Ինչպիսին էլ լինի հանգուցալուծումը, իշխանությունը սարսափելի թուլանալու է. Հայկ Մարտիրոսյան

Ինչպիսին էլ լինի հանգուցալուծումը, իշխանությունը սարսափելի թուլանալու է. Հայկ Մարտիրոսյան

«Այս պարագայում իրատեսական չէ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, հատկապես երբ հիմա իշխանության ձեռքին, տակտիկական առումով կան հաղթաթղթեր, այսինքն՝ այլևս ոստիկաններ չկան ՊՊԾ գնդի տարածքում և միայն զինյալներն են իրենց զենքով, հետևաբար շատ ավելի խոցելի են զինյալները, իսկ իշխանությունը թե տեսականորեն և թե պրակտիկորեն կորցնելու ոչինիչ չունի այդ առումով: Բայց դա կարճաժամկետ իրավիճակ է, որովհետև երկարաժամկետ առումով, ինչպիսին էլ որ լինի հանգուցալուծումը, իշխանությունը սարսափելի թուլանալու է, թուլանալու է ավելին, քան երբեէ»: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:



Անդրադառնալով օրերս տեղի ունեցած քաղաքացիների ձերբակալություններին` նա ասաց, որ 99,9 տոկոսը ձերբակալությունների անտեղի են եղել և ուղեկցվել են բիրտ և բռնի ուժի կիրառմամբ: Նա պատմում է, որ տեսել է 55 տարեկան մարդու, ում հավաքի տեղից քարշ տանելով տարել են Էջմիածին և սարսափելի կտտանքների ենթարկել, նրան ծեծել են իր որդու տարեկիցները. «Հիմա եթե ոստիկանությունը այսպիսի ձերբակալություններ է անում և այսպիսի վարքագիծ է դրսևորում, ինչ ճիշտ լինելու մասին է խոսքը. դա կարծեմ նույնպես հանցագործություն է, ստացվում է, որ ոստիկանությունը կատարում է հանցագործություն: Ձերբակալելը մի բան է, կալանավորելը մի բան է, ձերբակալել՝ ծեծելու նպատակով և ձերբակալել անտեղի, մեղադրանք չառաջադրել և բաց թողնելը դա բոլորովին այլ բան է: Այստեղ իհարկե ռեպրեսիվ երևույթների հետ գործ ունենք, որոնք շատ անընդունելի երևույթներ են, բայց իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի անբաժան մասն են կազմում շատ երկար տարիներ: Ցավալին այս ամենում այն է, որ մենք լսում ենք խոսքեր, որ պետք է ենթադրություններ անենք, հետևություններ անենք, բայց իշխանությունը չի բացահայտում, թե ինչ ենթադրությունների և հետևությունների մասին է խոսքը: Դատելով վարքագծից, ուժային կառույցների և քաղաքական ղեկավարների հայտարարություններից՝ ակնհայտ է դառնում, որ ամենևին անհրաժեշտ դասեր չեն քաղվել: Իշխանությունը պետք է հասկանա, որ թեկուզ իր շահերից ելնելով՝ պետք է գնալ զիջումների, որովհետև զիջումների գնալը նման պարագայում խելքի և ուժի նշան է: Միշտ երկու ընտրություններից ընտրելով ուժի ճանապարհը, դա ցույց է տալիս, որ դու թույլ ես, իսկ այսօր ընտրություն ունեն իշխանությունները և գնդակը իրենց դաշտում է: Եթե մեր երկիրը պատրաստ է 109 զոհից 100 օր չանցած, շանտաժային պատերազմից հետո նստել իր ոխերիմ, ահաբեկիչ պետության ղեկավարի հետ բանակցությունների և խոսել փոխզիջումներին մասին, որոնք իրականում զիջումներ են, ես չեմ հասկանում ինչո՞ւ սեփական նախկին ազատամարտիկների և ներկայիս զինյալների հետ հնարավոր չէ հասնել փոխզիջումների կամ որոշակի զիջումներ անել՝ փրկելու համար հասարակության բևեռացումը»:



Հայկ Մարտիրոսյանին առաջարկ է եղել միանալ Խորենացու փողոցի իրադարձությունները վերահսկող համակարգող խմբին, սակայն նա չի միացել. «Վարուժան Ավետիսյանը լուսնից չի ընկել, և մինչև այս գործողությունը եղել եմ բոլոր քաղաքացիների պես, անկեղծ ասած, զարմացած եմ, որովհետև իրեն չեմ ճանաչում, երբևէ չեմ հանդիպել և դարձյալ ասում եմ, որ շոյված եմ: Ինչո՞ւ եմ ասում, որ լուսնից չի ընկել, քանի որ հասարակությունում որոշակի հատված կա, որոնց մոտ թերևս որոշակի վստահություն ենք վայելում և ընդունված ենք և դիտարկում եմ միայն այս շրջանակներում»:



Հայկ Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ իր՝ վարչապետի խորհրդականի պաշտոնում աշխատելու մեկ ամսվան և ասաց, որ թեև չի կարծում, թե դրախտային վայր է մտել, բայց գնացել է այն համոզմունքով, որ կարող է անել այն, ինչը դրսից հնարավոր չէ, քանի որ անմիջական մուտք է եղել ՀՀ երրորդ պաշտոնյայի մոտ, սակայն աշխատանքից դուրս է եկել իր դիմումի համաձայն, քանի որ իրավիճակը դարձել է անհնարին: Մարտիրոսյանը մանրամասնեց, որ ընդդիմադիր ելույթներ չի ունեցել, այլ իր ընկալմամբ՝ օբյեկտիվ գնահատականներ է հնչեցրել. «Խնդիր չեմ ունեցել ընդդիմադիր դաշտում հայտնվելու, իշխանամետ էլ չեմ»: