Գագիկ Ծառուկյանի վերադարձը՝ մի՞ֆ, թե՞ իրականություն

Գագիկ Ծառուկյանի վերադարձը՝ մի՞ֆ, թե՞ իրականություն

Գագիկ Ծառուկյանի երկրորդ հայտնության մասին լուրերը վերջին օրերին ակտիվացել են։ ԲՀԿ-ի ներկայիս ղեկավարը՝ Նաիրա Զոհրաբյանը, կուսակցության անունից Գագիկ Ծառուկյանին կոչ է անում վերադառնալ ակտիվ քաղաքականություն։ «Դա ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իմ գործընկերների, մեր տարածքային կազմակերպությունների ցանկությունն է եւ պահանջն է, այլ դա նաեւ․․․ հանրության պահանջն է: Եվ ես կարծում եմ, որ այդ պահանջի հետ անպայմանորեն պիտի հաշվի նստել»,- ասել է նա։ Նախօրեին անգամ լուրեր տարածվեցին, թե Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ վերնախավի հետ ու հաստատել, որ վերադառնում է։ 



Հիշեցնենք, որ ակտիվ քաղաքականությունը թողնելու մասին իր որոշումը Ծառուկյանը հրապարակեց մեկուկես տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի հետ սուր հակասություններից հետո: 2015 թ․ փետրվարին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն անողոք քննադատեց իր երբեմնի կոալիցիոն գործընկերոջը՝ Ծառուկյանին, նրան անվանելով «չարիք» եւ «կեղծ քաղաքական երեւույթ»: Անմիջապես ասպարեզում հայտնվեցին ամենատարբեր կալիբրի ՀՀԿ-ականներ եւ սկսեցին դատափետել նրան։ Դրան հաջորդեց Ծառուկյանի գրավոր հայտարարությունը, որտեղ նա ոչ պակաս, եթե չասենք ավելի հուժկու, պատասխան տվեց Սերժ Սարգսյանին՝ նրան անվանելով «այդ մարդը», «նախագահի պաշտոնն զբաղեցնողը»։ Սակայն մոտ 3 շաբաթ տեւած հակամարտությունից հետո Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին:



Իրականում Ծառուկյանի վերադարձի հեռանկարն այս պահին այնքան մշուշոտ է, որքան ԲՀԿ-ի ապագան։ Եվ տեղեկությունները, թե նա հանդիպել է ԲՀԿ-ականների հետ, չեն համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ Ծառուկյանի վերադարձի մասին տենչում են նրանք, ովքեր զգում են, որ իրենց ոտքի «տակից» ԲՀԿ-ն, կարելի է ասել, փախչում է։ Եվ որքան էլ հոխորտան, ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այս կուսակցությունը չունի ոչ մարդկային, ոչ ֆինանսական, ոչ գաղափարական ռեսուրս 2017-ի ընտրություններին մասնակցելու համար, հատկապես Հովիկ Աբրահամյանի գահընկեցությունից հետո։ Հետեւաբար, ամենառեալ լուծումը Ծառուկյանին վերադարձնելն է։ Մեր տեղեկություններով, Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպել է ոչ թե օրերս, այլ մոտ մեկուկես ամիս առաջ՝ Հովիկ Աբրահամյանի «քավորությամբ»։ Իսկ վերջին շրջանում Ծառուկյանի մտադրություններից, ծրագրերից ոչ ոք տեղեկություն չունի։ Դա երեկ խոստովանում էին ԲՀԿ-ականները։ Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը, զարմացած էր. «Ինչու նման հանդիպում է՞լ ա եղել... Իհարկե, չի եղել, որ լիներ, մենք կլինեինք, կիմանայինք»։ Ծառուկյանի վերադարձի մասին, պարզվեց, ԲՀԿ-ում ոչինչ չի քննարկվել։ «Չէ, չենք քննարկել, ես չգիտեմ ինչի մասին եք հարցնում»,- խոստովանեց Հայկ Գրիգորյանը։ Իսկ հավանակա՞ն է նրա վերադարձը, ասաց. «Չգիտեմ, ինքը կորոշի»։ Երբ համառեցինք, ասաց. «Իմ կարծիքով՝ ինքն իր խոսքի տերն է, եթե ասել է, որ դուրս է գալիս՝ դուրս է գալիս, բայց դե որ վերադառնա, ԲՀԿ-ն ուժեղ կլինի»։



Որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը լինելու է միայն Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված, ընդունում են նաեւ ԲՀԿ-ականները։ Լյովա Խաչատրյանը համամիտ է, որ «համակողմանի» քննարկում պետք է լինի։ Իսկ ՀՀԿ-ականները պարզապես շփոթվում էին այդ հարցից՝ չիմանալով ինչ պատասխանել։ «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է եւ փոփոխության ենթակա է»,- անորոշ պատասխան տվեց Էդուարդ Շարմազանովը՝ ապավինելով իր հույն նախնիներից փիլիսոփա Հերակլեսին։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ Ծառուկյանն ինքը պետք է որոշի՝ վերադառնալ, թե ոչ։ «Ես հավատում եմ Ծառուկյանի խոսքին»,- ասաց նա։ Իսկ եթե նման ցանկություն լինի, իշխանությունը կհամաձայնի՞։ «Մենք որեւէ մեկին քաղաքականությունից չենք հեռացրել, հորդորել ենք, որ յուրաքանչյուր մարդ իր գործով զբաղի, հիմա եթե Ծառուկյանը որոշի, որ իր տեղը քաղաքականությունն է, մենք կխոսենք»։ Փաստորեն, հիմա «կրկեսի վերածելու հայրենի՞ք ունենք»։ «Եթե մարդիկ քաղաքականության մեջ են մտնում, պիտի դրա հետ լուրջ հաշվի նստեն ու միայն զբաղվեն քաղաքականությամբ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ Բայց ժամանակին ՀՀԿ-ականներդ ասում էիք, որ Ծառուկյանը ռեսուրս չունի քաղաքականությամբ զբաղվելու, անգամ Պյութագորասի թեորեմը չգիտի։ «Ես նման խոսելաձեւ չունեմ եւ նման գնահատական չեմ տվել, պարտադիր չէ, որ բոլորն իմանան մաթեմատիկական տերմինոլոգիաներ»։



«Եթե Գագիկ Ծառուկյանը պատրաստ է քաղաքական պայքարի, ուրեմն մենք կհետեւենք ու կհասկանանք՝ նա իսկապե՞ս քաղաքական գործիչ է, իսկապե՞ս կայուն տեսակետներ ունի: Անգրագիտությունը պետք է վերանա քաղաքական դաշտից: Մենք հանդուրժել ենք մի իրավիճակ, երբ արվում են վերամբարձ հայտարարություններ` անգամ դրանց իմաստը չհասկանալով»,-մեկ տարի առաջ՝ ՀՀԿ ԳՄ հիշարժան նիստից հետո, կարծիք էր հայտնել Սամվել Ֆարմանյանը։ Հանդուրժելո՞ւ են Ծառուկյանի վերադարձը, Ֆարմանյանը պատասխանեց, թե իր խոսքերը հիմա էլ ուժի մեջ են։ Իսկ Համլետ Հարությունյանը հիշեցրեց, որ ինքը դեռ մեկ տարի առաջ է ասել՝ Ծառուկյանը չպետք է հեռանար՝ «ժողովուրդը նրա պահանջն զգում է»։ Նա չի կիսում կուսակցության վերնախավի եւ շարքայինների՝ Ծառուկյանին տված գնահատականները։ Լեւոն Զուրաբյանին հարցրինք՝ ի՞նչ բաց է մնացել Ծառուկյանի հեռանալուց հետո, որի մասին պնդում է ԲՀԿ ղեկավարը, եւ որը պետք է լրացնի Ծառուկյանը։ «Ամբողջ քաղաքական դաշտը զավթել են այն ուժերը, որոնց որակի մասին, կարծում եմ` բոլորդ տեղյակ եք… հիմա ինչ-որ անձինք թե ինչ ունեն անելու-չանելու, իրենց որոշելու հարցն է»։ ԲՀԿ-ում ասում են, թե Ծառուկյանի վերադարձի հանրային պահանջ կա։ «Որպես հանրության ներկայացուցիչ՝ ես զգում եմ Կոնգրեսի հաղթանակի հանրային պահանջ»: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի խոսքով, իրենք, բոլոր դեպքերում, հարգանքով կվերաբերվեն ցանկացած որոշման։



 Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ