Սննդի խնդիր ունեն, և եթե հաց լինի, կկիսվեն պատանդների հետ. հարցազրույց Վարուժան Ավետիսյանի հետ

Սննդի խնդիր ունեն, և եթե հաց լինի, կկիսվեն պատանդների հետ. հարցազրույց Վարուժան Ավետիսյանի հետ

Քիչ առաջ Hraparak.am-ը զրուցեց ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» ջոկատի անդամներից Վարուժան Ավետիսյանի հետ։ Նրանք, հիշեցնենք, այսօր լուսադեմին զինված խմբով գրավելով Երևան քաղաքի Խորենացի փողոցում տեղակայված ոստիկանության ՊՊԾ գունդը, զինաթափել են տեղի ոստիկաններին և պատանդ վերցրել Երևանի և ՀՀ փոխոստիկանապատեր Վալերի Օսիպյանին ու Վարդան Եղիազարյանին, նաև մի քանի այլ ոստիկանների։ Վ. Ավետիսյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև.



-Պարոն Ավետիսյան, որևէ նորություն կարո՞ղ եք հաղորդել այս պահին, ի՞նչ իրավիճակ է այդտեղ։



-Նորություն չկա, սպասում ենք ոստիկանության գրոհին, որը հավանական է։



-Ինչի՞ց եք ենթադրում, որ հավանական է, որևէ տեղաշա՞րժ եք նկատում, ինչ-որ նախանշաննե՞ր կան։



-Դե, միշտ էլ կան, այո, կուտակումներ, շարժեր...



-Գրոհի դեպքում ձեր գործողություններն ինչպիսի՞ն կլինեն։



-Դիմադրելու ենք մինչև վերջ։



-Բանակցություններից ի՞նչ արդյունք կա այս պահին, ի՞նչ են ասում իրենք, դուք ի՞նչ եք պատասխանում, և արդյոք Ժիրայր Սեֆիլյանին այդտեղ բերելու մտադրություն կա՞ իրենց կողմից։



-Չէ, չկա մտադրություն, առհասարակ, ինչ-որ չափով, փաստորեն, պատային վիճակ են ստեղծել։



-Լավ, հիմա Դուք այս ամենի հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, քանզի անորոշ վիճակ է այժմ, և երկուստեք ցանկացած գործողության դեպքում հետևանքները կարող են ցավալի լինել, չեմ կարող ասել՝ որ կողմի համար որքան, բայց տրամաբանորեն այդպես է թվում։



-Բոլորի համար, մեր երկրի համար, մեր քաղաքացիների համար... բայց դրա պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրա է։ Եթե մեր դիմադրությունը խթան կդառնա այն բանի համար, որ ժողովուրդը, ի վերջո, ոտքի կանգնի ու տապալի բռնապետությունն ու նորմալ երկիր կառուցի, մենք պատրաստ ենք։



-Իսկ ժողովրդի կողմից նման արձագանք, նման մտադրություն նկատու՞մ եք։



-Որքանով մենք կարողացել ենք շոշափել ժողովրդի տրամադրությունները, ջախջախիչ մեծամասնության համակրանքը մեր կողմն է։



-Համակրանքից զատ՝ դա կոնկրետ գործողություններով արտահայտվելու տրամադրություն զգու՞մ եք։



-Դե, հիմա, Երևանի ոստիկանության բաժիններն այնքան լեփ-լեցուն են, որ արդեն շրջակա բնակավայրերից են մարդկանց բաժիններ տանում։ Դա թերևս խոսում է այդ մասին։



-Ոստիկանության պաշտոնյաները պարբերաբար ընդգծում են, որ ձեր պահանջը մեկն է՝ Սեֆիլյանի ազատ արձակումը, մինչդեռ դուք պնդում եք, որ ձեր պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է։ Հստակ կասե՞ք՝ ձեր հիմնական պահանջն ու նպատակը ո՞րն է։



-Հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է և նոր՝ ժողովրդի վստահության կառավարության ձևավորումն է։ Իսկ Սեֆիլյանի ազատ արձակումն այդ գործընթացի ապահովման համար է, որ նա դուրս գա և կառավարի այդ գործընթացը, որ հնարավորինս առանց ցնցումների մեր ժողովուրդը մի հանգրվանից մյուսին անցնի։



-Մի այսպիսի՝ թերևս տեխնիկական բնույթի հարց. ձեզ մոտ դրսից կապի հնարավորություն կա՞, ձեր կողմնակիցները կարո՞ղ են ազատ ելումուտ անել, ձեզ սնունդով ապահովել։ Եվ, առհասարակ, սննդի խնդիր ունե՞ք, այդ թվում՝ պատանդների նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք կա՞, ենթադրենք մեկը լավ չի զգում իրեն, զուգարանի կարիք ունի կամ սննդի, ջրի այդ ամենը ինչպե՞ս է կազմակերպվում ձեզ մոտ։



-Ջրի խնդիր, կարելի է ասել, չկա, սնունդ չենք կարողանում ձեռք բերել, իրենք էլ մեզ հետ, մեզ նման։



-Այսինքն, եթե քաղցած եք, քաղցած եք միասին, եթե հաց լինի ուտելու, կկիսե՞ք նրանց հետ։



-Բնականաբար, ի սեր Աստծո, ինչի՞ մասին է խոսքը։



-Հիմա Դուք սնունդ չեք կարողանում ձեռք բերել, որովհետև ոստիկանությունը, ամեն դեպքում, չի թույլատրու՞մ ձեզ մարդ մոտենա։



-Այո։



-Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է կարողացել Ձեզ մոտ գալ, պատգամավորներն իրավունք ունե՞ն ձեզ մոտենալ։



-Չգիտեմ, պատգամավոր է, եկել է։



-Փաստորեն, ձեզ մոտ հասնելու թույլտվություն տվողը երկու կողմից է՝ ոստիկանությունը, հետո դու՞ք։



-Մեր տարածք՝ մենք։ Մենք մարդկանց մուտք ու ելքին խոչընդոտ չենք հարուցում։ Մարդը եթե եկել է մեզ մոտ, ընդունում ենք։



-Այս պահին ի՞նչ եք անում այդտեղ, շփում կա՞ պատանդների հետ, ի՞՚նչ հարաբերություններ են, ի՞նչ եք խոսում նրանց հետ։



-Մարդկային շփում է... Ամեն ինչից էլ խոսում ենք՝ առօրյա թեմաներից, մեր կյանքից, մեր ցավ ու դարդերից։



-Թերևս վերջին հարցը. ի վերջո, որոշակիորեն նաև ռեսուրսների պայքար է ընթանում, սնունդ չկա, կարելի է հոգնել, անքուն գիշերներ անցկացնել, ինչ-որ ժամանակ դիմանալ այդ վիճակում, բայց եթե այս անորոշությունը շարունակվի, ի՞նչ եք պատրաստվում անել։



-Աստված մեծ է, կտեսնենք, էլի, ինչ կլինի, հիմա չեմ կարող ասել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ