Աշտարակում դաշտն ազատ է. ՀՀԿ-ն թեկնածու չունի

Աշտարակում դաշտն ազատ է. ՀՀԿ-ն թեկնածու չունի

Սեպտեմբերի 18-ին կայանալիք ի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից երեքն ինքնաբացարկ են հայտարարել։ Մի թեկնածուի գրանցումն էլ մերժվել է։ Ինքնաբացարկ հայտարարած թեկնածուներից է գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը, որն իր այդ քայլը պատճառաբանել է իշխանությունների կողմից աջակցություն չստանալու հանգամանքով։ Մյուս երկու թեկնածուներն են Գեւորգ Էդիգարյանը եւ Սերգեյ Մովսիսյանը։ Իսկ Հարություն Օհանյանի առաջադրումն էլ ԿԸՀ-ն է մերժել՝ ընտրագրավ չմուծելու պատճառով, ինչը թերեւս կրկին ինքնաբացարկի է նման։



Արդյունքում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն չորս թեկնածուներ՝ նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը, ԲՀԿ-ական Արշալույս Մեժլումյանը, որը 27-ամյա գործարար է, անկուսակցական Ռազմիկ Տերտերյանը, որը եւս գործարար է, եւ Թովմաս Շահվերդյանը, որն «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է եւ «Աշտարակի ձոր» հանգստյան գոտու տիրոջ որդին։ Հատկանշական է, որ ՀՀԿ-ն որեւէ թեկնածու չի առաջադրել այս քաղաքում եւ որեւէ մեկին պաշտոնապես չի սատարում։ ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը եւս ինքնառաջադրված թեկնածու է, թեեւ ասում են՝ նախկին մարզպետի կողմից է «ինքնառաջադրվել»։



ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն որոշել է Աշտարակում որեւէ մեկին չառաջադրել եւ չաջակցել, եւ հիմա դաշտն ազատ է։ «Մեր մարզային կառույցներն են որոշում քաղաքներում ում աջակցեն-չաջակցեն։ Այս դեպքում մեր Արագածոտնի տարածքային կառույցն է նման որոշում կայացրել, մենք էլ հարգել ենք այդ որոշումը»,-ասաց պարոն Թադեւոսյանը՝ առաջարկելով դիմել իրենց մարզային կառույցին։ Իսկ թե ինչու չեն աջակցել գործող քաղաքապետին, որը դիմել էր իրենց այդ հարցով, Թադեւոսյանն առաջարկեց դիմել իրենց մարզային կառույցին, թող իրենք մեկնաբանեն։



Նշենք, որ ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավարը նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է։ Վերջինս լարված հարաբերությունների մեջ է ինչպես գործող քաղաքապետ, առաջադրումից հրաժարված Արմեն Անտոնյանի, այնպես էլ քաղաքի ավագանու որոշ անդամների, նաեւ մարզի այլ պաշտոնյաների ու գործող մարզպետի հետ։ Դաշնակցական մարզպետի գալով թվում էր, թե մարզում կրքերը կհանդարտվեն, եւ պաշտոնյաներն իրար հետ նորմալ կհամագործակցեն, սակայն, ինչպես երեւում է, ՀՀԿ-ական նախկին մարզպետը տեղը դադար չի մնում եւ շարունակում է խառնվել մարզի կառավարմանը։



Հետեւաբար, ինչպես մի քանի օր առաջ մեզ տված հարցազրույցում չբացառեց Աշտարակի գործող քաղաքապետը, հնարավոր է՝ հենց Սահակյանն է խանգարել, որ իշխանություններն աջակցեն Անտոնյանին։ Այդուհանդերձ, դա չի նշանակում, թե ՀՀԿ-ն կամ առնվազն գոնե ՀՀԿ-ի մարզային կառույցը, ի դեմս Սարգիս Սահակյանի, որեւէ մեկին չի աջակցի այս ընտրություններում։ Դեռ վաղուց էր խոսվում, որ Սահակյանի ֆավորիտ թեկնածուն նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանն է, եւ նա, անկախ ամեն ինչից, լծվելու է Ղալաչյանին ՀՀԿ-ի լծակներով քաղաքապետ դարձնելու գործին։



Հատկապես, որ Ղալաչյանը, ըստ մեր տեղեկության, Սահակյանի սանիկն է։ Այնպես որ, այստեղ արդեն ավելի շատ քավոր-սանիկական դաշինքն է գործելու, քան կուսակցականությունը։



Ղալաչյանին լուրջ մրցակից են նաեւ գործարարներ Թովմաս Շահվերդյանն ու Ռազմիկ Տերտերյանը։ Աշտարակցների խոսքով՝ նրանք երկուսն էլ լավ հեղինակություն ունեն Աշտարակում։ Տերտերյանը նախկինում էլ է դրել թեկնածություն, սակայն ձայների փոքր տարբերությամբ պարտվել է։ Թ. Շահվերդյանն էլ երիտասարդ գործարար է, հայտնի՝ աշտարակցիներին։ Հատկապես նրա հայրը, որ «Աշտարակիձոր» ռեստորանային համալիրի տերն է, մեծ հեղինակություն ունի մարզի մասշտաբով, եւ այս ամենը, բնականաբար, ընտրություններում կօգտագործվի ի շահ Թոմի. Աշտարակում այդպես են կրճատ անվանում Թ. Շահվերդյանին։



Իսկ ԲՀԿ-ական թեկնածուի առաջադրումն այս ընտրություններում ավելի շատ ոչ թե քաղաքապետական, այլ զուտ քաղաքական ենթատեքստ ունի։ Աշտարակցիները վատ չեն արտահայտվում նրա մասին. «Նորմալ, երիտասարդ տղա է, բիզնեսով է զբաղվում»։ Այլ հարց է, թե ինչու է առաջադրվել՝ հատկապես, որ ունի լուրջ մրցակիցներ, եւ շանսերը հազիվ թե առավել լինեն նրանցից։ Բանն այն է, որ այս տարվա ՏԻՄ ընտրությունները շատ կուսակցությունների համար պարզապես փորձադաշտ են եւ նախաշեմ 2017-ի համապետական ընտրություններից առաջ։ Ուստի քաղաքական ուժերը փորձում են տարբեր քաղաքներում թեկնածություններ առաջադրելով` ապահովել իրենց վաղվա էլեկտորատը խորհրդարանական ընտրություններում։ Ըստ էության՝ Աշտարակում եւս ԲՀԿ-ն համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցում է զուտ մասնակցելու համար, որպեսզի նախ գնահատի իր ուժերն այս քաղաքում եւ հարմար հող նախապատրաստի հաջորդ ընտրությունների համար։ Արշալույս Մեժլումյանի հավաքած ձայներն իրենց համար ցուցիչ կլինեն, թե որքան պոտենցիալ էլեկտորատ ունեն 2017-ի ընտրություններում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ