Վանաձորի միասնական քվեարկության հանդեպ վստահություն չկա

Վանաձորի միասնական քվեարկության հանդեպ վստահություն չկա

Վանաձորի քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր դաշտում տեղի ունեցած անսպասելի շրջադարձը, չնայած ոմանց ոգեւորությանը, կարող է խայտառակ հանգուցալուծում ունենալ։



Նախօրեին, ինչպես տեսանք, ընդդիմությունը որոշեց Վանաձորում միավորել իր ուժերը, սատարել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորած Քրիստ Մարուքյանի թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում։ Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու առաջին իսկ նիստի ժամանակ պետք է քաղաքապետ ընտրվի, եւ նրան անհրաժեշտ է 17 ձայն, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեն ընդամենը 15 ձայն, ընդդիմությունն էլ համատեղ ավելի շատ ձայն ունի եւ ըստ այդմ՝ քաղաքապետ ընտրելու հնարավորություն։



Երեկ ոգեւորության ալիք էր բարձրացել, թե իշխանափոխությունն սկսվելու է Վանաձորից, հաջորդ քաղաքապետը լինելու է ընդդիմադիր։ Վանաձորի ավագանու 33 մանդատը հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո բաժանվել էր հետեւյալ համամասնությամբ. ՀՀԿ՝ 13 մանդատ, ՀՅԴ՝ 2, «Լուսավոր Հայաստան»՝ 10, ՀՎԿ՝ 5, եւ ԲՀԿ՝ 3։ Քաղաքապետ նշանակելու համար ՀՀԿ-ին բավարար չեն իր ունեցած 13 եւ դրան գումարած՝ ՀՅԴ-ի 2 մանդատները, նրան հարկավոր է առնվազն եւս 2 ձայն։ Մինչդեռ ընդդիմությունն ունի 18 ձայն։ Իրականում այս պարզ հաշվարկը գործում է միայն տեսականորեն։ Երկուշաբթի Վանաձորում կայանալիք ավագանու անդրանիկ նիստի փակ քվեարկության արդյունքները կարող են ոմանց համար հիասթափեցնող լինել, եւ պարզվի, որ 15 մանդատ ունեցող իշխանությունը հաղթում է 18 մանդատ ունեցող ընդդիմությանը, միամիտ լոռեցիների համար էլ ամիսները, անգամ տարիները չբավականացնեն, որպեսզի գտնեն գլուխկոտրուկի պատասխանը։ Իրար հետ դաշնակցող կուսակցությունների միջեւ էլ կարող է մի այնպիսի անվստահության եւ թշնամանքի, փոխադարձ մեղադրանքների մթնոլորտ ստեղծվել, որից իշխանությունը միայն կհրճվի։



Օրինակ՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտնի քվեարկության ժամանակ երեք տասնյակից ավելի ընդդիմադիրների պարագայում գրանցվեց ընդամենը 3 «դեմ» ձայն, եւ սկսվեց բացահայտման պրոցես, թե ովքեր են կողմ քվեարկող ընդդիմադիրները։



Չնայած երեկ թե ՀՎԿ-ից, թե ԲՀԿ-ից վստահեցնում էին, որ վանաձորյան իրենց թիմակիցները քվեարկելու են Մարուքյանի օգտին, բայց փակ քվեարկությունը բոլորին է մանեւրելու տեղ թողնում, եւ ցանկացածը, «անգամ Լուսավոր Հայաստանը», կարող է մեղադրվել սեփական թեկնածուին չպաշտպանելու ու իշխանության հետ գործարքի գնալու հարցում։ Երեկ մեզ տեղեկություններ էին հասնում, որ ՀՀԿ-ից ճնշումներ են գործադրվում ինչպես ՀՎԿ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի վանաձորյան թեկնածուների վրա։



Օրինակ՝ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորած բժիշկ Այծեմնիկ Օհանյանի հետ Լոռու մարզպետն է երեկ բացատրական զրույց ունեցել։ Թեեւ տիկին Օհանյանն ասաց, որ գոնե իրեն այդքան հարգում են, եւ ճնշումներ, անգամ ընկերական զրույցի տեսքով, չեն եղել։ Նա ԲՀԿ ավագանու երեք անդամի անունից վստահեցրեց, որ կողմ են քվեարկելու Մարուքյանին, իսկ ընդհանուր քվեարկության հարցում խոստովանեց, որ չունի նույն վստահությունը, թե ովքեր կպահպանեն պայմանավորվածությունը, ովքեր՝ կխախտեն։ «Չեմ կարող ասել, ես չեմ կարող ոչ մեկին կասկածել, բայց վստահ չեմ»,- ասաց ԲՀԿ ցուցակի առաջին համարը։



ՀՎԿ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը, որն Էդուարդ Շարմազանովի սանիկն է եւ օրերս ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին, մեկ օր հետո բերման ենթարկվել, ապա ստորագրությամբ ազատ արձակվել, նույնպես ճնշումների է ենթարկվում։ Կան լուրեր, թե Ակային ձերբակալությամբ են սպառնում։
Ի դեպ, այս միջադեպի պատճառների մասին լուրերը հակասական են, հոգեւորականը հայտարարեց, որ ծեծվել է, որովհետեւ չի ցանկացել քաղաքականությամբ զբաղվել, բաժանել Փելեշյանի բուկլետները։ Կան նաեւ լուրեր, թե հոգեւորականը նախապես համաձայնել է, փոխհամաձայնություն է եղել, բայց դրժել է խոստումը։



Հատկանշական է, որ ընտրություններին հաջորդած օրերին դրամատիկ պայքար էր գնում միավորման հարցի շուրջ։ ԲՀԿ-ն համաձայնել էր աջակցել «Լուսավոր Հայաստանին», իսկ «Հայկական վերածնունդը» դեմ էր՝ նախապայմաններ էր առաջադրում, օրինակ, որ այդ համագործակցությունը շարունակվի նաեւ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, եւ երկու կուսակցություններն ընտրություններին համատեղ գնան։ Մարուքյանն օրեր առաջ չէր ընդունել այդ առաջարկը։ ՀՎԿ-ն հետ կանգնեց նախապայմաններից՝ առաջ բերելով բազմաթիվ այլ հարցեր։ Իսկ նախօրեին հայտարարեցին համաձայնության գալու մասին։ ՀՎԿ-ի տարածած հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, թե քաղաքական համագործակցությունը լինելու է ոչ թե լոկալ, այլ՝ հեռահար, մանավանդ՝ հաղորդվում էր, որ ՀՎԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» «հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր են կնքելու։ Սակայն Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ համաձայնություն է եղել բացառապես Վանաձորի հարցում, իսկ նշված համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ավագանու անդրանիկ նիստից հետո, համաձայնագրում երեք դաշնակիցների մոտեցումների ու սկզբունքների հանրագումարում քաղաքի ղեկավարման տեսլականն է նախանշվելու։



Վանաձորի ընտրություններում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին չի մտահոգում, որ ընդդիմությունը միավորվել է ՀՀԿ-ի դեմ։ «Պաշտոնն ինձ համար ինքնանպատակ չէ, իսկ մարդուն տված ձայներն ի չիք չեն կարող դառնալ, վանաձորցին իր ընտրությունը կատարել է հոկտեմբերի 2-ին»,- ասաց Ասլանյանը։ «Իսկ ընդդիմության օգտին վանաձորցիները չե՞ն քվեարկել» ճշտող հարցին Ասլանյանը հարցով պատասխանեց. «Դուք ո՞ւմ ի նկատի ունեք ընդդիմություն ասելով»՝ չմեկնաբանելով, թե ում է ընդդիմություն համարում, ում՝ ոչ։ Հնարավոր համարո՞ւմ է, որ անգամ ընդդիմադիր կոալիցիայի դեպքում փակ քվեարկության արդյունքում ինքը կընտրվի։ Ասլանյանը չպատասխանեց մեր հարցին. նա համբերատար կսպասի մինչեւ երկուշաբթի։ Հնարավո՞ր էլ չի համարում ինքնակամ, հանուն Վանաձորի, հարգել մեծամասնության որոշումը եւ չառաջադրել իր թեկնածությունը։ «Հիմա Դուք խորհո՞ւրդ եք տալիս, թե՞ ոնց, ես նման որոշում դեռեւս չունեմ»։ Ճնշումների մասին լուրերն էլ բամբասանք ու հերյուրանք որակեց։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ