Առանց միջադեպերի

Առանց միջադեպերի

Երեկ, մինչ Սպենդիարյանի անվան  Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում Արցախի անկախության 25-ամյակին նվիրված ՀՅԴ հավաքի և նույն օրը Ազատության հրապարակում կայանալիք «Սասնա ծռերի» աջակցության հանրահավաքի սկսվելը խոսակցություններ էին շրջանառվում, որ այդ միջոցառումների մասնակիցների «շփումը» կարող է անկանխատեսելի միջադեպերի պատճառ դառնալ: Խոսակցություններն, անշուշտ հիմքեր ունեին և դրանք հաստատվեցին նաև Ազատության հրապարակի հարթակից հնչած որոշ ելույթներով:



«Սասնա ծռերի» կողմնակիցներն արդեն ելել էին քայլերթի, երբ ավարտվեց ՀՅԴ միջոցառումը: Մասնակիցները սկսեցին դուրս գալ շենքից և խմբվել հրապարակում: «Սասնա ծռերի» կողմնակիցներից, ակնհայտորեն, «պոչեր» էին մնացել հրապարակում՝ մարտականորեն տրամադրված մի խումբ կանայք, որոնք, իրենց բղավոցներով ամեն կերպ ջանում էին ինչ-որ բան հրահրել՝ ձեռքերով ցույց տալով շենքից դուրս եկողներին:



Տեսնելով որ իրենց հարայհրոցին ուշադրություն չեն դարձնում՝ կանայք շուրջկալ արեցին հարթակում կանգնած մի տղամարդու, ով, չնայած որ քայլերթի մասնակիցները հեռացել էին, շարունակում էր իր ելույթը, որի թեման կնոջ և տղամարդու հավասարությունն էր: Տղամարդը պնդում էր, որ նրանք չեն կարող հավասար լինել և, առհասարակ, դա «գալուբոյների» կարգախոս է: Իր ելույթը, չգիտես ինչու, տղամարդը ավարտեց շատ անսպասելի մի հայտարարությամբ. «Պետության դեմ ձեռք բարձրացնողները պետք է փտեն բանտում»: Այստեղ արդեն կանայք չդիմացան: Նրանք նախ՝ միքանիհարկանի հայհոյանքներով ապացուցեցին որ Հայաստանում տաղամարդն ու կինը հավասար են, և ապա սկսեցին այնպես քաշքշել այդ տղամարդուն, որ սա մի կերպ ազատվեց՝ փախուստի դիմելով: «Դե գնա, ես քու սադրիչ տը, տը, տը,տը»,- նրա հետևից թռվավ «Սասնա ծռերին» սատարող մրահոն հայուհու «բարեմաղթանքը»:



Էդ.Ա.