Օմբուդսմենն ազատել է կադրերի 20 տոկոսին

Օմբուդսմենն ազատել է կադրերի 20 տոկոսին

ՄԻՊ գրասենյակում կադրային ինտենսիվ փոփոխությունները շարունակվում են։ Օմբուդսմեն, բայց հոգով ու սրտով չինովնիկ Արման Թաթոյանը պաշտոնավարման երեք ամսում, մեր հաշվարկով, մոտ 10 աշխատակցի է հրաժեշտ տվել, այսինքն՝ իր աշխատակազմի 20 տոկոսին։ Եվ սա այն դեպքում, երբ Թաթոյանը դեռ չի հասցրել ոչ թե 10, այլ գոնե մեկ մարդու մատից փուշ հանել կամ միջամտել որեւէ աղմկոտ միջադեպի՝ մարդկանց աջակցելու նպատակով։ Հեռացածներից միայն մեկն է մինչեւ Թաթոյանի նշանակվելը դիմում գրել՝ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։ Մյուսները Թաթոյանի գալուց հետո են ազատվել, ինչը նշանակում է, որ սպասել են՝ տեսնեն, թե արդյոք նոր պաշտպանը կցանկանա՞ իրենց հետ աշխատել, բայց համոզվել են, որ ճիշտը գնալն է։



Նրանց համար նոր գործ գտնելը բարդ է լինելու, նկատի ունենալով ապարատի գալիք կրճատումները։ Ի դեպ, Արման Թաթոյանը կադրերից ազատվելու կոպիտ ձեւ է ընտրել։ Նա սկզբում ազատվում է ղեկավար անձնակազմից, հետո մյուսներին է «մաքրում»։ ՄԻՊ գրասենյակի ղեկավար անձնակազմը 5 հոգի էր՝ օմբուդսմենի 4 տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարը։ Տեղակալներից երկուսն են մնացել՝ Տաթեւիկ Խաչատրյանն ու Մանուշ Միրզոյանը։ Մյուսներից եւ աշխատակազմի ղեկավարից Արման Թաթոյանն արդեն ազատվել է։ ՄԻՊ գրասենյակից մեր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ աշխատանքից ազատվել է աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը: Աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Տիգրան Մարտիրոսյանը:



Տիգրան Արեյանը ՄԻՊ գրասենյակի ամենափորձառու մասնագետներից էր, որը 5 տարի աշխատել է այստեղ։ Աշխատակազմի նոր ղեկավար, փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը եւս նախկին «միպական» է, Թաթոյանի ընկերներից։ Նա օմբուդսմենի գրասենյակից հեռանալուց հետո մի շրջան աշխատեց առողջապահության համակարգում։ Հիմա կրկին վերադարձել է։ Երեք ամսում գրեթե ամբողջությամբ «մաքրվեց» արտաքին կապերի բաժինը։ Այս բաժնի ղեկավարը, նրա տեղակալն ու մասնագետն այլեւս չեն աշխատում։ Այս բաժնից մնացել է մեկ աշխատող՝ խոսնակ Ռոնա Ահարոնյանը։ Ի դեպ, նրան խնդրել էինք ներկայացնել, թե քանի աշխատակից է ազատվել ՄԻՊ աշխատակազմից, քանիսն են արձակուրդում, ովքեր են նոր ընդունվել՝ նշելով նրանց անունները։ Ի պատասխան, մեր ստացած միակ օգտակար տեղեկությունն աշխատակազմերի ղեկավարների փոփոխությանն էր վերաբերում։



Մյուս տվյալների կարիքը չունեինք։ «Ապրիլի 1-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեք աշխատակից՝ Արազ Սարիբեկյանը, Ստելլա Չանդիրյանը, Իվետա Շահբազյանը, գտնվում են կարճատեւ ուսումնական արձակուրդում: Երկու աշխատակից արձակուրդում են բժշկական հետազոտման ենթարկվելու նպատակով, եւս երկու աշխատակից գտնվում են հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: Այս աշխատակիցների անձնական տվյալները չեն հրապարակվում նրանց համաձայնության բացակայության պատճառով»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։



Նախ, մենք ՄԻՊ աշխատակիցների անուններն էինք պահանջել, ոչ թե նրանց առողջական վիճակի մասին տվյալներ։ Երկրորդը. արդեն որերորդ անգամ ՄԻՊ գրասենյակն անգրագիտորեն հղում է կատարում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, որը խնդրահարույց է տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության առումով, սակայն որի առաջին հոդվածի երրորդ կետում սեւով սպիտակի վրա գրված է․ «Սույն օրենքով սահմանված անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չեն տարածվում բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա»։ Եվ երրորդը. ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները, որոնք «ֆիզարձակուրդում» են, մեր աղբյուրների հավաստմամբ, հղիության եւ ծննդաբերության արձակուրդ են գնացել դեռեւս նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի օրոք։ Հետո նրանք հետ են եկել «ֆիզարձակուրդից» եւ կրկին գնացել են, քանի որ օրենքը թույլ է տալիս մինչեւ երեք տարի երեխա խնամել։ Փաստորեն, նրանք ցանկացել են կրկին աշխատել, բայց Թաթոյանը նրանց հետ է ուղարկել՝ երեխաների գիրկը։ Իրոք օմբուդսմենին վայել հումանիստական վերաբերմունք։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ