Արթուր Վարդանյանի գործն ավարտվեց, բայց հարցականները շատացան

Արթուր Վարդանյանի գործն ավարտվեց, բայց հարցականները շատացան

Անցյալ տարի նոյեմբերին հայտնաբերված զինյալ խմբի գործով նախաքննությունն ավարտվել է։ Մեղադրյալների փաստաբաններին նյութերը դեռ չեն ուղարկվել։ Հայտնի է, որ գործով անցնող 20 մեղադրյալների, այդ թվում նաեւ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի մեղադրանքը խստացվել է, եւ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, իրացնելու (223-րդ հոդվածի 1-ին մաս, 235-րդ հոդվածի 2-րդ մաս) մեղադրանքներին գումարվել է իշխանության զավթման նախապատրաստության փորձը (Քրօր. 35-300-րդ հոդված)։ 



Սա զարմացրել է փաստաբաններին, որոնք ներգրավված են գործով։ Մանավանդ, որ վերջին 3-4 ամիսների ընթացքում քննչական գործողություններ գրեթե չեն արվել։ «Հանկարծ կտրուկ մեղադրանքը լրացրեցին եւ պատրաստվում են ուղարկել դատարան»,- ասում է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ, նախկին ազատամարտիկ Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը։ Նա, ինչպես եւ մյուս փաստաբանները, դժվարացան նշել, թե ինչ ապացույցներ են մեղադրանքի հիմք ընդունվել, որոնք են այդ փաստերը, որոնք վարույթն իրականացնող մարմինը բավարար է գտել մարդկանց նման ծանր հանցագործություններ մեղսագրելու համար։ Ըստ Հովիկ Արսենյանի, մեղադրանքի ծավալի ավելացման հարցում դեր են խաղացել «Սասնա ծռերի» շուրջ ծավալվող իրադարձությունները։ «Ինչո՞ւ հենց սկզբից չդրեց այս մեղադրանքը, ըստ Ձեզ» հարցին նա պատասխանում է. «Իրավիճակն է փոխվել, ես կարծում եմ՝ «Սասնա ծռերի» դեպքերից հետո քննչական մարմինն ավելի մեծ համարձակություն ստացավ նման քայլեր կատարելու»։ Ինչպես արդեն գրել ենք, Գառնիկ Մարգարյանը հանդիպել է Արթուր Վարդանյանին, նրանից որոշ առաջարկներ է ստացել, սակայն նրանք իրար չեն հասկացել, եւ Մարգարյանը վռնդել է «Հայոց վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանին իր առանձնատնից, որտեղ իրեն հանդիպելու էր եկել Արթուրը։ Այդ հանդիպմանը ներկա ազատամարտիկներից էր «Տիգրան Մեծ» աշխարհազորի ռազմական խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանը։ Նրան ներկայացված ապացույցների մասին Առաքելյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Ալվանդյանը տեղյակ չէ։ Սակայն ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Առաքելյանը կալանավորվելուց անմիջապես հետո խոստովանել էր, որ երկու ավտոմատ է վաճառել հանցավոր խմբի անդամներին։ Նրա փաստաբանն ասում է. «Ինչ են գտել իր դեմ, ինչ ապացույցներ են ներկայացրել՝ ոչ մի բան չեն հայտնել։ Ես որտեղի՞ց իմանամ։ Մենք սպասում ենք, որ նյութերը պետք է տան, հասկանանք, թե ինչն ինչոց է։ Պարզ է, պատվեր են կատարում»։



Վլադիմիր Առաքելյանը վատ տրամադրություն ունի եւ առողջական լուրջ խնդիրներ։ Հիշեցնենք, որ Առաքելյանի եւ մյուս ազատամարտիկների կալանավորումից մի քանի օր առաջ ազատ էին արձակել ավելի վաղ կալանավորված 5 անձանց՝ Նելլի Մինասյանին, Լիլիթ Թորոսյանին, Սրբուհի Այվազյանին, Հայկ եւ Հրանտ Վարդանյաններին։ Ազատության մեջ է նաեւ Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւորական հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը, որը, ինչպես հայտնի է, ժամանակին «դուրս էր» եկել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վրա եւ նրան էր ներկայացրել Արթուր Վարդանյանին։ Ինչո՞ւ է Շիրխանյանը բանտում, իսկ հոգեւորականը՝ ազատության մեջ։ Այս հարցը տալիս էր լուսահոգի Տիգրան Տեր-Եսայանը, որը պաշտպանում էր Շիրխանյանի շահերը։ Նույն հարցը շաբաթ օրը հրավիրված ասուլիսում տվեց Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը. «Ի՞նչ չափորոշիչներով որոշեցին, որ հոգեւորականը հիվանդ էր, եւ նրան պետք էր ազատել կալանքից, եւ ի՞նչ չափորոշիչներով այսօր հայտնի քաղաքական գործիչ Վահան Շիրխանյանը, որը ծանր հիվանդ է, պետք է մնա անազատության մեջ»։



Նա իր պաշտպանյալին համարում է քաղբանտարկյալ, իսկ իշխանության յուրացման նախապատրաստության փորձը՝ մի «այլանդակ հոդված», ինչը կարող են ցանկացած անձի վրա դնել, որը մի փոքր փորձում է ըմբոստանալ։ Հիշեցնենք, որ նոյեմբերին, երբ Արթուր Վարդանյանը եւ նրա ընկերները նոր էին ձերբակալվել, մամուլում տարածվեց Վարդանյանի ղեկավարած «Հայոց վահան» կազմակերպության էջում տեղադրված նրա հարցազրույցը, որում նա քննադատում էր Հայաստանի իշխանություններին, խոսում էր արտագաղթի մասին. «Ինչքան քիչ հայ լինի, այնքան հեշտ կլինի կառավարել երկիրը: Եթե մեր ներքին թշնամուն չկարողանանք հաղթել, արտաքին թշնամուն չենք կարողանա հաղթել… Հայհոյանքներ Ազգային ժողովում, անգրագետ խոսելակերպ, մարդիկ, որ արժանի չեն նույնիսկ կոշիկ մաքրելու, ներկայումս զբաղեցնում են պաշտոններ: Այդ ամենն ունենալով՝ մենք ինչպե՞ս կարող ենք խոսել միջազգային ասպարեզում դիրքեր գրավելու մասին: …Ես ինձ սփյուռքահայ չեմ համարում, ես հայ եմ, Հայաստանում պետք է ինձ զգամ իմ տանը»: ԱԱԾ-ն պաշտոնապես հաղորդել էր, որ Արթուրի վարձակալած բնակարանից մի ամբողջ արսենալ զենք է առգրավել, եւ որ խումբը թիրախավորել էր պետական նշանակության օբյեկտներ՝ Ազգային ժողով, կառավարություն, նախագահական, ՍԴ, բայց կոնկրետ անձանց անուններ, որոնք խմբի թիրախում էին, ԱԱԾ-ն չի հրապարակել։ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը որեւէ առնչություն չունի ոչ Արթուր Վարդանյանի, ոչ էլ նրա խումբ կոչվածի հետ, վստահեցնում է նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը. «Ով որ մտածում է, որ կապ ունի, նա խորը մոլորության մեջ է»։ Նա այս ողջ գործում ոչ միայն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմնավորում չի տեսնում, այլեւ փոխկապակցված մտքեր։ «Կարող է մարդը խոսի սխալ, բայց փոխկապակցված։ Իսկ այստեղ նույնիսկ փոխկապակցված մտքեր չեմ տեսնում»։



- Հայտնի է, որ Վահան Շիրխանյանին ներկայացրել են ձայնագրություն, որում նա խորհուրդ է տալիս «վերացնել» նախագահին Թոխմախի Մհերի օբյեկտում, որտեղ նա, իբր, հաճախ է գնում խաղալու։ Արդյո՞ք սա կարելի է օգտագործել որպես ապացույց։



- Մի քիչ այդպես չէ։ Ասում են՝ սատանան դետալների մեջ է, այդ դետալների մեջ եք շփոթվում։ Նախ՝ այդ ձայնագրությունն արված է օրենքի խախտմամբ, եւ չեմ կարծում, որ օրենքի շրջանակներում դա կարելի է օգտագործել։ Մոռանանք դրա մասին, դրանք սիրողական խոսակցություններ են։ Այդ խոսակցության բովանդակությունն այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է։ Նրբություններ կան, որոշիչ նրբություններ։



- Կարծում եք՝ գործն արդեն դատարա՞ն կուղարկեն։



- Ես չգիտեմ, առայժմ տպավորություն է, որ ուզում են դատարան ուղարկել։ Ես խորհուրդ չէի տա այս տեսքով դատարան ուղարկեին։ Լավ կլիներ, որ մինչեւ դատարան ուղարկելը փոխեն իրենց կարծիքը եւ պարոն Շիրխանյանի մասով վերանայեն։



ՀԳ. Մեր տեղեկություններով՝ Արթուր Վարդանյանի եւ մյուսների գործը բավականին ծավալուն է ստացվել եւ ներառում է մոտ 40 հատոր։ Անցյալ տարվա նոյեմբերին, երբ հանրությունը շոկի մեջ ընկավ՝ տեղեկանալով հանցավոր խմբի գոյության մասին, ԱԱԾ-ն մտադիր էր պարբերաբար բավարարել մարդկանց հետաքրքրությունը եւ տվյալներ հայտնել այս սենսացիոն վարույթի մասին։ Հետագայում, սակայն, կրկին անցավ իր սովորական փակ, գաղտնի գործելաոճին՝ բազմաթիվ հարցեր անպատասխան թողնելով։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ