Վարչապետը կարող է մի անգամ էլ հյուսիսից չառաջանալ, հարավից առաջանալ․ Գալուստ Սահակյան

Վարչապետը կարող է մի անգամ էլ հյուսիսից չառաջանալ, հարավից առաջանալ․ Գալուստ Սահակյան

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ թե ձախողեց, այլ կարողացավ որոշակիորեն շտկումներ մտցնել, առավելևս Հովիկ Աբրահամյանը վարչապետ դարձավ, երբ երկրի միկրոկլիման շատ ծանր էր և դժգույն էր, և անընդհատ որոշակի աշխատանք կատարվեց և անընդհատ հնարավորություն ստեղծվեց, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր գոյությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վարչապետների փոփոխության հարցին։



Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ մեր վարչապետը հյուսիսից ստացվեց, պարոն Սահակյանն ասաց․ «Կարող է մի անգամ էլ հյուսիսից չառաջանալ, հարավից առաջանալ»։



Դիտարկմանը, թե ստացվում է, որ ՀՀԿ-ի ներսում այլևս կադրեր չկա՞ն, որ դրսից են կադր բերում վարչապետի պաշտոնում, Գալուստ Սահակյանն ասաց․ «ՀՀԿ-ն շատ կադրեր ունի, բայց ՀՀԿ-ն էն կուսակցությունն է, որ ոչ թե կուսակցական խաղերի մեջ է, այլ նաև ցանկանում է էնպես անել, որ երկիրը բարեհաջող վարիանտներով առաջ գնա»։Իսկ թե ինչպես պիտի Կարեն Կարապետյանը երկիրը դուրս բերի այս ծանր վիճակից, ԱԺ նախագահը հորդորեց այդպես չմտածել, թե այնքան ծանր է, որ պիտի մտածեն՝ ինչպես դուրս բերել։



«Ինքը պարզապես լավ մասնագետ է, և սովորաբար հարցնում են՝ այս նոր վարչապետը ի՞նչ պիտի անի՝ չմտածելով հետևյալը, որ վարչապետի հիմնական գործը տնտեսությունը առաջ տանելն ու զարգացնելն է։ Ինչքան վարչապետ գալիս է, աշխատում է այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ որոշակի հետևելու, կատարելու, կատարողներին վերլուծելու առանձին օղակներ կստեղծվեն, որը կկարողանա ժամանակին զգալ իրողությունները, առավելևս էդ հարցերը, որ հիմա տալիս եք, մի քանի օրից կառավարության ծրագիրը կլինի, և մեջը ամեն ինչ գրված կլինի»,-նկատեց Գալուստ Սահակյանը։



Hraparak.am-ի այն դիտարկմանը, թե փաստորեն երկրի վիճակն այքնան ծանր էր, որ ստիպված դրսի՞ց մասնագետ բերեցին, այդ թվում՝ ՀՀԿ-ից դուրս գտնվող մեկին, պարոն Սահակյանն այսպես արձագանքեց․ «Ես դրան էլ համամիտ չեմ, թե ՀՀԿ-ում կադրեր չկային։ Ուղղակի մտածումն այնպես եղավ, որ ինքը լինի։ Իմիջիայլոց, մեր երկրի ծանր վիճակը 90-ականներին սկսել է ու անընդհատ էդպես ծանր էլ գնում է։ Մեր երկիրը երբեք լավ վիճակ չի ունեցել։ 2000 թ. արդեն ժողովրդի կեսին պարտք էր երկիրը, և մի կերպ կարողացանք դրանից դուրս գալ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ