Արծվիկ Մինասյանը խուսափեց «սենսացիա» բացահայտելուց

Արծվիկ Մինասյանը խուսափեց «սենսացիա» բացահայտելուց

Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանն այսօր այդպես էլ չհրապարակեց այն անունները, թե ովքեր են երկրի մոնոպոլիստները։ Մինչդեռ նա այդ մասին խոստացել էր դեռ մայիսի 18-ին՝ վարչապետի հանձնարարականի շրջանակներում, որ ուսումնասիրեն դաշտը, պարզեն՝ որ ոլորտներն են մենաշնորհային և ովքեր են դրանց հետևում կանգնած։



Hraparak.am-ի հարցին, թե վարչապետի հանձնարարականից հետո ի՞նչ նորություն կա, ի՞նչ են արձանագրել այս ամիսներին, Մինասյանը նախ տվեց, որ 15 ապրանքային շուկաներում հուշաթերթերի պատրաստման մասին հանձնարարականը կատարվել է, ներկայացվել է կառավարություն և շուտով կհրապարակվի բոլոր այդ ապրանքատեսակների մասով ամբողջ ներմուծման ընթացակարգը։



Ինչ վերաբերում է անուններին, թե ովքեր են մոնոպոլիստները կամ ովքեր ունեն գերիշխող դիրք այս կամ այն ոլորտում, Մինասյանն ասաց, որ երբ ոլորտների մասին ենք խոսում, անուններ հրապարակելն անիմաստ է դառնում։ Հետո նշեց, որ իրենց գլխավոր խնդիրը օրենսդրական նոր վերանայումների իրականացումն է, և այս պահին նաև հայեցակարգի մշակման աշխատանքնմեր են իրականացվում։



Մենք նորից փորձեցինք ճշտել՝ ովքե՞ր են այդ մենաշնորհային համարվող ոլորտների հետևում կանգնած։



«Բոլոր նրանք, ովքեր որ այս կազմակերպություններում խոշոր բաժնետերեր են, ակնհայտ է դա։ Այսինքն՝ այստեղ երկրորդ հարց չի կարող լինել։ Ցանկացած բաժնետեր, ով որ այսպիսի կազմակերպություններում ունի մասնակցություն, բնական է, որ ինքն է շահագրգռված»,-նորից խուսափեց հարցին ուղիղ պատասխանելուց ՀՅԴ-ական նախարարը։



Hraparak.am-ը նորից պնդեց, որ հանրությանը անուններ են հետաքրքրում, բայց Մինասյանը մնաց անդրդվելի։ «Անունները դուք ինձնից շատ լավ գիտեք, և տնտեսական քաղաքականությունն ավելորդ վերածել նեղ և փոքր խմբային, անձնական մոտեցումներին, ես պատրաստ չեմ, որովեհտև իմ գլխավոր խնդիրը՝ որպես էկոնոմիկայի նախարարի, համակարգային լուծումներ առաջարկելն է կառավարությանը՝ ոլորտներն ազատականացնելու ուղղությամբ»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ լրագրողներն հարցը տալիս են ու անհամբեր սպասում ե, որ սենսացիա բացահայտվի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ