Ոչ թե նոր ԸՕ, այլ մաքուր ընտրություն է պետք

Ոչ թե նոր ԸՕ, այլ մաքուր ընտրություն է պետք

Լայն կոնսոլիդացիայով, բայց ի վերջո ապառիկով ընդունված նոր ԸՕ-ն գրվեց սառույցին: Պատճառները գուցե շատ են, բայց ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, թե վախեցան, որովհետեւ նոր օրենքով ընտրությունը կեղծելը դժվար էր լինելու: Ես չեմ կարծում, սակայն, որ չի կարելի կեղծել որեւէ բան, եթե ցանկություն ունես այն կեղծելու: Հնարավոր չէ՞ կեղծել ԱՄՆ նախագահի ընտրությունները: Իհարկե՝ հնարավոր է: Իսկ երբեւէ լսե՞լ եք, որ ԱՄՆ-ում պարտված թեկնածուն հայտարարի, որ կեղծեցին, իր ձայները տարան, լցոնեցին, ցուցակներում էլ մեռած մարդիկ կային: ԱՄՆ-ում ընտրացուցակ կեղծելը, կրկնակի քվեարկություն կազմակերպելն ավելի հեշտ է, ի դեպ, քան մի բուռ Հայաստանում, որտեղ բոլորն իրար ճանաչում են: Բայց չեն անում, իրենց դա պետք չէ, իրենք այլ առաջնահերթություններ ունեն:
Բայց մենք խոսենք մեր մասին:



Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էին իշխանությունները տեղամասային հանձնաժողովների անդամների համար դասընթացներ կազմակերպում, եթե գիտեին, որ նոր ԸՕ-ն պետք է վիժեցնեն: Այդ դասընթացները փող արժեն, չէ՞: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, վստահաբար, վերջին մարդը չէր, որ իմացել էր նոր ԸՕ-ի տապալման մասին: Եվ, ուրեմն, ինչո՞ւ էր ԿԸՀ-ն մինչեւ երեկ դեռ դասընթացներ անցկացնում: Ինչո՞ւ էին այդքան հարցաթերթիկ տպել, այդքան թուղթ ու թանաք գնել, այդքան դասախոս վարձել, դպրոց վարձակալել, այդքան մարդու կտրել աշխատանքից ու դասի բերել:



Գիտեմ ինչ է ասելու Մուկուչյանը. «ԿԸՀ-ն իր պարտավորությունն է կատարել, իսկ երբ ես, անհանգստացած շրջանառվող խոսակցություններից, հարցում ուղարկեցի կառավարություն, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ նոր ԸՕ-ն գործադրելու համար համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն»:



Այ քեզ զավեշտ: Փաստորեն, եթե Մուկուչյանը հարցում չուղարկեր կառավարություն, շարունակելու էր ապառիկով ընդունված ԸՕ-ին համեմատ տեղամասային հանձնաժողովների անդամներ պատրաստելու անդուլ աշխատանքը, մինչեւ որ կառավարությունից գլխի ընկնեին, որ Մուկուչյանին պետք է ստոպ տալ:



Բայց ափսոս, որ այսպես եղավ: Մեզ արդեն հասցրել էին սովորեցնել, որ ընտրողը մտնելու էր ընտրատեղամաս, մատը դնելու էր հատուկ սարքին, կանաչ լույս էր վառվելու, հատուկ կտրոն էր տպվելու, ընտրողն այդ կտրոնով մոտենալու էր հանձնաժողովի անդամին, նա կտրոնի համարով ընտրողների ցուցակում գտնելու էր ընտրողին, անվան դիմաց դնելու էր իր դրոշմակնիքը, հանձնաժողովի մյուս անդամը ընտրողին կուսակցությունների թվին համապատասխան քվեաթերթիկ էր տալու (10, 20, 30… ), ընտրողը պետք է բոլորը թափեր եւ միայն իր ընտրած կուսակցության քվեաթերթիկը դներ բաց պատուհանիկով ծրարի մեջ, մոտենար քվեատուփին, այստեղ նստած անդամը պետք է բաց պատուհանիկից երեւացող քվեաթերթիկի վրա փակցներ տեղամասի համարով ինքնասոսնձվող դրոշմանիշ, եւ վերջում ծրարը գցեին քվեատուփ: Մի խոսքով՝ անպատմելի մի ռոմանտիկա, որից ՀՀ կառավարությունը մեզ զրկեց: Նոր ԸՕ-ով հանձնաժողովի անդամը կարող էր մատը դնել հատուկ սարքի վրա եւ, կանաչ լույս ստանալով, մասնակցել ընտրությանը հենց այդ ընտրատեղամասում եւ չվազեր իր տեղամասում ընտրելու: Փաստորեն, նույնիսկ հանձնաժողովների անդամների մասին էլ էին մտածել: Հուզիչ է:



ՀՀԿ խոսնակ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո հավաստիացրեց, թե՝ ոչինչ, էլի կքննարկենք, կշտկենք նոր ԸՕ-ն: Ի՞նչը պետք է շտկեն, եթե նորից մեջտեղ է գալու անձը հաստատող միատեսակ փաստաթղթի խնդիրը, եթե ընդդիմությունը նորից պետք է պնդի մատը թանաքոտելու անհրաժեշտությունը, իսկ Գալուստ Գրիգորիչն էլ, որպես միջնադարից մնացած քայլող բարոյականություն, պետք է հակաճառի, թե քաղաքացի Պողոսն իրեն վատ կզգա, եթե իր կնոջ ձեռքը բռնեն՝ մատը թանաքոտելու նպատակով:



Եթե համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն եւ առկա չեն լինելու, գուցե այսօ՞ր արդեն հայտարարեն, որ, ինչպես հին ու բարի ժամանակներում, ընտրողին տալու են մեկ քվեաթերթիկ՝ բոլոր կուսակցությունների ցանկով, սովորական ծրար, հանձնաժողովների անդամները դարձյալ ստիպված են լինելու ստորագրել բոլոր քվեաթերթիկների դարձերեսին: Ի դեպ, նոր ԸՕ-ով, ամեն կուսակցության քվեաթերթիկի դարձերեսին պետք է նշվեին տվյալ կուսակցության երեւելիների անունները: Հիմա ո՞ր մասում են նշելու:



Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում Տիգրան Մուկուչյանը, որպեսզի նոր ընտրակարգը սերտած ապագա հանձնաժողովականները հետ սերտեն ամեն ինչ ու վերհիշեն լավ մոռացված անցյալը: Բնականաբար, պետք է նոր դասընթացնե՞ր կազմակերպվեն:
Ի՞նչ կարելի է առաջարկել այս իրավիճակում: Առաջին. պարտավորեցնել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ սեփական միջոցներով վերականգնել պետությանը հասցված վնասը: Երկրորդ. ներողություն խնդրել հազարավոր այն քաղաքացիներից, որոնց արդեն վերապատրաստել են նոր ԸՕ-ով աշխատելու համար: Եվ երրորդ. մի կողմ դնելով հայկական պոզավոր երեւակայությունը՝ կազմակերպել պարզ, արդար եւ թափանցիկ ընտրություններ՝ առանց իրար ուտելու, հաշտված այն մտքի հետ, որ ժողովրդի քվեն չունեցող հերթական իշխանությունը կարող է վերջինը լինել նորանկախ Հայաստանի պատմության մեջ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ