Վերջապես հանգուցյալները հանգիստ կննջեն

Վերջապես հանգուցյալները հանգիստ կննջեն

Երեկ ԱԺ ոչ իշխանական ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ իշխանական ՀՀԿ, ՀՅԴ խմբակցությունների միջեւ ստորագրվեց Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության փաստաթուղթը։ Նշենք, որ սա այլընտրանք է մինչ այդ «4+4+4» ձեւաչափով ձեռք բերված կոնսենսուսային փաստաթղթին, որը տապալվեց լեհական ընկերության պատճառով, իսկ վերջինս ասել էր, թե սահմանված ժամկետում չի հասցնի ID քարտերի տպագրությունը։ Դրա փոխարեն իշխանությունը վերջապես համաձայնեց ստորագրված ցուցակների հրապարակմանը, որին մինչ այդ սկզբունքորեն դեմ էր։



Այս փաստաթղթի ստորագրումն անցավ չափազանց ջերմ ու սիրառատ մթնոլորտում։ Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց շնորհակալության եւ գովեստի խոսքեր շռայլեցին՝ գնահատելով այս դարակազմիկ համաձայնությունը։ Թեպետ ընդդիմությունը նշեց, որ սա դեռ լիարժեք երաշխիք չէ արդար ու թափանցիկ ընտրությունների համար, բայց լուրջ ֆունդամենտ է դրան հասնելու ճանապարհին։ Լեւոն Զուրաբյանը սա պատմական փաստաթուղթ համարեց՝ պահը եւս պատմական որակելով։ Իշխանությունից էլ սրամտեցին, թե մեր նորագույն պատմիչներն անպայման կգրեն այս «պատմական իրադարձության» մասին։



Իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներ Հովհաննես Սահակյանը եւ Արմեն Ռուստամյանն արագ ստորագրեցին փաստաթուղթն ու փոխանցեցին ընդդիմությանը։ Ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների մոտ դանդաղեց պատմական պահի անմահացումը։ Սահակյանն էլ պահը չկորցրեց ու «պատմական» ռեպլիկ բաց թողեց․ «Փաստորեն, մենք ավելի կազմակերպված ենք, արագ ստորագրեցինք, փոխանցեցինք»։ Պարզվեց՝ ընդդիմությունը գրիչ չունի։ Խեղճ ընդդիմություն։



Լեւոն Զուրաբյանը գրիչ խնդրեց՝ իր պատմական ստորագրությունը դրոշմելու համար։ Նրան օգնության հասավ նույն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ իր ոչ պատմական, հասարակ գրիչով։ Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, թե բոլոր վարչական ռեսուրսները գտնվում են իշխանության ձեռքում՝ «վարչական ռեսուրսներ» ասելով՝ գրիչը նկատի ունենալով։ Վերջում Դավիթ Հարությունյանը որոշեց մոտենալ եւ գրիչներով փոխանակվել Նաիրա Զոհրաբյանի հետ, ձեռքի հետ էլ ողջագուրվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հետ։



Ստորագրումից հետո հետաքրքրվեցինք ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից, թե ինչ է ներառում այս փաստաթուղթը՝ ստորագրված ցուցակների հրապարակումից զատ։ «Ցուցակների հրապարակումն ուժեղացված է մի քանի կետերով․ դրանք են՝ բողոքարկումը երկարացվել է, ուժեղացված են նաեւ ընտրախախտումների համար քրեական պատասխանատվության տույժերը։ Նաեւ բողոքարկումների արդյունքում ընտրությունները չեղյալ կամ անվավեր հայտարարելու հնարավորություններն են շատացել»,-ասաց պարոն Մանուկյանը՝ նկատելով, որ սրան գումարվում է նաեւ նախորդ փաստաթղթից մնացած տեսանկարահանող սարքերի տեղադրման մասին կետը։



- Այս նոր փոփոխություններով ստորագրված փաստաթուղթը լիարժեք այլընտրանք հանդիսանո՞ւմ է նախորդ փաստաթղթին՝ իր 5 կետերով։
- Ոչ, նա ավելի ուժեղ փաստաթուղթ էր, ըստ իս, նա համալիր մոտեցում էր կեղծիքների նկատմամբ, նա ավելի շատ անցքեր էր փակում կեղծիքների։ Բայց մի «բայց» կա․ էս մի կետը (ցուցակների հրապարակումը) որ փոխարինեց նրանց, սա մեր տասներեք տարվա պայքարի արդյունքն էր։ Այսինքն՝ սա, որպես առանձին կետ, շատ ավելի ուժեղ է, քան նրանցից ցանկացած կետ։



- Թող շատ կոպիտ չհնչի հարցս, բայց դուք ձեզ «քցված» համարո՞ւմ եք իշխանությունների կողմից։
- Չէ, որովհետեւ մենք առաջին ձախողումից հետո պահանջեցինք ադեկվատ փոխհատուցում այն չեղարկված կետերի վերաբերյալ, եւ միակ լուրջ կետը, որ իսկապես ես համարում եմ հաջողություն, ցուցակների հրապարակումն է, սքանավորած ցուցակների։



- Դուք հավատո՞ւմ եք, որ իսկապես լեհական կողմից տեխնիկական խնդիրներն էին պատճառը, որ չկայացավ նախորդ համաձայնությունը։
- Չէ, չեմ հավատում, չեմ կարող հիմնավորել՝ ինչու, բայց ինչո՞ւ մենք կողմ եղանք էս տարբերակին, որովհետեւ ստորագրած ցուցակների սքանավորած տպագրությունը լրջագույն միջոց է, որպեսզի այն 5-6 հարյուր հազարը, որ միշտ քվեարկել են ուրիշների փոխարեն, դրա դեմն առնես։



- Այնպիսի տպավորություն է, ասես ընդդիմությունը գնաց «իշխանությունից մազ պոկելն էլ քյար է» ճանապարհով։
- Սա «մազ պոկել» չէր, սա 13 տարվա երկարատեւ, դաժան աշխատանքի արդյունք էր, սա լուրջ արդյունք էր այդ կետի շուրջ։ Բայց ամենեւին սա չի նշանակում համալիր համակարգ, որով բացառվելու են բոլոր կեղծիքները։ Էլի եմ ասում, իմ հաշվարկով՝ 500 հազար կեղծ մարդ սրա արդյունքում կպակասի, որոնք երկրում չէին, բայց այստեղ իրենց տեղը քվեարկում էին, կամ հանգուցյալ են։ Գումարած՝ դա շաղախվեց բողոքարկումների ժամկետով, դրա հիման վրա անվավեր հայտարարելով, պատիժները խստացնելով։



- Հանգուցյալներին հանգիստ կտրվի՞ ցուցակների հրապարակմամբ։
- Ոչ միայն հանգուցյալներին, այլ այն բոլոր հարյուր հազարավոր մարդկանց, որոնք հայաստանյան գրանցում ունեն, հայաստանյան ցուցակներում են, բայց այլեւս չեն կարող քվեարկել։ Իսկ նախորդ օրենսգրքի դեպքում կարողանում էին քվեարկել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ