Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին

Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին

Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթի»- ների աշխատակիցները հաճախորդներին չափում են «շեֆի» արշինով, նրանց աչքին բոլորը գող են երեւում։ Ու հավանաբար «շեֆը» նրանց այնքան «պռախոդ» է տվել, որ նաեւ կարող են իրենց ոստիկանի լիազորություններ վերապահել, «գողին» տեղում խուզարկել։



«Ռոսիայի» տարածքում գտնվող «Երեւան սիթից» դուրս գալիս դրամարկղից մեկ քայլ հեռու մոտենում է անվտանգության աշխակից ներկայացող խստադեմ մի երիտասարդ՝ պահանջելով բացել պայուսակը, որովհետեւ «կասկածելի բան է նկատվել»։ «Ո՞րտեղ է նկատվել, ինչի՞ հիման վրա»,-զարմանքս փարատում է աշխատակցի վեր տնկած ցուցամատը՝ «Տեսախցիկները»։ Պահանջեցի ցույց տալ տեսախցիկների արձանագրածը, պարզվեց, որ դրա հնարավորությունը կտրվի ամենաշուտը կես ժամից, փոխարենը անվտանգության աշխատակիցը առանձնակի եռանդով սկսեց քրքրել փոքրիկ պայուսակս, մտավ պայուսակի բոլոր ծալքերը, ու առանձնակի եռանդով փորփրելուց հետո հիասթափված ներողություն խնդրեց։ Պարզվեց՝ փոքրիկ պայուսակիս մեջ երշիկ էին փնտրում, որովհետեւ «կասկածելի բանը» նկատել էին երշիկեղենի բաժնում։



Ի գիտություն Լֆիկի ու իր բանդայի՝ անձին խուզարկելու իրավունք ունեն միայն իրավապահ մարմինները, սա կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Եթե անգամ կասկածելի բան է նկատվում, ապա պարտավոր եք ահազանգել իրավապահ մարմիններին, քանի որ միայն նրանց է այդ իրավունքը վերապահված, ինչպես «պեչենի» գողացած պապիկի դեպքում էր: