Վարչապետները եկան, տեսան, ճաշելու են ու գնան

Վարչապետները եկան, տեսան, ճաշելու են ու գնան

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան ժամանեց երեկ ուշ երեկոյան։ Բելառուսը ներկայացնում է վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղրղզստանը՝ այդ երկրի կառավարության ղեկավար Սոռոնբայ Ժեենբեկովը, իսկ Ղազախստանը՝ Կարիմ Մասիմովը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հինգերորդ նիստը Երևանում երկու մասից էր կազմված։ Առաջին մասը փակ էր և նեղ կազմով։ Դրան մասնակցում էին երկրների վարչապետներն ու փոխվարչապետները։ Այն նախատեսվածից երկար է տևել և փակ է եղել մամուլի ներկայացուցիչների համար։ Տեսախցիկները ներսում եղել են մի քանի րոպե ընդամենը։ Հայտնի է, որ փակ նիստի ժամանակ վարչապետները, ի թիվս այլ հարցերի, խոսել են ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին, որի ընդունումը ձգձգվում է։ Հանդիպումներից հետո այս մասին հայտնել է ՌԴ վարչապետը․ «Փաստաթուղթն անհրաժեշտ է, որպեսզի արդեն միջնաժամկետ հեռանկարում` մինչև 2025թ.-ը, մենք հասկանալի կանոններով, աշխատանքի հասկանալի սկզբունքներով միասնական շուկա ունենանք, մենք բոլորս շահագրգռված ենք դրանում։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այսօր մենք կարող ենք որոշում ընդունել հայեցակարգի մասին»։ Չի բացառվում, որ նեղ կազմով նաև քաղաքական հարցեր են շոշափվել։



Երկրորդ մասն անցկացվել է ընդլայնված կազմով և նախապես հայտարարված օրակարգից շեղումներ չեն եղել։ Այսօր երեկոյան հյուրերը մեկնելու են, իսկ պաշտոնական ճաշը տրվելու է Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի գրանդ հյուրանոցային համալիրում, որտեղ և իջևանել էին հյուրերը։ Օրակարգի համաձայն` վարչապետները խոսել են էներգետիկ խնդիրների, նավթի ընդհանուր շուկաների ձևավորման, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի ճանապարհին խոչընդոտների վերացման, Չինաստանի հետ ԵՏՄ համագործակցության զարգացման մասին։ Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման հետ կապված հարցերը քննարկվել են անցյալ տարի, և այս տարի էլ կքննարկվեն։ Այդ համաձայնագրի ստորագրման մասին արդեն մեկ տարի է` խոսում են, և տնտեսագետները թերահավատորեն են վերաբերում դրան։ Առայժմ այս հարցը ընդամենը քննարկումների փուլում է։ Ռուսաստանն ու Չինաստանը ընդամենը պայմանավորվերել են աշխատել առևտրատնտեսական համաձայնագրի կետերի վրա, և աշխատանքն այս տևելու է տարիներ և կարող է ցանկացած պահի կանգ առնել։ Չինաստանի հետ համագործակցությունը թերևս առավել կարևոր է հատկապես Ռուսաստանի համար, որը փորձում է Չինաստանի հետ կապերն ամրապնդելով հակակշռել եվրոպական շուկաների և Արևմուտքի երկրների մոտ քաշային կորուստները։ Հայաստանի համար թերևս, առավել կարևոր են տրանսպորտային հարցերը, ապրանքների ազատ տեղաշարժի հետ կապված։ Ահա ինչու ՀՀ նախագահը, որը ևս մասնակցում է հանդիպումներին, հենց այս խնդիրն է առանձնացրել․«Շատ կարևոր է, որ ընդունվող որոշումները լինեն շոշափելի գործարար միջավայրի, յուրաքանչյուր ապրանքի գնորդի և ծառայության պատվիրատուի համար: Այդ նպատակին հասնելու համար, կարծում եմ, որ ամենակարևոր հարցը խոչընդոտների վերացումն է՝ տեխնիկական խոչընդոտների, որոնք խանգարում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին, դրանով իսկ՝ նվազեցնում ինտեգրացիոն գործընթացներից տնտեսական արդյունավետությունը»։ Այնուհետև նա խնդրել է Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովին ներկայացնել՝ կա՞ արդյոք օրակարգում առկա հարցերի շուրջ ընդհանուր ընկալում, և ինչպիսի՞ արդյունքներ են ակնկալվում այս հանդիպումից, և սա, հավանաբար, պատահական չէր։ ՀՀ նախագահը ընտրել է «ամենադժգոհ» վարչապետին, որը սովորաբար հայատյաց դիրքերից է հանդես գալիս։ Իսկ Կարիմովը հերթապահ պատասխան է տվել․ «Մեզ համար առջևում այսօր աշխատանքային օր է, որի ընթացքում ․․․», և այլն։



Երևանում վարչապետների հանդիպումից հայ հանրությունն այլ սպասելիքներ ունի։ Միջկառավարական նիստը հարմար առիթ էր ՌԴ բարձրագույն ղեկավարության համար Սերժ Սարգսյանին ԼՂՀ խնդրի շուրջ հերթական «խորհրդատվությունը» տալու համար, և ակնկալվում է, որ սա Վիեննայում սկսված գործընթացի շարունակությունն է։ Նախագահականում` Մեդվեդևին ընդունելու ժամանակ նրանք շոշափել են Վիեննայի թեման։ «Հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետևողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք մենք համատեղ ընդունել ենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ՌԴ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանում լարված հետևել են իրադարձություններին, «ուժերի ներածին չափով օգնել են» իրավիճակի կարգավորման։ «Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել է և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում», - խոստացել է Մեդվեդևը։



Սյուզան Սիմոնյան