Սամվել Բաբայանն անպայման կլինի Քոչարյանի թևում

Սամվել Բաբայանն անպայման կլինի Քոչարյանի թևում

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի վերադարձը պայմանավորում է քաղաքական նպատակներով։ «Մենք տեսնում ենք, որ հիմա Հայաստանում այդ 800 հեկտարի շուրջ ձևավորվում է երկու ճամբար։ Մի ճամբարն այն է, որ ասում է, որ այդ 800 հեկտարը մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ էր։ Մյուսը, որ ասում է՝ դա մեծ նշանակություն չունի։ Հետագայում տեղի կունենա այս երկու ճամբարների շուրջ կոնսոլիդացիան, որը 2017 թվականի ԱԺ ընտրությունների նախերգանքն է։ Բնական է, որ Սամվել Բաբայանը այս ճամբարներից որևէ մեկում կտեղավորվի։ Դրա համար է նա հատուկ եկել»,-ասում է Աղասի Ենոքյանը։



- Ո՞ր ճամբարում։ Պատերազմի, թ՞ե խաղաղության։ 



-Իսկ ո՞րն է դրանցից պատերազմինը։ 



-Այսօր կա ԼՂՀ կարգավորման գործընթաց, որի նպատակը պատերազմը ավարտելն է։



-Այն ճամբարում, որը դեմ է կարգավորմանը, այն ճամբարում, որը որ գտնում է, որ կարգավորումը պետք է լինի ռազմական, որ Հայաստանը պետք է դառնա մշտական պատերազմող պետություն, ինչը ևս ուղի է, ես չեմ ժխտում։



-Դուք կիսու՞մ եք կարծիքը, որ նրա մեջքին Ռոբերտ Քոչարյանն է, որը նաև մշտական պատերազմի ծրագրի հետևորդն է։



-Եկեք, այսպես ձևակերպենք։ Այն, որ 800 հեկտար Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հանձնվել է, դա Ռոբերտ Քոչարյանը անպայման պետք է օգտագործի իր 2017 թվականի նախընտրական պայքարում, և Սամվել Բաբայանը անպայման կլինի այդ թևում։ Ուղղակի այստեղ այլ խնդիրներ էլ կան։ Առաջինն այն է, որ Սամվել Բաբայանը Հայաստանում մեծ պրոբլեմներ ուներ և դրա համար էր հեռացել այստեղից։ Նշանակում է` ինչ-որ մեկն իր այդ խնդիրները լուծել է, և երկրորդը՝ նա ինչ-որ շատ հաստատուն ու շեշտված է ընդգծում Մոսկվայի դերի մասին։ Այսինքն, փաստորեն, Մոսկվան իր ձեռքն է վերցնում, ձեր տերմինով ասած, պատերազմի կուսակցության «սպոնսոռությունը»։



-Այդ դեպքում հունիսին ստորագրվող փաստաթուղթն ի՞նչ է լինելու։



-Եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա այդ փաստաթղթում լինելու է այն, ինչի մասին խոսում են կողմերը։ Այսինքն, եթե Հայաստանը ուզում է հասնել անվտանգության երաշխիքների և որպես բարձրագույն երաշխիք ենթադրում է Ղարաբաղի անկախությունը, Հայաստանի համար այնտեղ կլինի Ղարաբաղի անկախության վերաբերյալ որևէ ձևակերպում, իսկ Ադրբեջանը ցանկանում է հասնել Ղարաբաղի շուրջ տարածքների նկատմամբ հսկողության, ուրեմն, այնտեղ, որևէ կերպ էլ այդ հարցը կշոշափվի։ Հարցն այն է, թե անկախությունն ինչպես, երբ, ինչ ձևով կլինի, կամ տարածքները ինչ չափով կնշվեն և անվտանգության ուրիշ ինչ լրացուցիչ երաշխիքներ կլինեն։



-Այսօր հակասական կարծիքներ են հնչում։ Ոմանք ասում են, որ Սերժ Սարգսյանն է Սամվել Բաբայանի պարտքերը փակել, խնդիրները լուծել, ինչպես դուք ասեցիք, մյուսները՝ որ Ռոբերտ Քոչարյանն է դա արել։ Ձեր կարծիքը ո՞րն է։



-Դա բարդ հարց է, և ես չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանն է ուժեղացնում իր ընդդիմադիր թևը, որպեսզի բանակցություններում նա ունենա արգումենտներ ավելի կոշտ դիրքորոշումներ հանդես բերելու։



Սյուզան Սիմոնյան