Լավրովն ու Քերրին ասացին, բայց չպեչատեցին

Լավրովն ու Քերրին ասացին, բայց չպեչատեցին

Դուզ խոսք քաղաքականության մեջ միայն էշը կասի: Հուսամ՝ ոչ ոք չի մտածում, որ Լավրովն ու Քերրին այնքան էշ են, որ համաձայնության են եկել քրդական պետության ստեղծումը թույլ չտալու շուրջ և այդ մասին բացեիբաց հայտարարում են: Լավրովն ու Քերրին, գուցե, այսօր դավաճանում են քրդերին, բայց նրանք չէ, որ որոշում են քրդական պետության ձևավորել-չձևավորելու հարցը: Այդ հարցը դե ֆակտո կարող է լուծվել բացարձակապես քուրդ ժողովրդի պայքարի և հաղթանակի արդյունքում, իսկ մյուսներին, այդ թվում՝ Լավրովին և Քերրիին, կմնա դե յուրե ճանաչել կամ չճանաչել այդ պետությունը:



Ո՞ւմ եմ սա բացատրում:



Ես մի ղարաբաղցի ծանոթ ունեմ, շատ շուտ նեղացող, նրան եմ բացատրում, որ մինչ օրս գոնե Ղարաբաղի օրինակով չի հասկացել, որ պետականություն նվեր չեն տալիս, այլ նվաճում են: Նա գրել է. «Օգոստոսի 27-ը կարող է պատմության մեջ մտնել որպես քրդական հարցի «հուղարկավորության» օր»: Ծանոթիս այս հոռետեսությունը գալիս է Ժնևում տեղի ունեցած Լավրով-Քերրի 12-ժամյա բանակցություններին հետևած հայտարարություններից, որոնցով նրանք, ըստ ծանոթիս, «փաստել» են որ քրդական պետություն չպետք է լինի: Ահա, այդքան դաժան:



РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ առթիվ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հետեւյալն է ասել. «Ես համոզված եմ, որ քրդերը պետք է մնան սիրիական պետության մաս, հիմնախնդրի լուծման մաս, այլ ոչ թե՝ գործոն, որը կօգտագործվի, որպեսզի Սիրիան մասնատվի, քանի որ դա ամբողջ տարածաշրջանում կհանգեցնի շղթայական ռեակցիայի, ոչ ոք դրանում հետաքրքրված չէ»: Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ավելացրել է. «Մենք կողմ ենք միասնական Սիրիային, մենք չենք աջակցում քրդերի անկախությանը, քրդական անկախ նախաձեռնությանը»: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը հասկանում է թուրքական կողմի համար այդ հարցի զգայունությունը եւ կշարունակի «համատեղ աշխատանքը՝ հանուն Սիրիայում քաղաքական կարգավորման որոնման ինկլյուզիվության»:



Այս ամենը ղարաբաղցի ծանոթիս ստիպել է նախ ողբ դնել՝ «Վերջ, քրդական «օֆիսը» փակվեց», և ապա՝ մի շատ խելոք միտք արտահայտել. «Մոսկվան եւ Վաշինգտոնը, որպեսզի չկորցնեն Թուրքիայի հետ թանկ հարաբերությունները, բնական է՝ տրամագծորեն հակադիր շարժառիթներով, քրդական հարցում եկել են ընդհանուր հայտարարի՝ Սիրիայում քրդական պետություն չպետք է լինի»:



Ես կուզենայի հասկանալ, օրինակ, մի՞շտ է այնպես լինելու, որ թանկ հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ը, Ռուսաստանը և մյուս գերտերությունները Թուրքիայի կողմը բռնեն: Չգիտեմ, ես նույնքան համոզված չեմ, որ այդպես կլինի, որքան ծանոթս, ով, քրդական խնդիրը փոխադրելով հայկական հարցի հարթակ, ապազգային հիստերիա է բարձրացնում. «Այո, քրդերին չես նախանձի: Բայց տվյալ դեպքում ավելի էական է, թե այսուհետեւ էլ ի՞նչ են ասելու հայրենական ապոլոգետները: Ի՞նչ բացատրություն են տալու ռուս-թուրք-ամերիկա-իրանական այս հակաքրդական ալյանսին: Շարունակելու՞ են պնդել, որ ԱՄՆ պետական մեծ կնիքով վավերացված՝ նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը «շարունակում է մնալ ուժի մեջ»»: Հանգստացիր, մարդ Աստծո; Ուզում եմ վստահեցնել՝ այո, Վիլսոնի իրավարար վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ, շարունակում է, որովհետև դա փաստաթուղթ է հայ-թուրքական սահմանի մասին, իսկ քուրդ թուրքական կամ քուրդ սիրիական սահաման հասկացություններ տակավին չկան: Քրդական և հայկական խնդիրները, որքան էլ առնչվեն Թուրքիայի հետ, տարբեր են և տարբեր են առաջին հերթին արծարծման ճանապարհային քարտեզի և ապա՝ հանգրվանային առումով: Հավն էլ կասի՝ որ եթե քրդերը դեռ զինված պայարի փուլում են, ապա Վիլսոնի կատարած սահմանազատումը մեր պայքարի կարևորագույն վերջնարդյունքներից մեկն է, հետևանք՝ Հայաստանի Հանրապետության հռչակման:



Ծանոթս մի խելոք միտք էլ է արտահայտել: Կարդացեք. «Թուրքիայի կործանումը տեսնելու համար մեզ պետք է այսօրվա «եռացող կաթսայից» հնարավորինս անկորուստ դուրս գալ, կառուցել ուժեղ երկիր»: Դարձյալ համամիտ եմ, սակայն չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է դա անել առանց Վիլսոնի իրավարար վճռի կամ այդ վճիռը մերժելով: Մի՞թե դա մեզ կօգնի ավելի ուժեղ Հայաստան ունենալ:



Եվ վերջում՝ երկու խոսք Արցախի մասին: Ոչ Լավրովը և ոչ էլ Քերրին դեռևս չեն հայտարարել, որ Արցախի վերջնական կարգավիճակի հարցում իրենք տարբեր դիրքորոշում ունեն: Մանավանդ չեն ասել, որ Ադրբեջանն իրենց համար պակաս կարևոր երկիր է, քան Թուրքիան: Բայց, արդյոք, Քերրին ու Լավրովը նույն բանը մեզ՝ հայերիս չէի՞ն ասի, թե ոչ մեկին պետք չէ անկախությունների շքերթը, եթե մենք հետևում չունենայինք պատերազմում հաղթած և անկախություն հռչակած երկու հայկական պետություն, ընդ որում՝ մեկը ճանաչված լիարժեքորեն, մյուսը՝ դե ֆակտո:



Ինչո՞ւ նույնացնել հայկական և քրդական խնդիրները և քրդական ակնոցով նայել հայկական հարցին: Իմ կարծիքով՝ դա այսօր անշնորհակալ գործ է:



Էդիկ Անդրեասյան