Տվե՛ք այդ անունները, Պարոն Մինասյան, մի՛ վախեցեք

Տվե՛ք այդ անունները, Պարոն Մինասյան, մի՛ վախեցեք

Հետ բերեք Կարեն Ճշմարիտյանին։ Ինչո՞վ էր նա վատը Արծվիկ Մինասյանից, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում հենց նրան զոհաբերեցին հանուն ՀՅԴ-ի։ Նա էլ էր կարողանում վարժ ընթերցել ոչ մեկին ոչինչ չտվող թվային ցուցանիշները, Մինասյանն էլ։ Նա էլ էր կարողանում մեր հարցերին լղոզված ու ոչինչ չասող պատասխաններ տալ, Մինասյանն էլ։ Նա էլ չէր համարձակվում պայքարել մոնոպոլիաների դեմ ու տալ անուններ, Մինասյանն էլ։ Նրա մոտ էլ էր ամեն ինչ սկսվում ու ավարտվում ինչ-որ էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ ու հայեցակարգերի մշակմամբ, Մինասյանի մոտ էլ։ Էլ ինչո՞ւ իզուր Արծվիկ Մինասյանն իր ընդդիմադիր, հնարավորինս չփչացած, ծանր տեղը թեթեւացրեց ու եկավ-մտավ գործադիր, որ հարցնենք՝ ովքե՞ր են մոնոպոլիստները, ասի՝ անհամբեր սպասում եք, որ սենսացիա՞ բացահայտեք։



Երեկ Արծվիկ Մինասյանը լրագրողներին հավաքել՝ ասուլիս էր տալիս, որ 280 ձեռնարկություններում գրանցված «տպավորիչ» աճի մասին տեքստը կարդար։ Հետո էլ մեզ մեղադրեր «մանր, նեղ, խմբային անձնական մոտեցում» ցուցաբերելու մեջ։ Հայաստանի խոշոր, մեծ տրամաչափի մոնոպոլիստների անունները հնչեցնելու մանր, նեղ անձնային շահը կամ մոտեցումը ո՞րն է, կասե՞ք։ Կամ դրանց անունները տալու սենսացիան ո՞րն է։ Սամվել Ալեքսանյանի՞ անունն է սենսացիա, թե՞ մյուսների։ Հավատացեք, դուք՝ չինովնիկներդ, ձեր մոնոպոլիստներն ու օլիգարխները եթե անգամ դուրս գան փողոց ու կիսամերկ վազեն դեպի հրապարակ, մարդկանց դա հազիվ թե զարմացնի։ Հանրությունը դաշնակցական նախարարից ավելի համարձակ, ավելի նախաձեռնող ու անկեղծ պատասխաններ է ակնկալում։ Ի վերջո, վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել դաշտն ու ներկայացնել մենաշնորհային համարվող ոլորտների, դրանց հետեւում կանգնած անձանց անունները։ Բա ո՞ւր մնաց դաշնակցականի ու սասունցու «դուխը», որ պիտի մայիսի 18-ին խոստանա՝ «մի կասկածեք, բոլոր հայտնի անունները, որոնց մասին մտածում եք, բոլորը կլինեն», իսկ հուլիսի 15-ին վախենա արտաբերել գեթ մեկ անուն։ Մինչդեռ, երբ Արծվիկ Մինասյանը նշանակվեց նախարար, հանրությունը նրանից ավելի նախաձեռնող ու համարձակ քայլեր էր ակնկալում, ոչ թե սենսացիա։ Դրա ժամանակներն անցել են, սոված երկրում ի՞նչ սենսացիա։ Դուք եք մամուլը դարձրել սենսացիայի գործիք։ Սենսացիան ձեր ազնիվ պատասխաններն ու օգտակար աշխատանքն է, ոչ թե ձեր «հովանավորյալ» մոնոպոլիստների անունները հրապարակելը։



Սամվել Ալեքսանյանը սենսացիա չէ, եւ պետք չէ կենտրոնանալ միայն նրա անձի ու շաքարի մոնոպոլիայի վրա։ Իսկ Մինասյանն Ալեքսանյանին կրծքով պաշտպանելու այլ՝ ավելի ոչ հրապարակային առիթներ դեռ կունենա։ Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ Ալեքսանյանի անունը տալ, թող տա այն մարդու իրական անունը, որը կանգնած է շաքարի, բանանի, բենզինի ու այլ ապրանքների մենաշնորհների հետեւում։ Պարզեն, թե ովքեր են նրանք, եւ ասեն այդ անունները, գուցե դրանք բնավ էլ այն մարդիկ չեն, որոնց անուններն արտաբերելուց այդքան սարսռում է դաշնակցական նախարարը։ Գուցեեւ հակառակը՝ հենց նրանք են, որ կան։



«Բոլոր նրանք, ովքեր որ այս կազմակերպություններում խոշոր բաժնետերեր են, ակնհայտ է դա։ Այսինքն՝ այստեղ երկրորդ հարց չի կարող լինել։ Ցանկացած բաժնետեր, ով որ այսպիսի կազմակերպություններում ունի մասնակցություն, բնական է, որ ինքն է շահագրգռված։ Անունները դուք ինձնից շատ լավ գիտեք, եւ տնտեսական քաղաքականությունն ավելորդ վերածել նեղ եւ փոքր խմբային, անձնական մոտեցումների, ես պատրաստ չեմ, որովհետեւ իմ գլխավոր խնդիրը, որպես էկոնոմիկայի նախարար, համակարգային լուծումներ առաջարկելն է կառավարությանը՝ ոլորտներն ազատականացնելու ուղղությամբ»,-«Հրապարակի» հարցին ի պատասխան՝ ասաց պարոն Մինասյանը։ Հետո մեղադրեց լրագրողներին, թե «այն, ինչով ձեզնից մի մասը զբաղված է, ուղղակի խանգարում է երկրի զարգացման ընթացքին», եւ ինքը շնորհակալ է այն լրագրողներից, ովքեր ուզում են, որ դրական փոփոխություն լինի։



Մենք նկատեցինք, որ երբ ասում եք՝ դուք բոլորից լավ գիտեք այդ անունները, ինչո՞ւ են հետո դատի տալիս, զրպարտանք ու ապատեղեկատվություն որակում մեր հրապարակումները, երբ մենք, մեր աղբյուրներին հղում անելով, բացահայտում ենք այդ անունները։ Մինչդեռ, հանրությունը պետական գերատեսչության հրապարակած անուններն ու փաստերն է ակնկալում տեսնել, հետո նաեւ՝ դրանց դեմ պայքարի հստակ մեխանիզմները։ Ի պատասխան՝ Մինասյանը միայն ասաց, որ լրագրողական հնարքներին ինքն էլ է տիրապետում։



Նա երեկ նաեւ հրապարակավ հայցեց մեր՝ լրագրողներիս աջակցությունը, որ եթե էկոնոմիկայի նախարարության կազմում գործող մարմինների գործունեության մեջ կոռուպցիա, չարաշահումներ հայտնաբերենք, անպայման տեղյակ պահենք իրեն՝ դրա դեմն առնելու համար։ Բայց մամուլը, եթե Արծվիկ Մինասյանը որեւէ համարձակ նախաձեռնությամբ հանդես գա եւ իսկապես օգուտ տա երկրին, ամբողջ ժողովուրդն էլ հետո պատրաստ են օգնել ու թեւ ու թիկունք լինել նրան։ Իսկ հիմա Արծվիկ Մինասյանն ու մյուս չինովնիկներն իրենց խուսափողական, լղոզված, կամազուրկ հայտարարություններով միայն վանում ու հիասթափեցնում են մամուլին էլ, հասարակությանն էլ։



ՀԳ. Արծվիկ Մինասյանն ասուլիսի սկզբում խոսեց մի շարք ոլորտներում իրենց նախարարության իրականացրած մոնիտորինգի արդյունքների մասին, որով աճի ցուցանիշներ են արձանագրել։ Ըստ նախարարի հրապարակած տվյալների՝ խմիչքների արտադրության ոլորտում 26 տոկոս աճ է արձանագրվել, հագուստի ոլորտում՝ 70 տոկոս՝ 67 տոկոսի իրացման ապահովմամբ: Ամենամեծ աճը, 6 ամսվա կտրվածքով, արձանագրվել է ադամանդների մշակման ոլորտում՝ 260 տոկոս: Դրամական արտահայտությամբ՝ 13 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Աճ է արձանագրվել նաեւ ՀԷՑ-ում։ Իսկ արդյունաբերության ոլորտում երկնիշին մոտ աճ են ակնկալում։ Մեր դիտարկմանը, թե աճի այս ցուցանիշները հիմնականում խոշոր ձեռնարկություններում են գրանցվել, մինչդեռ ՓՄՁ-ների վիճակը մնում է անմխիթար, Մինասյանն ասաց, որ իրենք աշխատում են փոքր ու միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ եւ այստեղ եւս ունեն դրական ցուցանիշներ, բայց դա իրենց դեռ չի բավարարում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ