Խորենացի փողոցում իմ ներկայությունը կարող է խանգարել բախմանը. Հրանտ Թոխատյան

Խորենացի փողոցում իմ ներկայությունը կարող է խանգարել բախմանը. Հրանտ Թոխատյան

Hraparak.am-ը Երեւանում հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքի գրավելու, դրան հաջորդող իրադարձությունների շուրջ զրուցել է դերասան Հրանտ Թոխատյանի հետ: 



-Բազմաթիվ մտավորականներ ստորագրել են այն հայտարարության տակ, որտեղ հորդորով դիմում են Ժիրար Սեֆիլյանին՝ հանդարտեցնելու իր գաղափարակիցներին: Ձեզ առաջարկություն եղե՞լ է ստորագրելու այդ հայտարարության տակ և ընդհանրապես ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:



Ամեն մեկն արել է այն, ինչ գտել է ճիշտ տվյալ իրավիճակում, մյուս կողմից՝ որևէ մեկին դիմելիս  որևէ կոնֆլիկտային իրավիճակում, մանավանդ այսպիսի մասշտաբի, դիմելով մեկ կողմին` անպայման պետք է դիմել նաև մյուս կողմին, այսինքն՝ հիմա միգուցե յուրաքանչյուրը փորձի ասել, որ մենք ուզում ենք արյունահեղությունից զերծ մնալ, բայց նախ պետք է գտնել դրա պատճառները, իսկ պատճառների համար պետք է դիմել հակառակ կողմին, այսինքն՝ նաև իշխանությանը, որ հարգելիներս դուք զենքը դրեք, ձեր դրդապատճառները մենք շատ լավ հասկանում ենք, իսկ հակառակ կողմին ասել՝ եկեք այնքան խոհեմ եղեք, որ վերջապես հասկացեք, գտեք արմատներն այս ամեն ինչի ու այ այդ դեպքում: Եթե բոլորս խոսում ենք բանակցությունների մասին, արդեն բանակցությունների ժամանակ խոհեմ, խելամիտ գտնենք դուրս գալու եզրերը:



-Պարոն Թոխատյան, երեկ Խորենացի փողոց էին եկել հասարակությանը հայտնի մի քանի անձիք, մինչդեռ նախորդ օրերի ընթացքում չկային նրանք, հասարակական ճնշո՞ւմն էր նրանց այդտեղ գալու պատճառը:



Հուլիսի 17-ին տպվեց ինձ հետ արված փոքրիկ հարցազրույցը և քանի որ վերնագիրը հարցազրույցի ընտրված էր ոչ կոռեկտ ու ճիշտ, եթե դուք իմ էջին նայեք բոլոր պիտակավորումներն ու հայհոյանքները իմ հասցեին, երևի թե կզարհուրեք, եթե չեք կարդացել, դա նրանից է, որ որևէ մեկը չի ուզում ծախսի գոնե մեկ րոպե և կարդա, այլ նայում է միայն վերագիրը, որովհետև ինչ-որ մեկն առաջինը տարածել էր այն բանը, որ ես այնտեղ գտնվող տղաներին անվանել եմ տեռորիստ: Այդպիսի բան չի եղել որևէ կերպ, չի էլ կարող լինել: Քանի որ մենք ինքներս փորձում ենք գտնել մտավորական, իսկ հետ երբ որևէ մեկը հայտնվում է, այսօր, վաղը, երեք օր առաջ, ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ովքեր նոր սկսեցին հայտնվել, իրենք հանգիստ տանը նստած էին և հանկարծակի կերպով այս կամ այն դրդապատճառով հայտվեցին այնտեղ, չեմ ուզում հավատալ դրան, որովհետև եթե այս երկրում կա մարդ, որը հանգիստ նստած է իր տանը, սրճարանում, զվարճանքի, ոչ թե իր աշխատանքի վայրում, ով հանկարծակի ինչ-որ մի օր է արթնանում, նա է վտանգավորը, անկախ դրանից նա կլինի մտավորական, չմտավորական, քաղաքական գործիչ կամ պահակ: Կապ չունի, եթե յուրաքանչյուրը առաջին օրվանից մտահոգված չի, ուրեմն ամենամեծ վտանգը ինքն է:



-Մտավորական բառը քննարկվեց բուռն կերպով համացանցում, հատկապես բուռն էին Ալլա Լևոնյանին, Շուշան Պետրոսյանին, Նունե Եսայանին մտավորական համարելը:



Մտավորական բառը սովետական միությունում ստեղծված շինծու խոսք է, չկա այսօր նման բան, որևէ տեղ, երբ որ կատարվում է որևէ բան, երբեք ոչ մեկը տվյալ երկրի մտավորականությանը չի դիմում: Կան քաղաքացիներ, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ, որևէ մասնագիտության տեր մարդը այսինչ կամ այնինչ իրավիճակում իր կարծիքը, դիրքորոշումը, իր վերաբերմունքն է արտահայտում, հիմա ինքը կլինի տաքսու վարորդ, երգիչ, նկարիչ, դերասան, քաղաքական գործիչ թե լրագրող, մեզնից յուրաքանչյուրն ունի մասնագիտություն, բայց առաջին հերթին յուրաքանչյուրը քաղաքացի է: Դե դուք ինչ մտավորական՝ որպես պիտակավորում, դա սխալ է, ուրիշ բան է, կարող ես դու համաձայնել, չհամաձայնել կարծիքի հետ:



-Այսօր մամուլը ողողվեց Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության մանրամասներով բարձրաստիճան պաշտոնայնների հետ: Դուք ծանոթացել եք բովանդակությա՞նը:



Ցավոք, դեռ չեմ ծանոթացել:



-Պարոն Թոխատյան, դուք շարունակելո՞ւ եք ներկա գտնվել Խորենացի փողոցում:



Անպայման, քանի այնտեղ կանգնած են մարդիկ ու քանի այնտեղ կանգնած է ոստիկանությունը, ես պատրաստ եմ այնտեղ լինել՝ անկախ որևէ պիտակավորումից, որը կապված է իմ անվան հետ, որովհետև իմ այնտեղ լինելը գոնե ինչ-որ կերպ կարող է խանգարել բախմանը, ուրեմն ես պետք է լինեմ: