Մենք էլ ենք մի քիչ զարմացած

Մենք էլ ենք մի քիչ զարմացած

Ես զարմանում եմ, որ ռուսները զարմանում են Նժդեհի արձանի կապակցությամբ: Բայց ես ավելի շատ եմ զարմանում, երբ հայերը զարմանում են, որ ռուսները զարմանում են Նժդեհի արձանի կապակցությամբ: Իսկ ռուսները շարունակում են զարմանալ, որ իրենք արդեն զարմացել վերջացրել են, իսկ հայերը դեռ զարմանում են, որ իրենք զարմացել են Նժդեհի արձանի կապակցությամբ: Մի խոսքով` զարմանքի պակաս չկա:



Մինչև Սիրիայում ռուսական ինքնաթիռի խփվելը, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության էր հասել: Մենք, իհարկե, զարմեցել էինք, որ թուրք ղեկավարները Մոսկվայում նվեր էին տալիս ռուս ցարերին ու նվեր ստանում, պատրաստվում էին Սև ծովի տակով գազամուղ անցկացնել: Հայերը շատ էին զարմացել, բայց ռուսները բացարձակապես չէին զարմացել, որ հայերը զարմացել են, որ իրենք հայերի դարավոր թշնամու հետ քիրվա են: Իսկ ռուսները չէին զարմացել, որովհետև չգտնվեց մի հայ, որ նրանց փոխանցեր մեր զարմանքը:



Մենք ավելի շատ զարմացանք, երբ մեր ռազմավարական դաշնակիցը զենք տվեց մեր թշնամի Ադրբեջանին: Մենք մի թեթև հասկացրեցինք, որ զարմացել ենք, ռուսներն էլ մի թեթև ասացին որ իզուր եք զարմացել և անցավ գնաց:



Մենք ահավոր զարմացած ենք, որ ռուսները ոչ մի կերպ չհամաձայնեցին Պերմյակովին հայկական կողմին հանձնել, բայց իրենց մոտ դատված հայ վարորդին էլ չեն հանձնում Հայաստանին... Դե թող մեկը հայտարարի, որ Հայաստանը զարմացած է...



Ոչինչ, Եվրո-2016-ի շրջանակներում ռուսները լիքը զարմանալու առիթ կունենան: Հայաստանում այսօր չկա մի մարդ, որ ցանկանա ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հավաքականի հաղթանակը: Առնվազն 100-150 հայ քաջազուն քաղաքական գործիչ իր կարծիքն է փոխանցել, նշել իր սիրելի հավաքականը: Եվ ոչ մեկը` ոչ իշխանությունից և ոչ էլ ընդդիմությունից, Ռուսաստանի անունը չի տվել: Ավելին, ես քաղաքական գործիչ ու քաղաքական վերլուծաբան գիտեմ, որ քիչ է մնացել իրեն Կիևյան կամրջից գցի, ինչ է, թե Ռուսաստանը Անգլիայի հետ խաղի վերջին վայրկյաններին հավասարեցրել է հաշիվը: Դե թող գնան ու զարմանան:



Բայց մի՞թե կարելի է այսքան զարմացնել միմյանց ու դեռ ռազմավարական դաշնակից համարվել:



Էդիկ Անդրեասյան