Իսկական կուսակցություն դառնալու համար ՀՀԿ-ի պես պետք է երկար պայքարեն

Իսկական կուսակցություն դառնալու համար ՀՀԿ-ի պես պետք է երկար պայքարեն

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ իշխանությունն օրինական ընտրություն անցկացնելու բավարար կամք դեռեւս չունի, Հայաստանում ընտրության գործընթացն ուղեկցվեց ապօրինություններով: Ընտրողներին վարչական եւ ֆինանսական շահագրգռության միջոցով ուղղորդելու մեթոդից այս անգամ էլ չհրաժարվեցին, անգամ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառվեց։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձում է՝ ասելով, որ այս անգամ եղել է բացառապես առողջ մրցակցություն, դրա վառ ապացույցը որոշ համայնքներում ՀՀԿ-ի թեկնածուների պարտությունն է։



- Եթե հիշում եք, նախկինում ընդդիմադիր գործընկերները կուրծք էին ծեծում, թե բոլոր համայնքներում ՀՀԿ-ականներն են, այս անգամ, բացառությամբ որոշ համայնքների, իրենք թեկնածուներ էին առաջադրել։ Ողջունելի է նաեւ, որ հենց այդ առողջ մրցակցության պարագայում էլ որոշ համայնքներում պարտություն են կրել ՀՀԿ-ական թեկնածուները, օրինակ՝ Արթիկում, Մարտունիում։ Բայց պետք է նշեմ, որ ընդդիմադիր կուսակցությունների համայնքապետերի թիվն էլ է այս ընտրությունների ընթացքում կրճատվել։



- Ամեն դեպքում, այս ընտրությունների ժամանակ էլ ահազանգեր եղան ընտրակաշառք բաժանելու մասին, եղան ուղղորդումներ, լրագրողների գործունեությունը խոչընդոտեցին։



- Ուրեմն Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 292 համայնքներում լինի ընտրություն, ու նման բաներ տեղի չունենան, միայն Վանաձորում եւ Գյումրիում 400-ից ավելի թեկնածուներ կային։ Այդքան ընտրողների ու մասնակիցների պարագայում հնարավո՞ր է չլինեն նման դեպքեր, այդ ի՞նչ հսկողություն պետք է սահմանվեր, որ չլիներ։ Դատապարտելի է, իհարկե, լրագրողի հետ կապված միջադեպը, ընդ որում՝ այդ միջադեպն ստեղծել է ոչ թեկնածուն, ոչ վստահված անձը։



- Վանաձորի ՀՀԿ-ական թեկնածուի վստահված անձի բարեկամն է եղել։



- Վստահված անձի բարեկամուհի, ասենք՝ աներոջ տղեն, ինչեւէ, պիտի պատասխանատվություն կրեն։ Մենք բազմիցս ենք նշել՝ կան արջի ծառայություն մատուցողներ, մարդիկ, որ իբր իրենք ջատագով են այդ ամեն ինչին, ուզում են օգտակար լինել, դրանց մեր կողմից նայում են շատ վատ։
Դուք այդքան համայնքներից մի օրինակ եք բերում, համեմատության մեջ նայո՞ւմ եք նախորդ ընտրությունների հետ, թե ինչքան թափանցիկ էր։ Ընտրությունների ընթացքում բոլոր թեկնածուները հարցազրույցներ էին տալիս, հիացած ասում, որ ամեն ինչ լավ է, թվերը հաշվելուց հետո՝ ընտրակաշառքներ, խախտումներ. դա պարտվողի հոգեբանություն է, արդարանում են։



ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան



- Պարոն Սահակյան, կիրակի տեղի ունեցած ընտրությունները հին ու բարի մեթոդներով ընթացան, ընտրակաշառքի մասին ահազանգեր հնչեցին, այլ խախտումներ արձանագրվեցին, լրագրողների նկատմամբ՝ ճնշումներ։ Փաստորեն, ՀՀԿ-ն բովանդակային փոփոխություն չի պատրաստվում կրել, եւ կառավարության այս փոփոխությունները ձեւական են։



- Դրանք պարզապես խոսակցություններ են, եթե մարդիկ չունեն քաղաքական ուժ, քաղաքական ներդրումներ, միանգամից սկսում են խոսել անօրինական գործողություններից։ Մեկ անգամ պետք է լրագրողները տեսնեն, թե հիմա ինչպիսի կուսակցական գործիքակազմ կա, նրանք չեն կարող մեծ ձայներ առաջ տանել։ Ասում են՝ Հանրապետականի իշխանություն է, մենք որ դնում ենք, նրանք ամեն ինչ անում են, որ չանցնենք, դրա համար չենք դնում։ Բայց հենց որ գալիս են ԱԺ ընտրություններ, բոլորը զինավորվում են ու ասում՝ ԱԺ պատգամավոր պիտի դառնանք։



- Բայց ՏԻՄ ընտրություններում խոշոր քաղաքներում քաղաքական գրեթե բոլոր ուժերը ներկայացված էին։



- Հասկացա, կային, բայց քաղաքական ուժեր են, որոնք պետք է կարողանան որոշակի ճանապարհ անցնել եւ ունենալ զորություն, որպեսզի կարողանան օգտվել համայնքապետ, պատգամավոր դառնալու գործիքներից։ Հիմա չեն կարողանում, որովհետեւ քաղաքական այդ ուժը, ներգործությունը բացակայում է իրենց միջից, պիտի կարողանան տարիներ շարունակ քաղաքականության մեջ լինեն, դառնան իսկապես կուսակցություն, որը տարիներ շարունակ պարտվել է, հաղթել, առաջ ու հետ գնացել, որպեսզի հետագայում նաեւ հնարավորություն ունենա երկրի իշխանության տերը դառնալու, թե իրենց քաղաքական հավատամքները հասարակության մեջ ընդունելի դարձնել։



- Օրինակ, ինչքա՞ն ժամանակ է հարկավոր իրական կուսակցություն դառնալու համար։



- Ես կարծում եմ, որ եթե ՀՀԿ-ին նայենք, դա երկար ժամանակ է, եւ այդ երկար ժամանակում ՀՀԿ-ն դարձավ իսկական կուսակցություն։ ՀՀԿ-ն նորանկախ Հայաստանի առաջին կուսակցությունն է, մենք կարողացանք պայքարել երկար տարիներ, ընդ որում՝ հիմքերում սովետական շրջանի քաղբանտարկյալներ էին, եւ այդպես պայքարով էլ եկանք իշխանության՝ 1999-ին։ Այդ նույն ձեւով էլ մյուսները պետք է պայքարեն։ Թե չէ՝ խմբեր են կազմում, ժողովներ անում, գրանցվում արդարադատության նախարարությունում, ու թերթերը հոլովում են, թե կուսակցություններ կան։ Ընդ որում՝ եթե խոսում եք Գյումրիի եւ Վանաձորի մասին, այնքան կուսակցություններ կան, որ ես ինքս շփոթում եմ, թե որը որ մեկինն է։



- Ձեզ մեղադրում են քաղաքական դաշտը մենաշնորհելու հարցում։



- Բա մենք ենք իշխանության, մեզ պիտի մեղադրեն։ Ով ընդդիմության ճանապարհով է գնում, մեզ է մեղադրում։



- Մենաշնորհել եք, տարբեր մեթոդներով թույլ չեք տալիս կայանան։



- Ես չեմ կարծում, բայց եթե դաշտը մենաշնորհել ենք, իսկապես այդպես են մտածում, ուրեմն առաջիկա բոլոր ընտրություններին էլ այդպես պետք է մտածեն, բայց մենք չենք մենաշնորհել, հանգիստ հասարակ պայքարի մեջ ենք։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մոտ 150 տեղում ոչ մեկ թեկնածու չեն առաջադրել, հանրապետականներն իրար դեմ են պայքարում։



- Այո, ընտրության օրը Ձեր կուսակից Ռուդիկ Ղուկասյանը հայտարարում էր, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, նրա դեմ այլ թեկնածու էիք առաջադրել, անգամ գործող քաղաքապետն ի զորու չէ պայքարել դրա դեմ։



- Նա մեր կուսակցությունից չէ, մեր կողմից ընտրված քաղաքապետ է, բայց ՀՀԿ-ական չէ, եթե նույնիսկ եղել է, ուրեմն ես չգիտեմ ինչ ճանապարհով, բայց, ընդհանուր վերցրած, ՀՀԿ-ական չէ։



 Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ