Խորենացիում հանրահավաքի փոխարեն «տղերք, տարանք» օպերացիան էր, օրվա հերոսներն էլ` կարմիր բերետավորները

Խորենացիում հանրահավաքի փոխարեն «տղերք, տարանք» օպերացիան էր, օրվա 
հերոսներն էլ` կարմիր բերետավորները

Խորենացի փողոցում երկու օր անընդմեջ հանրահավաքին զուգահեռ կազմակերպվում էր երթ։ Երթին մասնակցում էին բազմահազար մարդիկ։ Ինչպես նախորդ օրերին, այսօր էլ ևս որոշվել էր կազմակերպել հանրահավաք Խորենացի փողոցում, բայց իրավապահները արեցին ամեն ինչ, որ վերջին տասը օրերին առաջին անգամ Խորենացի փողոցը երեկոյան ժամերին իրեն լքված զգա։ Պատմահոր անունը կրող այս փողոցի դեպքերին թե ականատես լիներ հենց Խորենացին, գրելու էր երկրորդ «Պատմություն Հայոցը»։



Տանում էին ոնց պատահի, ում պատահի․․․



Եթե այսօր որևէ մեկը փորձեր ոտք դնել Խորենացի փողոցի այն հատվածը, որտեղ մշտապես հավաքվում են ԶԼՄ ներկայացուցիչները և այդ ժամանակ չլիներ լրագրող, նրան բերման էին ենթարկելու։ Կեսօրից սկսված այս «ներկայացումը» չէր խնայում ոչ ոքի…Ի՞նչ նպատակով եք այստեղ, ցույցի՞ն եք մասնակցելու, այո, դե ուրեմն տղերք, տարանք։ Հարակից այգում նստած եք կամ կանգնած՝ տղերք, տարանք։ Ո՞ւր կամ ո՞ր հիմքով, ոստիկանները չէին պատասխանում, եթե մի քիչ էլ քաղաքացին ընդդիմանում էր՝ բռնի կերպով տանելը կա ու կա։ Ահել թե ջահել, տղա թե աղջիկ, շենքի բնակիչ թե պարզապես հանգիստը վայելող անձ՝ բերման էին ենթարկում։ Ոստիկանությունը չէր խնայում անգամ օտարերկրացիներին, մոտեցան ԱՄՆ-ի քաղաքացիներին, ովքեր պարզապես կանգնած էին, ցանկանում էին բերման ենթարկել, մարդիկ շփոթվել էին, չէին հասկանում՝ ինչ է կատարվում։ Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ պարզապես կանգնած են և վաղը մեկնելու են Հայաստանից։ Բայց ամեն ինչ հասավ իր գագաթնակետին, երբ բերման ենթարկեցին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին։ Նրան բերման ենթարկող ոստիկանն էլ հարցրեց՝ ինչի՞ դուք ով եք, լրագրո՞ղ եք…



Անդադար, առանց բացատրության քաղաքացիներին բերման ենթարկելու արարողակարգը տևեց մինչ ուշ երեկո, ավելի շուտ այնքան, մինչև այդ տարածք «կողմնակի» մարդ չէր մոտենում։



Հանրահավաքը կայացավ



Այստեղ են ասել՝ դուք ձեր արածը արեք, մենք էլ մեր կանենք։ Այնուամենայնիվ հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ազատության հրապարակում և անցկացրել իրենց խաղաղ հանրահավաքը։ Թեև կազմակերպիչներից մի քանիսին բերման էին ենթարկել, բայց հանրահավաքը տեղի է ունեցել, այժմ էլ երթ են իրականացնում: