Ընտրողին շատ կոնկրետ հետաքրքրում է իր «քյարը»

Ընտրողին շատ կոնկրետ հետաքրքրում է իր «քյարը»

Երեկ խորհրդարանը քննարկում էր կիրակնօրյա ՏԻՄ ընտրությունները՝ հետեւություններ անում, խայթում միմյանց, գնահատականներ տալիս։ Մինչ «հաջողակները» թմբկահարում էին իրենց «հաղթարշավը»՝ հայտարարելով, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքները լինելու են 2017-ի ԱԺ ընտրությունների հայելին, «անհաջողակները» փորձում էին իրերն իրենց անուններով կոչել ու գործընկերներին ցած իջեցնել երկնքից։ Օրինակ՝ ՀԱԿ-ը, որն ամենաանմխիթար ցուցանիշներն ունի, իր պարտությունը բացատրեց նրանով, որ տեղի է ունեցել ոչ թե գաղափարների, այլ կլանների պայքար։ «ՏԻՄ ընտրություններում ժողովուրդը ոչ թե գաղափարական ծրագրերի օգտին է քվեարկում, այլ ազդեցիկ մարդու, որից հիմնականում ստացած է լինում փող,- լրագրողներին ասաց Լեւոն Զուրաբյանը։ - Բնականաբար, նման գործընթացի մեջ երբեք ցանկություն չենք հայտնել մտնել: Մենք քաղաքական, գաղափարական կուսակցություն ենք եւ ընտրողին կարող ենք առաջարկել միայն գաղափարներ եւ ծրագրեր: Այս անգամ որոշում ընդունվեց մտնելու ՏԻՄ ընտրապայքարի մեջ միայն մեկ պատճառով, որ առաջին անգամ Վանաձորում եւ Գյումրիում ընտրությունները պետք է անցնեին կուսակցական կարգով: Տպավորություն ունեինք, որ մենք կարող ենք ընտրակաշառքի փողի հարթությունից գնալ դեպի գաղափարական հարթություն, ինչը չստացվեց: Այս ընտրությունները կրել են խայտառակ, կլանային բնույթ: Պատկերացնո՞ւմ եք՝ կուսակցությունն իր նախընտրական արշավում շեբեն փռի կամ տանիք վերանորոգի»: 



Այսինքն՝ ընդդիմադիր մյուս կուսակցություններին է՞լ է մեղադրում ընտրակաշառք բաժանելու մեջ։ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ գաղափարական-քաղաքական պայքար են տարել ՀԱԿ-ը, «ԳԱԼԱ»-ն եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ու խայտառակ արդյունքներ են գրանցել: Գրեթե նույնը կրկնեց Նիկոլ Փաշինյանը՝ ԿԸՀ նախագահի ընտրության քննարկման ժամանակ նկատելով, որ ՀՀ-ում քաղաքականության մեջ ներգրավված գաղափարական մարդ կա՛մ ընդհանրապես չկա, կա՛մ զրոյական տոկոս է կազմում: «Ես նկատի ունեմ քաղաքական էլիտան եւ ընտրողը, իրեն շատ կոնկրետ հետաքրքիր է իր քյարը: Վերջնական արդյունքում իր համար ավելի կարեւոր է՝ ատամի պրոթեզի հարցը կարո՞ւմ ես լուծել, էրեխու վարձը կարո՞ւմ ես տալ, իրեն գործի կարո՞ւմ ես ընդունել, իր ռեցիդիվիստ ախպորը բանտից կարո՞ւմ ես հանել: Էս է քաղաքական գործոնը, ու հասկանալի է, որ ՀՀ-ում հիմնական քաղաքական գործոնը փողն է: Հիմա մենք նայում ենք՝ էս ո՞նց եղավ, որ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, էն մեկին քվեարկեցին, շատ պարզ եղավ՝ իրենք ամենամեծ փողն են ծախսել էս ընտրությունների վրա»։ Թեեւ դա միայն ընտրակաշառք չէ. «Դա դեղ է, կոշիկ է, օպերացիա է՝ կապ չունի»։



Փաշինյանն ասաց, որ ժամանակն է արձանագրել, որ ՀՀ-ում կա մի ազդեցիկ ընտրական ինստիտուտ, որի մասին ընդունված չէ բարձրաձայնել, պայմանականորեն ասած՝ ընտրական հարյուրապետների եւ հազարապետների ինստիտուտը. «Դրանք այն մարդիկ են, որոնք իրենց թաղերում, շենքերում, տներում ամենամեծ ազդեցությունն ունեն մարդկանց կարծիքի ձեւավորման վրա, նույնիսկ ավելի մեծ ազդեցություն, քան ցանկացած քաղաքական գործիչ: Էս մարդիկ, ըստ էության, միջնորդի դեր են ստանձնում իշխանության եւ բնակիչների միջեւ, տարբեր նյութական եւ ոչ նյութական ծառայություններ մատուցում»: Այնուհետեւ պատգամավորն անդրադարձավ հեղափոխությո՞ւն, թե՞ ընտրություն բանավեճին եւ հայտարարեց, որ հեղափոխության ի զորու ուժը կարող է հաղթել նաեւ ընտրություններում:



Հաջորդ ելույթում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց Նիկոլ Փաշինյանին․ «Փողոցից իշխանություն վերցնելն անհնար է, քանի որ օբյեկտիվ նախապայմանները չկան: Ուզում եմ ասել՝ պաթոսով խոսելը, կուրծք ծեծելը քվե չի դառնում, եթե դա չի ուղեկցվում տաժանակիր կուսակցական աշխատանքով։ Ժողովուրդը դրեց իր տեղը։ Դու տեղերում պետք է ունենաս կառույցներ, ստեղծես ժողովրդի հետ շփվելու հարթակներ ու ոչ թե այս կամ այն վիրտուալ տարածքներից, ֆեյսբուքներից լայքեր հավաքել, համախոհներ ստեղծել։ Մարդն ապրում է առարկայական եւ սպասում է վերաբերմունքների, չեմ ասում, թե իշխանությունը լավ է աշխատում տեղերում, բայց ընդդիմությունն էլ չի աշխատում, որ բերի բալանսի»:



Դահլիճից դուրս Մելքումյանին խնդրեցինք անդրադառնալ գործընկերների մեղադրանքներին։ «Լայցոտ մեղադրանքներ են, բան չկա»։ Իսկ Վարդեւան Գրիգորյանի եւ ԲՀԿ-ի օգտին ստացված քվեները թաղային հեղինակությունների գործոնո՞վ չէր պայմանավորված։ «Բայց ինչո՞ւ, մենք 3-4 պատգամավորներով՝ ես, Լյովա Խաչատրյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Գյումրիից դուրս չեկանք այդ դժբախտ դեպքից հետո եւ արդյունքն ստացանք, առանց փողի... մեր գործընկերները ներկա՞ են եղել, թե մենք օրը քանի հանդիպում ենք ունեցել, բա մեր արդյունքն ինչի՞ վրա է եղել, եղել է մեր աշխատանքների, մեր կառույցների եւ հեղինակավոր մարդկանց շնորհիվ։ Միեւնույն ժամանակ, էդ մարդիկ միայնակ քարոզարշավ չէին կարող անել, մենք էինք, չէ՞, գնում անում»։ Մելքումյանի կարծիքով, 1-2 տարվա նորաստեղծ քաղաքական ուժը բարձր արդյունքներ չի կարող գրանցել. «Ասենք՝ Նիկոլ Փաշինյանին այդ համայնքներում գիտեն, բայց ո՞վ գիտի «Քաղաքացիական պայմանագրի» մասին։ Երկրորդ. բացի քննադատելուց, պետք է նաեւ լուծումներ առաջարկես։ Դուք տեսե՞լ եք, որ մեր ընդդիմադիրները պաթոսով խոսելուց բացի ասեն նաեւ, որ իրենք այսպես կանեն, այնպես կանեն»։



ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առաջարկեց չշփոթել ՏԻՄ ընտրությունները համապետականի հետ: «Ես ձեզ վստահեցնում եմ, անուններ չտամ, բայց եկեք վերցնենք Վանաձորն ու Գյումրին. կոնկրետ քաղաքական ուժերի համար ինչ էական դերակատարություն է ունեցել կոնկրետ անձի՝ այդ կուսակցության առաջին համար լինելը: Վանաձորում կար մարդ, որը, ամենայն հավանականությամբ, կարող էր լինել Հանրապետական կուսակցության ցուցակում, բայց գնաց այլ կուսակցության ցուցակի առաջին համարն զբաղեցրեց եւ իր անձնական ձայներով այդ կուսակցության համար ձայներ ապահովեց: Այդ ձայները փոխակերպվելո՞ւ են պառլամենտականի դեպքում, ես վստահ չեմ։ Համոզված եմ, որ հակառակն է լինելու»,- ասաց նա՝ ըստ ամենայնի ակնարկելով Արկադի Փելեշյանին։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ