Սեֆիլյանի առաջարկած երրորդ տարբերակը ոչ պակաս արժեքավոր է

Սեֆիլյանի առաջարկած երրորդ տարբերակը ոչ պակաս արժեքավոր է

«Ես շատ չնչին ինֆորմացիա ունեմ, որ Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած էդ երրորդ տարբերակի հետ կապված ինչ-որ պրոցես կա, ավելին, անկեղծ եմ ասում՝ չգիտեմ»,-Hraparak.am-ի հետ զրույցում այս մասին քիչ առաջ ասաց ՊՊԾ գունդը գրաված, «Սասնա ծռեր» ջոկատի անդամ Վարուժան Ավետիսյանը։



Նա, սակայն, չցանկացավ մանրամասնել՝ ինչ է իրենից ներկայացնում Սեֆիլյանի առաջարկած այդ երրորդ տարբերակը։



«Ես չեմ կարող դա բացահայտել, որովհետև նախապես պայմանավորվածություն կա, որ խորհրդապահական դա պետք է լինի։ Մենք միայն այսքանն ենք ասում»,-ասաց նա։
Հարցին, թե պահանջների փոփոխություն կամ մեղմացում կա՞ արդյոք, պարոն Ավետիսյանն ասաց. «Չէ, պահանջների փոփոխություն չկա, բայց եթե քննարկում ենք երրորդ տարբերակը, ապա հասկանալի է, որ մեզ համար էդ երրորդ տարբերակը ոչ պակաս արժեք ունեցող մի բան է՝ ռազմավարական նշանակության, մեր հայրենիքի համար։ Եվ խնդիրներ կան, առհասարակ, շղթաների մեջ, որ մի խնդիրը լուծում ես, հետագայում մյուս խնդիրների լուծման դուռ է բացվում։ Այսինքն՝ մի քիչ հեռու դռնով ես մտնում, բայց մտնում ես ժամանակի մեջ։ Դիմացինն էլ հնարավորություն է ստանում փոքր-ինչ երկարաձգել իր համար կարևոր այդ ժամանակը, և դրանով էլ նա է հանգում կոմպրոմիսի։ Սա՝ ընդամենը մարտավարության իմաստով։ Բայց էդ երրորդ տարբերակն այնքան ռազմավարական պիտի լինի, որ արժեք ունենա»։



-Այսինքն՝ այդ երրորդ տարբերակը այլընտրա՞նք է լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականի՞ն կամ դրա պահանջին, բայց ոչ պակաս կարևո՞ր։



-Ես չեմ ուզում էդպես ուղիղ գնահատականներ տալ։ Թող ընթերցողն իր գնահատականները տա։



-Դրա համար փորձում եմ զուտ տրամաբանաել. երրորդ տարբերակի դեպքում Սերժ Սարգսյանի հրաժարականը կանխատեսվու՞մ է։



-Ես ասացի՝ ավելին չեմ ասելու, թող ընթերցողն արդեն փորձի գնահատել։



-Իսկ այդ տեղաշարժը՝ երրորդ տարբերակի հարցում, իշխանությունների՞ կողմից եք տեսնում։



-Ես մի պահ որսացի ռադիոյից, որ Հունան Պողոսյանն օգտագործում է փոխզիջում բառը։ Չեմ կարծում, որ դա պետք է լրիվ հիմք ընդունել, բայց, համենայնդեպս, մոտեցումն այդպիսին է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ