Սեֆիլյանին տեսակցության արգելքը քաղաքական կոնտեքստ ունեցող որոշում էր

Սեֆիլյանին տեսակցության արգելքը քաղաքական կոնտեքստ ունեցող որոշում էր

Երեկ Արդարադատության նախարարության ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին թույլ չեն տվել այցելել «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ժիրայր Սեֆիլյանին։ Նրանք, Դիտորդական խմբի անդամ Արթուր Սաքունցը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Սեֆիլյանին այցելության ասահմանափակումն ու արգելանքը հիմնավորել են նրանով, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական գործի շրջանակներում կա քննիչի որոշում՝ տեսակցությունները արգելելու մասին։ Սաքունցը ՔԿՀ-ի աշխատակիցներին փորձել է բացատրել, որ քննիչի այդ որոշումը չի կարող տարածվել դիտորդական խմբի նկատմամբ, քանի որ իրենք քրեական գործով մասնակից չեն։ Բացի այդ, իրենց մանդատի ու առաքելության էությունը կայանում է ազատազրկված անձանց պահվող պայմանների և վերաբերմունքի վիճակի ուսումնասիրությանը։ Բայց ՔԿՀ աշխատակիցները դիտորդներին պնդել են, որ տեսակցության արգելանքը տարածվում է նաև դիտորդների վրա, քանի որ դիտորդների այցելությունը հանդիսանում է որպես տեսակցություն։ Սաքունցը նշեց նաև, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում երեկ՝ իրենց այցելության պահին, ևս յոթ կալանավորված անձանց նկատմամբ քննիչի նմանատիպ որոշում է եղել։ Բայց այդ յոթ անձինք, ըստ Արթուր Սաքունցի, քաղաքականության հետ առնչություն չունեցող դեմքեր էին։



Հետաքրքրվեցինք՝ փորձե՞լ են ճշտել, թե երբ է քննիչը այդ որոշումը կայացրել Սեֆիլյանի մասով։



«Ես պահանջեցի, որ քննիչի որոշումը ներկայացնեն՝ ծանոթանալու համար. Աշխատանքային օրվա վերջ էր, և ասացին, որ աշխատակիցը տեղում չի։ Չնայած՝ մինչ այդ մենք հանդիպել էինք հիմնարկի պետի՝ Հակոբջանյանի հետ, և ասել էինք, որ հանդիպելու ենք Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի հետ։ Եվ ինքը էն ժամանակ ի սկզբանե ասաց, որ կա էդպիսի արգելք, և ես ասացի, որ դա չի կարող տարածվել մեզ վրա։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ մինչ մենք Շանթի և Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպենք, ինքը այդ ընթացքում կճշտի Սեֆիլյանի հետ հանդիպելու արգելքի հետ կապված հարցը, բայց մինչ մենք ավարտեցինք, արդեն 6 անց կես էր, պետը չկար, տեղում չէր»,-ասաց նա։



Նաև Արդարադատության նախարարությունից են փորձել մեկնաբանություն ստանալ. «Զանգեցի նախարարություն՝ ճշտելու համար, որ այսպիսի բան կա, որովհետև մեր պրակտիկայում 12 տարվա ընթացքում երբևէ չի եղել նման բան։ Նախարարությունից մեզ ասացին, որ օրենքի մեկնաբանության հետ կապված հարց կա։ Մենք, իհարկե, մեր դիտորդական խմբի կողմից մեր համապատասխան մոտեցումը և բողոքը կուղարկենք, որովեհտև այս արգելքը ես միանշանակ գնահատում եմ Հայաստանի Հանրապետության կողմից՝ հանձին արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ աշխատակազմի, Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայով պետության պոզիտիվ պարտականության չկատարում»։



Սաքունցը չցանկացավ մանրամասնել, թե նախարարությունից կոնկրետ ումի՞ց են նման պատասխան ստացել, որ օրենքի մեկնաբանության խնդիր կա՝ միայն նշելով, որ նախարարության ներկայացուցիչ էր։ Մենք տեղեկացանք, որ նախարարությունից նրանց հետ զրուցել և նման մեկանաբնություն է տվել արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։



Մեր այն հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք սա քաղաքակա՞ն հրաման էր նախարարի կամ ավելի «վերևների» մակարդակով, որ քննիչը նման որոշում կայացնի Սեֆիլյանին տեսակցությունները արգելելու մասով, Արթուր Սաքունցն ասաց. «Ես միանշանակ եմ դա գնահատում, և էնտեղ էլ ասացի, որ սա ես դիտարկում եմ որպես քաղաքական կոնտեքստ ունեցող, այսինքն՝ երրորդ անձի կողմից առաջացած խնդիր։ Իհարկե, պարզ է՝ աշխատակազմը մերժեց այդ գնահատականը, բայց ես իմ կարծիքին եմ մնում»։



Պարոն Սաքունցը վերջում հավելեց, որ այս հարցը ինքը միանշանակ բարձրացնելու է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հերթական այցելության ժամանակ, որ խոչընդոտվել է դիտորդական առաքելության իրականացումը՝ որպես ինստիտուտ և մեխանիզմ վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման տեսանկյունից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ