Կարող է մի 18 հազար էլ ծպտյալ քրիստոնեադեմոկրատներ լինեն Գյումրիում

Կարող է մի 18 հազար էլ ծպտյալ քրիստոնեադեմոկրատներ լինեն Գյումրիում

Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը բազմիցս է հայտարարել, որ կուսակցական չի ցանկանում դառնալ, բայց մտադրություն ունի մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Մասնակցությունը նա պատկերացնում է ոչ թե որեւէ կուսակցությանն անդամակցելով եւ տվյալ կուսակցության ցուցակում հայտնվելով, այլ դաշինքի միջոցով։ Այս իմաստով դեռեւս բանակցություններ են ընթանում տարբեր ուժերի հետ, բայց դեռ հստակ որեւէ բան չկա։ Լինելուն պես կհայտարարի։



«Հարցն ընդդիմադիր հնարավոր ուժերի համախմբումն է եւ դաշինքով հանդես գալը։ Դեռ բանակցություններ են ընթանում, բայց դեռ որեւէ կոալիցիայի մասին որեւէ հայտարարություն չկա։ Եթե լինի պատշաճ որեւէ դաշինք, այսինքն՝ ես հասկանամ, որ էնտեղ չկան վարկաբեկված ուժեր, ես կուզենամ լինել այդ դաշինքի ցուցակում՝ որպես ավագանու անդամի թեկնածու»,-երեկ մեր զրույցում ասաց նա։



- Իսկ Ձեզ համար կա՞ն այնպիսի ուժեր, որոնք վարկաբեկված չեն, եւ հնարավոր եք համարում նրանց հետ միասնաբար հանդես գալը։



- Ես համարում եմ, որ «Ժառանգությունը», ԳԱԼԱ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը», ՀԱԿ-ը, «Հայազնը»... էլի կարելի է գտնել. ահա, այս ուժերը կարող են լինել համախմբված, եւ ես որեւէ կանխակալ դիրք չունեմ այդ հնարավոր դաշինքում լինելու։ Հիմա բոլորն իրար հետ բանակցում են՝ ինչքան հասկանում եմ։ Բոլորի մասին էլ ինտենսիվորեն լուրեր են տարածվում՝ տարբեր չափով, տարբեր դրվագներով, որ սա իշխանության դրածոն է, էս մեկն օլիգարխներինն է, էն մեկը չգիտեմ ումն է եւ այլն։ Բայց ճշգրիտ փաստեր ոչ մեկը չունի դեռ։ Էդ ուժերի մի մասը մյուսի հետ խնդիրներ ունի՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ներքաղաքական, իրար հետ վիճում են, հակամարտում են, բայց գուցե տեղական մակարդակով դաշինքի գան։



- Քանի որ համախմբումից խոսեցիք՝ հարցնեմ. «Համախմբում» կուսակցության մասին ի՞նչ կասեք, նրանք էլ վերջերս Գյումրիում տարածքային կառույց բացեցին եւ մտադիր են մասնակցել ՏԻՄ ընտրություններին։



- Ես չեմ շփվել հետները՝ ճիշտն ասած։ Ես կարծում եմ, որ Օսկանյանն ընդհանրապես բացատրություն ունի տալու հայ հասարակությանը՝ Քոչարյան Ռոբերտին Մարտի 1-ին սատարելու մասով։ Արտաքին քաղաքականության մասով նույնպես ես համարել եմ, որ կոպիտ սխալներ են եղել, բայց դա ուրիշ խոսակցություն է։ Իսկ Քոչարյանին սատարելու մասով Հայաստանում մարդու իրավունքները ճնշելու, բռնանալու օրվա հետ կապված՝ նա հանրությանը բացատրություն ունի տալու։ Ես առայժմ որեւէ հանդիպում չեմ ունեցել իրենց հետ, իրենք ինձ հետ որեւէ հանդիպում չեն ունեցել։ Կուզենան խոսել՝ կխոսենք, չեն ուզենա՝ չենք խոսի։ Կտեսնենք, թե ինչպիսի քննարկումներ ու բանակցություններ կլինեն էս ուժերի հետ։ Ես չեմ ուզում ինչ-որ բան հրահրել արհեստական, որ գնանք, նստենք-խոսենք... չէ, բնական ճանապարհով թող լինի։ Ի վերջո, եթե կպարզվի, որ չեն դաշինքվում, ամեն մեկն իր համար է գնում, թող էդպես լինի։



- ՀՀԿ-ի թեկնածուն արդեն պարզ է՝ Սամվել Բալասանյանը, որը կգլխավորի ՀՀԿ ցուցակը՝ ՀՀԿ-ական չլինելով, եւ ՀՀԿ-ն էլ ընտրության կգնա Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ կուսակցության հետ դաշինքով։ Դուք սրա վերաբերյալ ի՞նչ կարծիքի եք։



- Էս մասով ամենաառաջինն էն կասեմ, որ ՀՀԿ-ն այս քայլով ընդունում է իր խայտառակ ձախողումը Գյումրի քաղաքում այն իմաստով, որ մեծ-մեծ խոսող այդ կուսակցությունը որեւէ հանրապետական թեկնածու չունեցավ, ըստ էության։ Մյուսը․ Հանրապետականը, ամենայն հավանականությամբ, փորձում է ինչ-ինչ դիվիդենտներ շահել գործող քաղաքապետին իր ցուցակում առնելու միջոցով։ Իր վարկանիշը գուցե կբարձրացնի, բայց Սամվել Բալասանյանինը, բնականաբար, ընկնում է։ Դե, բնական է, Հանրապետականի հետ համագործակցողների ճակատագիրը պարզ է, թե ինչ է լինում. կորցնում են էդ մարդիկ՝ անկախ ամեն ինչից։ Հիմա տպավորություն կա նաեւ, որ ՀՀԿ-ն Սամվել Բալասանյանի միջոցով փորձում է իր հանրապետականներին խցկել ավագանու կազմ, իսկ սա ընդհանրապես ռիսկային է իր քաղաքապետացուի համար։ Այսինքն՝ էգուց-մյուս օրը կարող է պարզվի, որ իրենց կողմից ընտրված ՀՀԿ-ական ավագանու անդամների կեսից քիչն ընդհանրապես սատարի Բալասանյանին։



- Իսկ Խոսրով Հարությունյանի Քրիստոնեադեմոկրատական միության հետ դաշինքի մասի՞ն ինչ կասեք։



- Շատ զվարճալի պատմություն է դա, ճիշտն ասած։ Երեւի սեր է, ուրիշ բացատրություն ես չունեմ, որովհետեւ մատների վրա կարելի է հաշվել ՀՔԴՄ-ի ներկայացուցիչներին Գյումրիում։



- Ինձ ասացին՝ մոտ 180 անդամ ունեն այդտեղ։



- 180... դա շատ լուրջ թիվ է, կարող է մի 18 հազար էլ ծպտյալ քրիստոնեադեմոկրատներ լինեն, որոնք վերջում բացահայտվեն։ Դա զարմանալի բան է։ Զարմանալի է, թե ինչու էդ միավորման մեջ չկա Գեղամյանի կուսակցությունը, Բաբուխանյանի կուսակցությունը, ՕԵԿ-ն ինչու չկա էդտեղ... բայց ես մի բան եմ կասկածում՝ ավելի լուրջ. երեւի թե Բալասանյանը չի կամեցել լինել որեւէ մի կուսակցության ցուցակում՝ որպես թեկնածու։ Երեւի ասել է՝ «որ դաշինք լինենք, դաշինքով ավելի ազդեցիկ կլինենք, համ էլ ինձ չեն ասի, որ դու հանրապետական ես, հիմա պիտի ասեն, որ՝ դաշինքի ցուցակում ես»։ Դե, մարդը երեք անգամ կուսակցություն է փոխել, հիմա չի բացառվում, որ ճնշեն, ասեն՝ արի դարձիր հանրապետական։ Չնայած երկու օր առաջ ասաց, որ՝ չէ, ոչ մի դեպքում ես ՀՀԿ-ական չեմ դառնա, բայց մյուս կողմից հարցնել է պետք, թե՝ եղբայր, դու ԲՀԿ-ից հրաժարվելուց հետո չորս անգամ հայտարարել ես, թե «ես քաղաքական ֆիգուր չեմ, ես քաղաքականության հետ կապ չունեմ», էդ ո՞նց եղավ, որ որոշեցիր, ամեն դեպքում, քաղաքականության հետ կապ ունենալ։ Ես կարծում եմ, որ էդ ցուցակը կազմելիս լուրջ վեճեր են առաջանալու Բալասանյանի եւ ՀՀԿ-ի միջեւ։ Բալասանյանը կամենալու է, որ այդ ցուցակում կեսից ավելին լինեն իր մարդիկ, եւ ՀՀԿ-ն էլ երեւի կամենալու է, որ կեսից ավելին լինեն իրենց մարդիկ։ Վերջիվերջո, այս վեճը կարող է հանգուցալուծվել Բալասանյանի ՀՀԿ-ական դառնալով։



ՀԳ. Հարցազրույցից հետո տեղեկացանք, որ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» եւ Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ կուսակցություններն էլ են հայտարարել Սամվել Բալասանյանին սատարելու մասին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ