«Շեղշե լա ֆամ»՝ Ազգային ժողովի համար

«Շեղշե լա ֆամ»՝ Ազգային ժողովի համար

Բանից պարզվում է՝ Հեղինե Բիշարյանը կամ Նաիրա Զոհրաբյանը քիչ են մեր ազգի համար։ Նրանցից հաջորդ խորհրդարանում շատ ավելի շատ կլինեն։ Կավելանան նաեւ մարգարիտեսայանները, նաիրակարապետյանները, ռուզաննամուրադյանները եւ մյուս կին պատգամավորները։



Նոր Սահմանադրության ու նոր Ընտրական օրենսգրքի պահանջն է այդպիսին՝ մինչեւ 2021 թվականն անցկացվող Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների ցուցակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը։ ԸՕ 83-րդ հոդվածի 4-րդ մասով էլ նախատեսվում է 2021-ից հետո այն հասցնել 70/30 հարաբերակցության։ Քանի որ պարզ է, որ ցուցակում մեծամասնություն կազմելու են տղամարդիկ, հետեւաբար ստացվում է, որ նոր Ընտրական օրենսգրքով պարտադրվում է, որ կուսակցությունների կամ կուսակցություններից բաղկացած դաշինքների ներկայացրած ցուցակի առնվազն ¼-ը կին լինի։ Ընդ որում, առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր քառյակում մեկական կին՝ 1-4, 1-8, 1-12։ Թե ինչպես են կարողանալու մեր կուսակցություններն իրենց ցուցակներում պատգամավորացու կանանց ներառել, դժվար է ասել։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ սա բարդացնելու է որոշ կուսակցությունների կյանքը ընտրություններին մասնակցելիս։ Առանց այդ էլ նոր ԸՕ-ով սահմանվում է, որ համամասնական ցուցակները պետք է բաղկացած լինեն նվազագույնը 80 անդամից, իսկ տարածքային (ռեյտինգային համարվող) ցուցակներում էլ պետք է ամեն կուսակցություն նվազագույնը 5 թեկնածու ունենա։ Հիմա էլ պետք է դեռ մի բան էլ իգական սեռի որակյալ կադրեր գտնեն ու ընդգրկեն ցուցակներում։



Գնահատելով 2012-ին ՀՀԿ ցուցակով խորհրդարան անցած թվով 7 պատգամավորներին՝ իրենց ելույթներով, օրենսդրական աշխատանքով, որակական հատկանիշներով, կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ում եւս լուրջ խնդիր ունեն որակյալ կին կադրերի հարցում։ Նկատենք, որ նախորդ Ընտրական օրենսգրքով այս հարաբերակցությունը 20/80 էր։ Մյուս կողմից՝ փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ զարգացած երկրներում լավագույն քաղաքական գործիչներ ու ղեկավարներ են դառնում հենց կանայք։ Բայց մենք դեռ կարծրատիպային հասարակություն ենք, դեռ մտածում ենք, որ կինը պետք է մնա խոհանոցում, ճաշ եփի ու երեխա պահի, առավելագույնը՝ դպրոցում մանկավարժ աշխատի։ Քաղաքականություն մտնող, «պադավատով» աշխատանքի մեկնող ակտիվ կնոջն էլ մեր հասարակությունը մերժում է, բամբասում, ինչը կաշկանդում է հայ կնոջը՝ զբաղվել քաղաքականությամբ, զբաղեցնել պետական պաշտոններ։



ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ օրենքի այս կետը, միանշանակ, կնպաստի կանանց ներգրավվածության խնդրի կարգավորմանը։ Իսկ ի՞նչ խնդիր ենք ուզում դրանով լուծել, եւ արժե՞ պարտադրանքի ուժով կանանց մտցնել քաղաքականություն՝ այն դեպքում, երբ մենք այսօր չունենք բավարար թվով իգական սեռի որակյալ կադրեր։ Ի վերջո, ցանկացած կուսակցություն, եթե նկատի, որ իր անդամների մեջ կան խելացի, ակտիվ կանայք, կներգրավի նրանց ցուցակում։ Մուկուչյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ դրանով չի ապահովվում որակական խնդիրը։ Օրենսդիրն ամրագրել է նման մոտեցում, որով, ըստ էության, հավասար պայմաններ են առաջարկում բոլոր կուսակցություններին։ Եվ ես կարծում եմ՝ նշված իրավանորմի ամրագրումը հանգեցնելու է նրան, որ ներգրավվեն կանայք եւ ակտիվ մասնակցություն ունենան քաղաքականության մեջ»։



ԱԺ ԲՀԿ խմբակցության կին պատգամավորներից Էլինար Վարդանյանը, որն այժմ նորաստեղծ «Համախմբում» կուսակցության վարչության անդամներից է, մեզ վստահեցրեց, որ օրենքի այս նորմը որեւէ խնդիր չի առաջացնի իրենց համար։ «Ցուցակի մասին այս պահին վաղ է մտածելը, բայց էն, որ մենք ունենք շատ ակտիվ կանայք, ընդ որում՝ առանձին տեղերում հենց գրասենյակների ղեկավարներն են, դա խոսում է այն մասին, որ կանայք, իրականում, ունեն մեծ ներգրավվածություն։ Վստահ եմ, որ օրենքի այս պահանջը որեւէ խնդիր չի առաջացնելու»,-ասաց նա։ Նորաստեղծ մեկ այլ կուսակցության՝ «Լուսավոր Հայաստանի» վարչության անդամ Հայկ Կոնջորյանն էլ ասաց, որ ընդհանրապես ակտիվ կանանց ներգրավվածությունը պրոբլեմ է ոչ միայն իրենց կուսակցությունում, այլեւ ամբողջ Հայաստանում։ «Դա շատ կարեւոր հարց է, որ մեր կուսակցությամբ, այդ նույն օրենսդրական նախաձեռնություններով, տարբեր տեսակի միջոցառումներով փորձում ենք հնարավորինս կանանց ինտեգրել քաղաքականության մեջ, որ ոչ թե կինը ցուցակում հայտնվի որպես ուղղակի դեկորատիվ մի բան, այլ լինի կին, որն իրապես ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, ինքն իրեն դիտարկում է որպես քաղաքական սուբյեկտ։ Հենց դրա վրա ենք մենք աշխատում ու, բնականաբար, մենք ունենալու ենք էդպիսի կանայք»,-ասաց Հայկ Կոնջորյանը։ Նա նշեց, որ իրենց կուսակցության խորհրդի ակտիվ կին ներկայացուցիչներից են Մանե Թանդիլյանը, Անի Սամսոնյանը։ Տվեց նաեւ Սրբուհի Գրիգորյանի անունը, որը Սիսիանի իրենց գրասենյակի ղեկավարն է, եւ չբացառեց, որ Սիսիանի քաղաքապետի ընտրություններին հենց նրա գլխավորությամբ էլ մասնակցեն։



Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսից» էլ ասացին, որ ունեն ակտիվ կին անդամներ։ «Մեր կուսակցությունում կանանց ներգրավվածությունը բավարար է, նույնիսկ շատ ավելի մեծ, քան շատ կուսակցություններում։ Իսկ օրենքի պահանջին պետք է ենթարկվենք, իհարկե։ Կարծում եմ՝ խնդիր չի լինի։ Այս պահի դրությամբ մեզ մոտ կան բավական չափով ակտիվ հասարակական եւ քաղաքական գործունեություն ծավալող կանայք»,-ասաց «Ալյանսի» մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը։



Ի տարբերություն նորաստեղծ կուսակցությունների՝ ավանդականներում այս հարցում որոշ խնդիրներ կան։ Եվ խնդիրներն ավելի շատ ոչ թե որակյալ կին կադրերի «հայթայթման» մեջ են, այլ մենթալիտետի ու մտածելակերպի։ Դաշնակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից իմացանք, որ ավանդական ու հնամենի ՀՅԴ-ում էլ կանանց խնդիր կա։ Իր տեսակով «որձ» այս կուսակցությունում տղամարդիկ չեն համակերպվում օրենքի այս պահանջին, որ իրենց փայլուն արուների փոխարեն ինչ-որ անհասկանալի էգեր են տեղ զբաղեցնելու խորհրդարանում։ ՀՅԴ-ում գործում է տղամարդկային դոմինանտության սինդրոմը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ