Աշտարակի քաղաքապետն անկեղծանում է պաշտոնը լքելուց առաջ

Աշտարակի քաղաքապետն անկեղծանում է պաշտոնը լքելուց առաջ

Աշտարակի գործող քաղաքապետ, անկուսակցական Արմեն Անտոնյանը հանել է թեկնածությունը։ Սեպտեմբերի 18-ին այստեղ համայնքի ղեկավարի ընտրություններ են, որին կմասնակցի 7 թեկնածու։ Անտոնյանը քաղաքի պաշտոնական Ashtarak.am կայքում աշտարակցիներին ուղերձ է հղել, որտեղ նշել է իր առաջադրման, ապա նաեւ ինքնաբացարկի պատճառները։ Նա նախ ներկայացրել է իր արածն ու չարածը, խոսել քաղաքապետի ու համայնքի բյուջեի հնարավորություններից, կատարված ու թերի մնացած աշխատանքներից, դրանց պատճառներից։ Աշխատանքների մի զգալի ցանկ է ներկայացրել, որոնք կատարվել են իր օրոք՝ ասֆալտապատումից մինչեւ ջրահեռացում, լուսավորության ապահովում, կանաչապատում եւ այլն։ Վերջում նա նշել է, որ չէր ցանկանում առաջադրվել, բայց իրեն համոզել են, խնդրել, նա էլ, անսալով որոշ աշտարակցիների խնդրանքներին, առաջադրվել էր։



«Ինքնառաջադրվեցի եւ, լինելով անկուսակցական, դիմեցի կոալիցիա կազմած ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների մարզային կառույցներին` իմ թեկնածությունը պաշտպանելու համար: Մոտ երկու շաբաթ սպասեցի, առայժմ ոչ մի արձագանք: Գտնում եմ, որ գործող համայնքապետին չաջակցելը նշանակում է իշխանության կողմից անվստահություն՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,-նեղսրտած գրել է նա իր ուղերձում եւ վերջում դրոշմել իր «կարապի երգը». «Ցանկանալով չստեղծել ավելորդ լարվածություն՝ շնորհակալությունս եմ հայտնում իմ ընտրողներին եւ, ներողություն խնդրելով, որոշում հանել իմ թեկնածությունը»։ Այս թեմայով Արմեն Անտոնյանի հետ մեր զրույցը բավականին անկեղծ ստացվեց։ Թերեւս, պաշտոնը լքելիս բոլորն են անկեղծանում։



- Պարոն Անտոնյան, ինչո՞վ եք պայմանավորում իշխանությունների անտարբերությունը, որ դիմեցիք նրանց՝ աջակցության ակնկալիքով, բայց արձագանք չեղավ։ Մինչ այդ բանակցություններ չկայի՞ն իշխանությունների հետ։



- Ես ուղիղ եմ աշխատել եւ աշխատում։ Այն, ինչ գրված է, դա բացարձակ իրականությունն է, եւ առանց որեւէ այս կամ այն ճանապարհներով շարժվելու, ես գրավոր դիմել եմ մարզային կառույցներին, երկու շաբաթ սպասելուց հետո հասկացել եմ, որ ինձ չեն ուզում աջակցել, ուստի որոշել եմ, որ պետք է հանեմ իմ թեկնածությունը։ Ես իրենց հետ հանդիպում չեմ ունեցել, որ իմանայի, թե պատճառները որոնք են։



- Իսկ ինքներդ Ձեր մեջ վերլուծե՞լ եք, թե որոնք են պատճառները։ 4 տարի է՝ քաղաքապետ եք, այս տարիներին իշխանությունները գո՞հ են եղել Ձեր աշխատանքից, թե՞ դժգոհ։



- Այդ հարցը Դուք կարող եք իրենց տալ՝ գոհ են եղել, թե դժգոհ։ Ամեն դեպքում, նման բաներ չեն եղել՝ ոչ լավը, ոչ վատը։ Ամեն դեպքում, դժգոհություն չեն հայտնել։ Միակ բանը, որ ես ափսոսանքով եմ նայում, այն է, որ լավ կլիներ՝ իշխանությունները գոնե մի անգամ ասած լինեին՝ սա ճիշտ ես անում, սա՝ սխալ կամ այս կամ այն թերությունն ունես։ Այս քար լռությունն է, որ ինձ բերել է այս քայլին։



- Նորանշանակ դաշնակցական մարզպետի հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են։ Ինչպիսի՞ն են նախկին մարզպետի հետ հարաբերությունները, որը մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է։



- Նոր մարզպետի հետ հարաբերություններս նորմալ են, նախկինի հետ՝ աննորմալ։



- Հնարավո՞ր է, որ նախկին մարզպետի հետ այդ աննորմալ հարաբերություններն ազդեցություն ունեցած լինեն, որ Ձեզ չաջակցեցին իշխանությունները։



- Դե, եթե Դուք ասում եք՝ հնարավոր է, ես էլ ասում եմ՝ կարող է, հնարավոր է։



- Տեսեք, հաճախ էր խոսվում, որ Դուք թույլ քաղաքապետ եք, որ քաղաքի ավագանին հիմնականում ընդդիմադիր էր եւ կարողանում էր ճնշումներ գործադրել ու չանցկացնել Ձեր առաջարկած որոշումները։ Գուցե իշխանությունն ավելի՞ ուժեղ քաղաքապետ էր ցանկանում, որ իրենց որոշումներն անարգել անցկացնեն։



- Ես փորձել եմ տեղական ինքնակառավարման մարմնի դերը բարձրացնել։ Իհարկե, դա տարբեր տեղերում տարբեր ձեւով է ընդունվել, որոշ մարդիկ կարծել են, թե ես սխալ եմ աշխատում, կամ մտածել են, որ ես թույլ եմ, որ ավագանին չի անցկացնում ներկայացված նախագծերը եւ այլն։ Բայց դա այդքան էլ այդպես չէ, որ եթե ավագանու որոշ անդամներ այս կամ այն որոշմանը դեմ են եղել, ուրեմն նրանք ընդդիմադիր են։



- Իշխանություններն Աշտարակում ունե՞ն ֆավորիտ թեկնածու, որին աջակցելու են։



- Ես չեմ կարող ասել, համենայնդեպս, ես դեռ որեւէ մեկի հանդեպ չեմ նկատել։



- Ի՞նչ եք կարծում, առաջադրված 7 թեկնածուներից ամենամեծ շանսերն ո՞վ ունի, եւ Դուք ինքներդ ո՞ւմ կաջակցեք, ո՞ւմ ձայն կտաք։



- Կդժվարանամ այդ հարցին պատասխանել այս պահին։ Ես իմ ուղերձի վերջում կոչ եմ արել ընտրողներին՝ ձայն տալ նրան, ով որ ազնիվ ու նվիրված կաշխատի մեր քաղաքի համար։



- Դուք ո՞ւմ մեջ եք տեսնում դա՝ ազնիվ ու նվիրված աշխատելու ջիղը, դժվա՞ր ընտրություն կլինի Ձեզ համար՝ թեկնածուներից ընտրել այն արժանավորին, որը գուցե Ձեզնից ավելի լավ կղեկավարի քաղաքը։



- Անկեղծ ասած՝ այո, դժվար ընտրություն կլինի։ Կարծում եմ՝ պատասխանս պիտի արդեն հասկանալի լինի։



- Իսկ ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո։



- Բնականաբար, պարապ չեմ մնալու եւ զբաղվածության կենտրոն չեմ դիմելու (ծիծաղում է)։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ