«Լուսանցքում» մնացածները՝ ընտրություններին ընդառաջ

«Լուսանցքում» մնացածները՝ ընտրություններին ընդառաջ

ԱԺ անկախ պատգամավորները, որոնք ֆորմալ առումով տարբեր խմբակցությունների անդամներ են, բայց տարբեր պատճառներով այլեւս հանդես չեն գալիս այդ խմբակցության անունից, նախընտրական այս տարում հայտնվել են բավականին բարդ իրավիճակում։ Բանն այն է, որ իրենց պատգամավոր դարձրած կուսակցությունների կամ դաշինքի հետ հարաբերությունները խզելուց հետո նրանք հայտնվել են լուսանցքում։ Եվ եթե կրկին ցանկանում են հայտնվել խորհրդարանում, պետք է կա՛մ անդամակցեն որեւէ կուսակցության, կա՛մ մտնեն որեւէ քաղաքական ուժի ցուցակ։ Այդպիսի պատգամավորներից է «Ժառանգություն» կուսակցությունն անցյալ տարի լքած, նախկինում դաշնակցական Ռուբիկ Հակոբյանը, որը հիմա ազատ, անկախ եւ առանց որեւէ կուսակցական անդամատոմսի ֆռֆռում է՝ չխոսելով իր պլանների մասին։ Թեպետ խոսակցություններ կան, որ Հակոբյանը մտադիր է վերադառնալ իր նախկին աշխատանքին՝ դիվանագիտական ոլորտ. ժամանակին նա Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսն էր։ Դրանով նա ուղղակի գլուխն ազատել է քաղաքական գաղջից էլ, լրագրողների հարցերից էլ, քաղաքական գզվռտոցներից էլ։ Բայց նա եւս սպասում է՝ ցանկացած նշանակում իրականություն կդառնա ընտրություններից հետո։ Եվ մինչեւ խոստումն իրականություն դառնա, շատ ջրեր կարող են հոսել։



«Որեւէ պլան ես չունեմ առայժմ»,-երեկ մեր հարցը լսելուն պես կտրուկ պատասխանեց Ռուբիկ Հակոբյանն ու անջատեց հեռախոսը։ Նույն խմբակցության մեկ այլ անդամ՝ անկուսակցական Թեւան Պողոսյանի մոտ էլ է անորոշ վիճակ։ Նա ասում է, որ չի շտապում մտածել այդ ուղղությամբ։ Պողոսյանն էլ, հիշեցնենք, «Ժառանգություն» խմբակցության անդամ է, բայց «ժառանգական» տուրուդմփոցներից հետո հայտարարեց առանձին հանդես գալու մասին եւ գլուխը կախ իր գործն է անում՝ անկախ ու անկաշկանդ։ «Չեմ պատրաստվում հիմա մտահոգվել այդ հարցով, ունեմ աշխատանք, նվիրված մինչեւ վերջ աշխատելու եմ, փորձելու եմ, ինչ անում եմ, անեմ այնքան որակով, որ ապացուցեմ, որ կարելի է ե՛ւ բարոյական լինել, ե՛ւ օրինապաշտ լինել եւ ոչ թե այլ խնդիրներով զբաղվել, այլ քո աշխատանքը, ինչի համար որ ընտրվել ես եւ աշխատում ես, կատարել։ Դրանից հետո՝ վերջում, կնայեմ, եթե կլինի որեւէ կուսակցություն կամ քաղաքական ուժ, որը կկիսի այդ մոտեցումները, որոնք ես ունեմ, այդ ժամանակ նոր կմտածեմ՝ արդյոք իմաստ կա՞ իրենց հետ գնալու, թե՞ ոչ»,-ասաց Թեւան Պողոսյանը։ Բայց սա պատգամավորի առաջին «եթե»-ն է։ Կան նաեւ երկրորդ եւ երրորդ «եթե»-ներ։



Երկրորդ «եթե»-ն այն է, որ եթե ինքը նման որոշում կայացնի, տվյալ թիմն էլ պետք է իրեն ընդունի կամ չընդունի։ «Բայց ամենակարեւոր «եթե»-ն այն է, որ ես, ինչպես միշտ, գնալու, վերադառնալու տեղ ունեմ եւ խնդիրը դիտարկելու եմ հետեւյալ իմաստով՝ արդյոք ես ցանկանալո՞ւ եմ վերադառնալ իմ սիրելի աշխատանքին, որը կատարում էի մինչեւ պատգամավոր լինելը, թե՞ կցանկանամ ավելի շատ քաղաքական դաշտում գործունեություն ծավալել։ Այնպես որ, այդ հարցով դեռեւս չեմ մտահոգվում»,-ասաց նա՝ նշելով, որ այդ իմաստով առայժմ որեւէ բանակցություն որեւէ մեկի հետ չկա։ Պողոսյանը նշեց նաեւ, որ իր համար գերնպատակ չէ անպայման պատգամավոր լինելը։ «Դե, դա ես մի անգամ ապացուցել եմ, որ կարող եմ շատ հանգիստ մանդատը դնել եւ հեռանալ։ Դրանից հետո խնդիրը եղել է այլ դաշտում, որ ես նորից հետ եմ եկել»,-ասաց նա՝ հիշեցնելով իր հրաժարականի դիմումը, որը համոզեցին ետ վերցնել։



ՀԱԿ խմբակցության անդամ, ՀԱԿ-ից նեղացած ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ի տարբերություն Պողոսյանի եւ Հակոբյանի, ակտիվ քննարկումների եւ շփումների մեջ է տարբեր ուժերի հետ, բայց, ինչպես ինքն է ասում, ո՛չ փնտրտուքների։ Նա, ասում են, ԲՀԿ-ի ու նրա ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ է ակտիվ շփումների մեջ, բայց նաեւ այլ ճակատներ էլ կան, որոնց հետ բանակցում է։ «Ճիշտն ասած՝ ես ինքս առանձնապես փնտրտուքի մեջ չեմ, բայց քաղաքական ուժեր կան, որ ինձ հետ որոշակի հարաբերություններ հաստատել են, եւ մենք մտածում ենք դրա շուրջ։ Էնպես որ, էն լուրերը, որ ես փնտրտուքի մեջ եմ, էնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Եվ կարծում եմ, որ հիմա շատ խառնվելու եւ փնտրելու կարիք էլ չկա, որովհետեւ ամեն օր իրավիճակ է փոխվում, եւ պետք է սպասել զարգացումներին։ Ըստ դրա էլ կառաջնորդվենք»-ասաց նա՝ չցանկանալով փակագծերը բացել, թե որ քաղաքական ուժերի հետ են իր շփումները։



Նա նշեց, որ իր ՎՍԴՀԿ կուսակցությունը մտադիր է մասնակցել հաջորդ ընտրություններին։ Ցանկացած պարագայում շատ ակտիվ մասնակցություն են պատրաստվում ցուցաբերել ինչպես խորհրդարանական, այնպես էլ այս տարվա ՏԻՄ ընտրություններին. «Հատկապես Վանաձորում շատ մեծ հնարավորություններ կան, մեր կառույցն էնտեղ բավականին ակտիվ կառույց է, չեմ բացառում, որ դա կարող է լինել մասնակցություն դաշինքով։ Բայց դա եւս քննարկման փուլում է»։ Մեր հարցին՝ իր շփումները հիմնականում նորաստե՞ղծ կուսակցությունների հետ են, թե՞ հների, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Նաեւ հին, արդեն բավականին լուրջ ճանապարհ անցած կուսակցությունների հետ»։ Օրինակ՝ ԲՀԿ-ի հե՞տ։ «Չի բացառվում՝ նաեւ ԲՀԿ-ի հետ, ինչո՞ւ ոչ։ Բայց Դուք ուզում եք ինձանից կորզել այն, ինչ որ ես դեռ չեմ ուզում ասել»։



Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ից դուրս եկած եւ անկախ կարգավիճակում գտնվող պատգամավոր Արագած Ախոյանն էլ ասաց, որ որեւէ որոշում դեռեւս չկա։ Ինքը պետք է նախ խորհրդակցի իր թիմի հետ՝ իր մտերիմների, որոնք կուսակցականներ չեն։ Իսկ այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ քննարկումներ կա՞ն։ Ախոյանն ասաց՝ ոչ։ Իսկ ավելի շատ հակված է իշխանակա՞ն որեւէ ուժի հետ համագործակցել եւ նրա ցուցակում ընդգրկվել, թե՞ ընդդիմադիր։ Այստեղ Ախոյանը հիշեցրեց. «Ես մի աֆորիզմ ունեմ, որ այսօրվա ամենամեծ խորամանկությունն անկեղծությունն է։ Եվ, անկեղծ ասեմ, որ ես կարող է իշխանամետ չլինեմ, բայց պետականամետ եմ»։ Մենք էլ նրան հիշեցրինք, որ իր նախկին կուսակից Վահան Բաբայանը նոր կուսակցություն է հիմնել՝ «Ռեֆորմիստների», որը նա համարում է հենց պետականամետ կուսակցություն, հնարավո՞ր է անդամակցի այդ կուսակցությանը։ «Ոչ, նման ցանկություն չունեմ»,-հակիրճ պատասխանեց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ