Պատմության սիմվոլիկան

Պատմության սիմվոլիկան

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ին ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովն «աշխատանքային այցով կմեկնի Անկարա, որտեղ բանակցություններ կվարի իր թուրք պաշտոնակից Աքարի հետ»:



Գերասիմովի այցն Անկարա մեկ ամիս առաջ հետաձգվել էր, երբ Թուրքիան ներխուժել էր Սիրիայի հյուսիս: Այնուհետեւ մամուլում ակնարկներ եղան, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետերը «կարող են հանդիպել Աստանայում կամ Բաքվում»: Այսօր արդեն հայտնի է, որ Աքար-Գերասիմով բանակցությունները տեղի կունենան Անկարայում: Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման, Սիրիայի հարցում Քերի-Լավրով պայմանավորվածությունների համատեքստում այդ հանդիպումը կարելի է արտառոց չհամարել:



Խորհրդանշական է հանդիպման օրը՝ սեպտեմբերի 15-ը: 1918թ. սեպտեմբերի 15-ին Օսմանյան Թուրքիայի էքսպեդիցիոն կորպուսը գրավեց Բաքուն: Բոլշեւիկյան Ռուսաստանը, որ մինչ այդ Բաքվում հռչակել էր խորհրդային իշխանություն, փաստացի քաղաքը պահելու որեւէ քայլ չձեռնարկեց: Բաքուն թուրքերին հանձնվեց, որպեսզի չգրավվի անգլիացիների կողմից: Փաստացի սեպտեմբերի 15-ն է Արեւելյան Անդրկովկասում ադրբեջանական պետության ստեղծման օրը:



Մինչ այդ մուսավաթական կառավարության իրավազորությունը տարածվում էր միայն Գյանջա քաղաքի վրա: Եվ պատահական չէ, որ պոստխորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում կանգնեցված է «թուրք ազատարար զինվորի» հուշարձանը: Աքար-Գերասիմով բանակցությունների օր նշանակելիս հազիվ թե այդ հանգամանքը հաշվի է առնվել: Պարզապես սեպտեմբերի 15-ը խորհրդանշում է ռուս-թուրք-գերմանական համաձայնությամբ Արեւելյան Անդրկովկասում հայ ժողովրդի իրավունքների բռնաճնշումը:



Աստված հեռու պահի փորձությունից…