Նախագահն է նշանակել՝ ելնելով նպատակահարմարությունից

Նախագահն է նշանակել՝ ելնելով նպատակահարմարությունից

Երեկ Սերժ Սարգսյանը կատարեց վերջին նշանակումները՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվեց Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնանկ եղավ՝ տեղը զիջելով Վիգեն Սարգսյանին։ Սա ուշագրավ էր այն առումով, որ Պնախարարի պաշտոնում, որպես կանոն, զինվորական անձ է նշանակվում, մինչդեռ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն անգամ նորմալ չի ծառայել բանակում։ Սեյրան Օհանյանի հետ համակարգը լքեց նաեւ երկար տարիներ ԶՈՒ գլխավոր շտաբը ղեկավարող աղմկահարույց Յուրի Խաչատուրովը։ Նրան փոխարինեց Արցախի պաշտպանական բանակի նախկին ղեկավար, մի քանի ամիս առաջ բանակի նյութամատակարարման դեպարտամենտի պետ նշանակված Մովսես Հակոբյանը, որը Հայաստան էր տեղափոխվել մայիսին՝ զբաղեցնելով Պնախարարի տեղակալի պաշտոնը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս նշանակումներում արտառոց ոչինչ չի տեսնում. «Խնդիր կար ավելի թարմացնել առաջիկա ծրագրերը, եւ այդ նշանակումները դրանով են պայմանավորված»։



- Կարելի՞ է ասել, որ իշխանությունն արտգործնախարարից գոհ է, իսկ Սեյրան Օհանյանից՝ ոչ։



- Ոչ, մենք որեւէ մեկից որեւէ դժգոհություն չենք ունեցել, պարզապես ժամանակներն այնպիսին են, որ պետք է կարողանանք նոր մեթոդներով նոր լիցքեր տանք ընդհանուր աշխատանքին։



- Բայց չէ՞ որ Նալբանդյանը կառավարության «ամենահին» դեմքերից է, ինչո՞վ կբացատրեք նրա մնալը։



- Ես մտածում եմ, որ այնպես չէ, որ ինչով կբացատրես, ինչով չես բացատրի, էդպես են գտել նպատակահարմար, եւ դրա համար էլ պահպանվել է։



- Ինչո՞վ է նպատակահարմար՝ որ ռուսական կո՞ղմն է նրա համար միջնորդել։



- Գիտեք, մեր հայերի խնդիրն այդ է, որ ամեն ինչ դրսում են անում, ստեղ մենակ կատարողներ են։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանն Էդվարդ Նալբանդյանի հետ, կամ, առհասարակ, Ռուսաստանը որեւէ պաշտոնյայի հետ ի՞նչ կապ ունի։ Ես կրկնում եմ, որ նախագահն է նշանակել՝ ելնելով նպատակահարմարությունից։



- Նոր կառավարության հետ կապված՝ իշխանականներն թմբկահարում էին, որ պրոֆեսիոնալների կառավարություն է լինելու, ազգային համաձայնության։ Այդպիսի՞ն է։



- Մենք որեւէ դեպքում երբեք չենք թմբկաբերում որեւէ բան, էէէ, տարիներ շարունակ իշխանության ենք, եւ այն, ինչի մասին խոսք է գնում, այն է՝ միացյալ գոտի։ Դա, կարծում եմ, տեղի կունենա 2017-ի ընտրություններից հետո։



- Սա ազգային համաձայնության կառավարությո՞ւն չէ։



- Սա կառավարություն է, որը կատարում է ՀՀԿ-ի ծրագիրը եւ ՀՀԿ-ի առաջ քաշած ծրագրավորումը։



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՊՆ-ում նշանակումները պայմանավորեց նոր ընդունված Սահմանադրությամբ։



- Պարոն Բաղդասարյան, Նալբանդյանն արդարացրե՞լ է ՀՀԿ-ի սպասելիքները, ինչը չի արել Սեյրան Օհանյանը։



- Դուք ինչո՞ւ չեք խոսում արտաքին ոլորտում գրանցած հաջողություններից եւ ձեռքբերումներից, մենք ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ եւ հաջողություններ, եւ հենց դրա գնահատականը տրվեց։



- Որո՞նք էին այդ ձեռքբերումներն ու հաջողությունները։



- Մեր ձեռք բերած կայունությունը, որ կարողանում ենք այսքան՝ ոհմակի տպավորություն թողնող թշնամու դեմ դիմակայել ու մեր կայուն դեմքը թողել։



- Ապրիլյան պատերազմն այդ կայունության հետեւա՞նքն էր։



- Եթե Դուք դիտարկում եք, թե ինչ ծրագրված պլաններ ունեին մեր հակառակորդները, ու դրա արդյունքները համեմատում ենք մեր ձեռքբերումների հետ, մենք բավականին լուրջ փորձություն անցանք եւ պատվով ու հաղթանակով ենք դուրս եկել դրանից եւ արտաքին քաղաքականության հարթակում։ Եվ դա վերաբերում է նաեւ մեր պաշտպանությանը, երբ Սեյրան Օհանյանը փայլուն կատարեց այդ բոլոր գործողությունները, սակայն որոշ իրադրությունները եւ բացթողումների ուսումնասիրությունը, այո, ինչու չէ՝ եղել են նաեւ բացթողումներ, եւ այդ առիթով լուրջ քննարկումներ ենք ունեցել, նաեւ Սեյրան Օհանյանի հետ քննարկումների արդյունքում եկել են այդ եզրակացման, հատկապես, որ նոր փոփոխությունների ու Սահմանադրության իրողության պայմաններում նախարարը չպետք է լինի զինվորական։ Որովհետեւ երկուսի՝ շտաբի պետի եւ նախարարի զինվորական լինելը կարող է խանգարող հանգամանք լինել։



- Ինչո՞ւ։



- Որովհետեւ այդ պարագայում զինվորական հրահանգ միայն մեկը պետք է արձակի, եթե Դուք ուշադիր հետեւեք, լայն հնարավորություններ են նոր Սահմանադրությամբ տրվել շտաբի պետին, եւ համար մեկ զինվորականը լինում է շտաբի պետը։



- Ստացվում է, որ Հակոբյանն է նախարարը։



- Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի՝ այո։



- Պարոն Բաղդասարյան, հիմա Սեյրան Օհանյանն ապրիլյան պատերազմի՞ պատճառով է հրաժեշտ տվել պաշտոնին։



- Նաեւ՝ իմ նշած պատճառով։ Որպես զինվորականի՝ ապրիլյան պատերազմի ժամանակ նրանից որեւէ դժգոհություն չի եղել, գուցե նախկինում իր պարտականությունները կատարելիս բացթողումներ է գրանցել։



- Իսկ Օհանյանի տիկնոջ հրապարակային գործունեությունը, Ձեր կարծիքով, ազդե՞լ է ամուսնու պաշտոնանկության որոշման վրա։



- Ընտանիք միք մտնի, ես ավանդապաշտ մարդ եմ եւ հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ չմտնել պաշտոնյաների ընտանիք։



- Ընտանիք չենք մտնում, Օհանյանի տիկինը հանրային դեմք է, այսօր էլ նոր ֆոտոսեսիա է արել եւ տեղադրել Ֆեյսբուքում. խոսքը դրա մասին է։ Դուք ասացիք, որ քննարկել եք Սեյրան Օհանյանի պաշտոնանկության հարցը, ես էլ հարցնում եմ՝ նրա տիկնոջ գործունեությունը քննարկվե՞լ է։



- Ոչ, մենք նման քննարկումներ չենք ծավալել։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ