Օրենսգի՞րք, թե՞ դիվերսիա Հայաստանի նկատմամբ

Օրենսգի՞րք, թե՞ դիվերսիա Հայաստանի նկատմամբ

Հայաստանի քաղաքական եւ հատկապես բիզնես շրջանակներում մեծ դժգոհություն առաջացրած Հարկային նոր օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումներն են ընթանում ԱԺ արտահերթ նիստում։ Խոսակցություններ կային, որ Կարեն Կարապետյանի նշանակումը կհանգեցնի ՀՀ հարկային օրենսգրքի ընդունման հետաձգմանը, սակայն միջազգային կառույցների պահանջով իշխանությունը հարկադրված է նոր օրենսգիրքն ընդունել մինչեւ տարեվերջ։ Բանն այն է, որ օրենսգրքի մշակմանը ֆինանսական լուրջ աջակցություն ցուցաբերած միջազգային ֆինանսական կառույցները որոշակի ժամկետային սահմանափակումներ են դրել, եւ դրանց խախտումը կարող է հանգեցնել Հայաստանին տրամադրվող վարկերի ու դրամաշնորհների սառեցման։ Իսկ միջազգային կառույցների շահագրգռությունը բացատրվում է ՀՀ վարկային մեծ բեռով եւ վարկերը մարել չկարողանալու մտահոգությամբ։ 



Օրենսգիրքն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է հուլիսին, սակայն խորհրդարանական մեծամասնության, հատկապես բիզնեսմեն պատգամավորների բուռն դժգոհություններն ստիպեցին, որ նախագիծը մինչեւ երկրորդ ընթերցումը փոփոխությունների ենթարկվի։ Այդուհանդերձ, պատգամավորները երեկ դժգոհում էին, որ էական փոփոխություններ չեն արվել։ Թեեւ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը լրամշակված նախագիծը ներկայացնելիս հակառակն էր պնդում՝ հատառհատ թվարկելով փոփոխությունները։ Ասենք, օրենսգրքի նախնական տարբերակում սահմանված էր շրջանառության հարկի 40 մլն. դրամի շեմ, լրամշակված տարբերակով՝ 58.35 մլն.: Վերանայվել են նաեւ ամորտիզացիոն մասհանումները: Սա գործարարների մոտ դժգոհություն առաջացրած դրույթներից մեկն էր: Միրումյանը թվարկեց այլ ոլորտներ եւս, որոնք լրամշակվել են՝ շահաբաժինների, շինարարության ոլորտի հասույթների հաշվարկման, հարկերն ուշ վճարելու համար սահմանված տույժերի, ակցիզային հարկի եւ այլն։ Մինչեւ 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները, որոնք կազմում են ՀՀ վարձու աշխատողների 89,8 տոկոսը կամ 550 հազար քաղաքացի, կունենան եկամտահարկի տնտեսումներ: Դրանից բարձր աշխատավարձի դեպքում եկամտահարկի դրույքաչափը բարձրանում է: Առաջին ընթերցմամբ 4,3 տոկոսով էր բարձրանում, լրամշակված տարբերակում՝ 1.72: Այսինքն՝ այստեղ էլ է բեռը նվազում: «Շահութահարկի գծով էլ նոր առաջարկություն կա, խոսքը վերաբերում է շահութահարկի գծով արտոնության վերացմանը 2025 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ վճարող այն կազմակերպությունների համար, որոնք գործունեություն են իրականացնում գյուղատնտեսության ոլորտում»,- ներկայացրեց Միրումյանը:



Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «լացն էկավ» հարկայինի քաղաքականության համար, նրա 120 առաջարկներից մի քանիսն են ընդունվել, հետեւաբար՝ նա չի կարող կողմ քվեարկել օրենսգրքին։ Օրինակ՝ առաջարկում էր, որ շրջանառության հարկը գործեր առանց շեմի՝ այնտեղ, որտեղ հարմար է: Նա հիշեցրեց, որ աշխարհում շրջանառության հարկի տեսակարար կշիռն աճում է, եւ պարզապես անընդունելի է, երբ Հայաստանում շրջանառության հարկ է սահմանվում 5 տոկոսը 50 մլն. շեմ ունեցողների համար: Նա նաեւ հայտարարեց, որ 3 տարում կարող է սահմանից հանել ավելացված արժեքի հարկի գանձումը, ի վերջո, պետությունը մինչեւ 1996 թվականն այդպես է աշխատել: «Այս փոփոխություններով Հարկային օրենսգիրքը բեթար վիճակից բերվեց ավելի նվազ բեթար վիճակի»,- իր ելույթում արձանագրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ «Հայաստանում կոռուպցիան, ստվերը կրճատելու համար մենք հստակ առաջարկներ ենք արել, որ կարելի է հստակ դրույքաչափեր սահմանել, եւ այդ դրույքաչափերից հետո այլեւս խաղի կանոնը բոլորի համար կլիներ նույնը: Ինձ համար մնում է տարօրինակ, երբ մենք նեղ մասնագիտական մակարդակում գալիս ենք ճիշտ եզրահանգումների, բայց դրանց արտացոլումն այս նախագծում չենք տեսնում: Ես շատ զարմացած եմ, որ շատերը, դեմ լինելով, կողմ են քվեարկելու»։



Ալեքսանդր Արզումանյանը եւս տարակուսած էր՝ նոր օրենսգիրքն ինչքանո՞վ է համապատասխանում նոր կառավարության ծրագրին. «Դուք վարչապետի ձեռքերը կապում եք, նրան պարտադրում եք մի օրենսգիրք, որի մշակմանը նա չի մասնակցել, որից պատկերացում չունի: Այդ մարդն այս ամբիոնից հայտարարեց, որ ծայրահեղ ծանր վիճակում է տնտեսությունը, հիմա դուք տնտեսությունն էդ ծանր վիճակին հասցրած կառավարության օրենսգիրքը բերել եք ու պարտադրում եք նոր վարչապետին, ասում եք՝ սրանով պիտի աշխատես: Գուցե նա հարկային քաղաքականության լրիվ այլ կոնցեպտ է ներկայացնում»:



ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը կրկնեց վերջին օրերի միակ երգը՝ նոր վարչապետին օդից չեն բերել, նա իրենց քաղաքական թիմի անդամն է, նոր կառավարությունն էլ՝ հնի շարունակողը։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ նոր օրենսգիրքը նահանջ գնահատեց: Իսկ Գուրգեն Արսենյանի գնահատականն ամենախիստն էր. Հարկային օրենսգիրքը ՀՀ-ի նկատմամբ «դիվերսիա» է։ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսի հարցազույցից է սա պարզել. «Տիկինն ասել էր, որ եթե ՀՀ-ն ընդունի այս Հարկային օրենսգիրքը, ՀՀ-ին մեծ օգուտներ կբերի, ՀՀ-ին պետք են լավ ճանապարհներ, լավ կառավարում։ ՀՀ-ն միջազգային աջակցության կարիք ունի, ներդրումների կարիք, միջազգային շատ հայտնի կազմակերպություններ ՀՀ-ն դիտում են որպես ներդրումներ անելու վայր։ Սա կարեւոր ազդանշան է, Հարկային օրենսգիրքը փոխելով՝ ՀՀ-ն ցույց կտա, որ լուրջ է մոտենում խնդրին, մեծ գումարներ կգան: Եթե դա տեղի չունենա, հասկանո՞ւմ եք, թե ինչ կարժենա երկրի համար: Ես ուզում եմ հարց տալ տիկին Սանչեսին՝ քանի՞ անգամ Դուք պետք է փորձեք այդ նույն ուղտը ծախեք ՀՀ պետության վրա, որը մենք անընդհատ վճարել ենք, ու չկա: Եթե գիտեիք, սկզբից փոխեիք, երբ ՀՀ-ին վարկային բեռ էիք տրամադրում, որը դարձել է 5,5 մլրդ., այդ ժամանակ խոսեիք: Հիմա պարզ է, որ իրենք իրենց երկրի դարդն են, որ վարկերը տվել են՝ ուզում են հետ ստանան, ես իմ երկրի տնտեսվարողների դարդն եմ, որոնք, ցավոք, ունեն ՀՀ-ից հեռանալու եւ այլ երկրներում իրենց տնտեսական գործունեությունը ծավալելու մտադրություն»։ Պատգամավորը խոսուն փաստ համարեց այն, որ իշխող մեծամասնությունը ելույթներ չի ունենում՝ ի պաշտպանություն օրենսգրքի։



Մեր տեղեկություններով՝ մինչ քննարկումը ՀՀԿ խմբակցությունում նիստ էր հրավիրվել եւ բոլորին հրահանգվել՝ «չքլնգել» օրենսգիրքը։ «Կիլիկիա» գարեջրագործարանի սեփականատեր պատգամավոր Հակոբ Հակոբյանը պարզաբանեց՝ ելույթ չունեցավ, որովհետեւ բավարարված է փոփոխություններից։ Պատգամավորի 9 առաջարկներից 5-ը 100 տոկոսով են ընդունվել, չորսն էլ՝ մասնակի։ Նա անգիր չհիշեց իր առաջարկները։ «Շրջանառելի տարայի, ավելացված հարկի, հաշիվ-ապրանքագրերի․․․ բոլորն անգիր չեմ հիշում, բայց հիմա հաստատ կողմ եմ, ինձ բավարարում է այս օրենսգիրքը»,- ասաց նա։ Գարեգին Նուշիկյանն էլ մեր զրույցում հիմնականում դրական գնահատեց փոփոխությունները. «Հիմնական դժգոհությունը վարչարարության հետ է կապված»։ Օրենսգիրքը քվեարկության կդրվի այսօր առավոտյան։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ