Թիմն ի՞նչ ա, ես չգիտեմ, թե ինչ թիմ է

Թիմն ի՞նչ ա, ես չգիտեմ, թե ինչ թիմ է

Ընդդիմությունը հերթական անգամ տապալեց իրեն առաջադրված թեստը։ Վանաձորում ընդդիմադիրների անկրկնելի ու դրամատիկ բեմադրությունից պարզվեց, որ ընդդիմությունն այնքան էլ ընդդիմություն չէ․ ՀՀԿ ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը, ունենալով 15 մանդատ, հաղթեց 18-ն ունեցող ընդդիմադիրներին, որոնք փորձում էին բաց քվեարկություն կազմակերպել։ Ընդդիմադիր դաշինքում «հուդաների» պակաս չզգացվեց։ Նրանք չորսն էին, Մամիկոն Ասլանյանն էլ ավագանու 33 անդամներից 19-ի աջակցությունն ստացավ։ Մինչդեռ հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ն, որ ստացել էր 13 մանդատ, 2-ն էլ նրա կոալիցիոն գործընկերոջ մանդատներն էին, կարող էր քաղաքապետ չընտրվել։ Երկար բանակցություններից հետո ընդդիմությունը միավորվելու որոշում էր կայացրել, «Լուսավոր Հայաստանը»՝ 13 մանդատով, ռեբրենդինգ եղած ՕԵԿ-«Հայկական վերածնունդը»՝ 4, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3։ Նրանք 3 մանդատով գերազանցում էին իշխանականներին։



Շաբաթ օրն ստորագրվեց հուշագիր այս երեք կուսակցությունների միջեւ, անհատական ստորագրություն դրեցին նաեւ ավագանու 18 անդամները, որոնք պատրաստակամություն հայտնեցին համագործակցել տեղական մակարդակում եւ սատարել «Լուսավոր Հայաստանին», որպեսզի քաղաքապետ ընտրվի Քրիստ Մարուքյանը:



Չնայած պայմանավորվածություններին՝ հայտնի էր, որ անհատական ճնշումներ կան ավագանու անդամների նկատմամբ: Ընդդիմադիրներն այս լուրերին զուգահեռ պնդում էին, որ չեն դրժելու պայմանավորվածությունը, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն գրեթե երդվում էին, որ «դավաճաններն» իրենցից չեն լինելու։ Երեկ, քվեարկության մեկնարկին, ընդդիմադիր թեւը նույնիսկ փորձեց հասնել բաց քվեարկության, ինչն առաջ բերեց ՀՀԿ-ականների դիմադրությունը։ Պարզ էր, որ նրանց օդուջրի պես պետք էր փակ քվեարկությունը։ Այս պարագայում պղտոր ջրում ձուկ որսալը հեշտանում էր։ Սակայն, երբ Քրիստ Մարուքյանի թիմակիցներից մեկը քվեարկությունից հետո ցուցադրեց քվեաթերթիկը, Մամիկոն Ասլանյանն ու իր թիմակիցները վրա պրծան՝ օդում բռնեցին ընդդիմադիրի ձեռքը, որպեսզի այն չհասնի քվեատուփին։ Նրանք պահանջում էին անվավեր համարել թերթիկը, հղում էին անում նորընտիր Սահմանադրությանը, որը փակ քվեարկություն է սահմանում։ ԲՀԿ-ն ու ՀՎԿ-ն էլ էին խրոխտ հայտարարում, թե իրենց ավագանու անդամներն էլ են բաց քվեարկելու։ «Բաց, թե փակ» դիլեման ավելի քան մեկ ժամ պահանջեց, Մամիկոն Ասլանյանը գոռգոռում էր Էդմոն Մարուքյանի վրա, թե խախտում է իր իսկ գրած օրենքը, ընդդիմադիրներն էլ հերոսաբար մարտնչում էին՝ իրացնելու բաց քվեարկություն անցկացնելու իրենց ցանկությունը։ Կողմերն անցան փողոցային բառապաշարի, փոխադարձ վիրավորանքների, գոռգոռոցների, իրար մեղադրեցին ընտրակաշառք բաժանելու մեջ, ձեռնամարտն անխուսափելի կլիներ, եթե ներկա չլինեին լրագրողները, եւ ուղիղ հեռարձակում չլիներ։ Ի վերջո, ընդդիմադիրներն ընկրկեցին՝ համաձայնելով փակ քվեարկության, բաց քվեարկող ավագանու անդամի քվեաթերթիկը չեղարկվեց, նա նորից փակ քվեարկեց։



Հաշվարկից հետո սկսվեց «հուդաների որսը»։ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը մասնակցում էր ավագանու նիստին ու հետեւում քվեարկությանը, փրփրաբերան հայտարարեց, որ պայմանավորվածությունը խախտողներն իր թիմի ներկայացուցիչները չեն եղել: Այդ դեպքում ո՞ր թիմի անդամներ են։ Բիշարյանը չկարողացավ ասել, ասաց միայն, թե նման պահվածքն անշնորհքություն ու անբարոյականություն է: «Նրանք, ովքեր շեղվել են ընդհանուր ընտրած ուղուց, նրանք անբարոյականներ են»: Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա Հեղինե Բիշարյանն այդ խոսակցությունները բամբասանք որակեց. «Ես դրանց չեմ հավատում: Ճնշումներ չեն եղել: Իմ թիմի ներկայացուցիչները ճնշվելու բան չունեն»։ Նույն պաթոսի մեջ խոսեց նաեւ ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանը, արդյունքների հրապարակումից վայրկյաններ անց նա վստահ հայտարարեց, որ շատ շուտով պարզ կդառնա, թե ովքեր չեն պահել պայմանավորվածությունը։ «Մենք հաստատ պահել ենք ու ժամանակի ընթացքում ցույց կտանք, թե որն է մեր սկզբունքը,- ասաց ԲՀԿ-ականը։- Մենք առաջինն ենք եղել, որ հայտարարել ենք սատարելու մասին»,- շարունակեց նա՝ ըստ ամենայնի սլաքներն ուղղելով ՀՎԿ-ի կողմը, որը որոշ հապաղումով միացավ Մարուքյաններին։ Էդմոն Մարուքյանը չցանկացավ խախտել անմեղության կանխավարկածը. «Ավագանու նիստերը դեռ լինելու են, եւ այդ նիստերի ընթացքում երեւալու է, թե ով է կողմ քվեարկողը: Սա այնպիսի բան չէ, որ ծածուկ մնա: Մենք իմանալու ենք, ամեն ինչ անելու ենք, որ իմանանք, եւ հանրությունը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել»: Այն, ինչ տեղի ունեցավ նախքան քվեարկությունը, Էդմոն Մարուքյանի խոսքով, արդեն փաստում էր, որ իշխանությունը, ահաբեկելով ու վախեցնելով, ձայներ է քաշել իր կողմը: «Որեւէ խնդիր չկա, մենք կորցնելու բան չունենք, սա մեզ համար սպասելի էր: Այսպիսի հաղթանակը ՀՀԿ-ի համար ես որեւէ կերպ չեմ համարում հաղթանակ, որովհետեւ հուշագիր ստորագրած մարդկանց ճնշելը, որ իրենց օգտին քվեարկեն, դա հանցագործություն է»։



Մամիկոն Ասլանյանը մեր հարցին, թե կարո՞ղ է ուժեղ ու վստահ քաղաքապետ աշխատել՝ ունենալով «դավաճանների» զորակցությունը, հարցով պատասխանեց. «Ո՞ւմ են դավաճանել»։ Իրենց թիմին։ «Ո՞րն է իրենց թիմը, Դուք գիտե՞ք, որ դա իրենց թիմն է։ Դավաճանը հայրենիքին կարա դավաճանի, ընտանիքին, իսկ թիմն ի՞նչ ա, ես չգիտեմ, թե ինչ թիմ է։ ...Ամեն դեպքում, դուք չգիտեք, թե նրանք որ թիմից էին, մենք մի օր կբացենք փակագծերը, թե որտեղից էին։ Քաղաքական բանակցություններ են եւ սիմպատիաներ, մարդիկ վանաձորցու քվեի արտացոլանքն արտահայտեցին ավագանու նիստում»,-ասաց նորընտիրը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ