագրություններից երևում է, որ դա այդպես չէ։ Անհարմար վիճակը «շտկում» էին հանրապետականները։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, օրինակ, այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Սարգսյանը Վիեննա է մեկնում ոչ թե բանակցելու, այլ բանակցությունները վերսկսելու մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Ընդդիմության ներկայացուցիչ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այս մոտեցումը ծաղր է համարում նախ և առաջ բանակցողի նկատմամբ։



-Ստացվում է, Սերժ Սարգսյանը գնացել է նախապայմանների մասին պայմանավորվելո՞ւ։



- Պատկերացնու՞մ եք, դա ինչքան ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանը գնացել է նախապայմանների մասին պայմանավորվելու։ Եթե ընդդիմությունը ասեր, կարող էին մտածել, որ ընդդիմությունը ծաղրում է։ Բայց մենք գոնե պետական ինստիտուտներին լուրջ ենք վերաբերվում։ Ո՞նց կարող է բարձրագույն պաշտոնյան գնալ և նախապատրաստել իր հանդիպումը։ Այդ աստիճանի կարել՞ի է անլուրջ վերաբերվել։ Մի հավատացեք այն հայտարարություններին, որ սա բանակցություններ նախապատրաստելու համար է։ Նախապատրաստական հանդիպումը նախագահների մակարդակով չեն անում։ Նախապատրաստում են հանդիպումը դեսպանները, փոխարտգործնախարարները, նախարարները, և այն հանրապետականները, որոնք ասում են, որ պետք է նախապատրաստվի նախնական հանդիպում, արժեզրկում են հանդիպման կարևորությունը և բանակցողին։



- Հանրային հեռուստատեսությունն այնպես ներկայացրեց, թե Սերժ Սարգսյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Քերիին և ԵՄ հանձնակատար Մոգերինիին, և այս հանդիպումների արդյունքից է կախված, թե արդյոք կկայանա ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպումը։



-Ակնհայտ էր, որ ակտիվ բանակցային գործընթաց է տեղի ունենում, և դրա գագաթնակետը դարձավ այն, որ անցած շաբաթվա վերջին, հինգշաբթի, եթե չեմ սխալվում, համանախագահերը հայտարարեցին, որ ժամանակն է հանդիպման։ Բնականաբար, բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել նախապես, և ինձ համար զարմանալի է, որ նախագահականը այդքան ձգձգում է հանդիպման հաստատումը։ Հանդիպումը կազմակերպվում է համանախագահող երկրների արտգործնախարարների միջնորդությամբ, և այս ամենը վկայում է, որ կա լուրջ գործընթաց, որի հանգուցալուծման փուլերից մեկին մենք ականատես կլինենք այսօր։



- Երևի, մենք էական որոշու՞մ պետք է սպասենք։



- Աշխարհում այնպիսի վերլուծաբան չկա, որ հստակ ասի, թե ինչ է լինելու։ Երկու կողմերը պետք է գան համաձայնության։ Ամեն մեկն իր դիրքորոշումն ու կարմիր գիծն ունի։ Ակնհայտ է, որ կողմերի դիրքորոշումների մեջ մերձեցում կա։ Բայց արդյոք կհամաձայնվեն, թե ոչ, ենթադրությունների դաշտից է։ Կազանում էլ, Սերժ Սարգսյանը բացահայտեց, որ գնացել էր ստորագրելու մի փաստաթուղթ, մեկ էլ Ալիևը հանդես բերեց 10 նոր առաջարկություն։ Մի պայմանավորվածություն պետք է ձեռք բերվեր, բայց վիժեցվեց այդ ամենը։



- Մեր ԱԳՆ-ի վերջին հայտարարությունները կոշտ էին։ Շավարշ Քոչարյանի շուրթերով այն էին, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, և մենք պետք է խոսենք օկուպացված տարածքների մասին, ոչ թե Ադրբեջանը։ Բայց դուք խոսում եք մերձեցման մասին։



- Հակառակ դեպքում անիմաստ կլիներ մեկնել Վիեննա։ Ուրիշ գործ նա այնտեղ չունի։ Հարցն այն է, որ եղան երեք նախապայմանները, որոնց արդյունքն ու հետևանքը մենք չտեսանք։ Լավ կլիներ, դրա մասին խոսեին՝ թե ինչի համար էին նախապայմանները, և ինչի համար էր հանդիպումը, եթե նախապայմանների կատարումը պետք է հենց մենք անտեսեինք։



Սյուզան Սիմոնյան