Նախընտրական «քարտեզը» կամաց գծագրվում է

Նախընտրական «քարտեզը» կամաց գծագրվում է

Քաղաքական հետնաբեմում արդեն սկսվել են խմորումները՝ 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Նախընտրական «քարտեզը» թեպետ դեռ չի կազմվել, բայց գծագրությունն սկսվել է։ Եռուզեռն ակտիվացել է, նոր կուսակցությունների թիվն օր օրի ավելանում է։ Մարդ-կուսակցությունների ստեղծման, իշխանության «հաճախորդների» հետօղորմեայի տենդենցը քաղաքական նոր մշակույթի թրենդն է դառնում, ոմանք ռեբրենդինգ են լինում, ուրիշներն էլ կուլիսային բանակցություններ են վարում՝ մրցունակ դաշինքներ ու միավորումներ ձեւավորելու համար։ Նախնական տեղեկություններ կան, որ ապրիլի ընտրություններին մոտ երկու տասնյակ կուսակցություն է մասնակցելու․ իշխանությունը հաշվարկ է արել մանր-մունր կուսակցություններով փոշիացնել ընդդիմության առնվազն 10 տոկոս ձայները։ Սա իշխանությունների գծած սցենարն է, փորձարկումն էլ եղավ Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Ի դեպ, 2012թ. ընտրություններին համամասնական կարգով մասնակցել է 8 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք: 



Ու չնայած նոր Ընտրական օրենսգրքի մարտահրավերներին, այն է՝ չարաբաստիկ ռեյտինգային քվեարկությանը, որը ՀՀԿ-ի հաղթարշավի երաշխիքն է դառնալու, ընդդիմադիր դաշտում միավորումների, դաշինքների ծիլեր դեռ չեն երեւում։ Դա երեւաց Գյումրիում ու Վանաձորում։ Մինչդեռ պատմական շրջայցի ընթացքում տեսանելի է, որ ընդդիմությունը հաջողել է միայն այն ժամանակ, երբ իր մեջ ուժ է գտել հաղթահարելու տարաձայնությունները, ամբիցիաները․1998-ին, 2003-ին, 2008-ին, երբ հարթակում կողք կողքի կանգնել են ամենաանհամատեղելի թվացող գործիչները։



«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կարծիքով էլ՝ ՏԻՄ ընտրություններից հետո բոլորը պետք է հետեւություններ անեն, որ համապետական ընտրություններում հաջողությունների հասնելու երաշխիքը միասնական մասնակցությունն է։ «Իհարկե, այդ կոնսոլիդացիան մեկ ֆորմատով գրեթե անհնար է, բայց պետք է գոնե 2-3 ֆորմատով մասնակցեն»։ Իր կուսակցությունը նոյեմբերից նախաձեռնելու է միավորման կոնսուլտացիաներ տարբեր քաղաքական ուժերի հետ։ «Մենք միշտ ասել ենք, որ միավորման համար շատ կարեւոր է գաղափարական հենքը, ծրագրերի համահունչ լինելը, մոտեցումները, բայց այս պարագայում ամեն ինչ քննարկման առարկա է, ու եթե չկան համակարգային տարաձայնություններ, ամեն ինչ կարելի է քննարկել»,- ասաց Մարուքյանը։ Հարցրինք՝ հնարավո՞ր է, որ երեք ուժերի վանաձորյան «դաշինքը» հասնի մինչեւ խորհրդարանական ընտրություններ։ «Նախ՝ մենք հուշագիր չունենք, որովհետեւ հուշագիրն ուժի մեջ կմտներ, եթե այն ի կատար ածվեր»,- ուղղեց մեզ պատգամավորը, իսկ հնարավոր դաշինքների մասին հարցին պատասխանեց, որ իր կուսակցության կոլեգիալ որոշում պետք է լինի։



Ընդդիմադիր դաշտում քիչ թե շատ հստակություն է նկատվում դեմոկրատների հատվածում. օրերս նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իրենք «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքով են մասնակցելու, այսպես կոչված՝ Բագրատյան-Քոքոբելյան դաշինք։ Իրականում դաշինքն ընդամենը լոզունգի մակարդակի է լինելու, իսկ ֆորմալ՝ մեկ ցուցակով է մասնակցությունը լինելու, քանի որ դաշինքների պարագայում անցողիկ շեմը 7 տոկոս է, իսկ առանձին կուսակցությունների դեպքում՝ ընդամենը 5։ Ի դեպ, վերջին ժամանակներում տարբեր շարժումներ են ձեւավորվում, որոնք կուսակցության իրավակազմակերպական կարգավիճակ ստանալու մտադրություն էլ չունեն։ Դրանք նույն սկզբունքով կհամագործակցեն տարբեր կուսակցությունների հետ, կընդգրկվեն որեւէ ուժի պաշտոնական ցուցակում։



«Մենք մասնակցելու ենք ընդհանուր մեր ցուցակով, որի մեջ ընդգրկված են լինելու եւ քաղաքական ուժեր, եւ անհատներ, եւ հասարակական սեկտոր, միասնաբար հանդես ենք գալու այն դաշտում, որի սկզբունքային հետեւորդն ենք եղել»,- մեր ճշտող հարցին պատասխանեց Խաչատուր Քոքոբելյանը եւ չմանրամասնեց՝ այդ ֆորմատը լինելու է դաշի՞նք, թե՞ միասնական ցուցակ։ Ասաց միայն, որ գաղափարական դաշինք է լինելու։ Ի դեպ, այդ ցուցակում տեղ է ունենալու քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, չի բացառվում՝ նաեւ Դավիթ Շահնազարյանը։ Խոսվում է նաեւ Ազատ Արշակյանի մասին, բայց նրա հարցը դեռ օդում կախված է։ Քոքոբելյանն ասաց, թե այս պահին ոչ անհատների, ոչ քաղաքական ուժերի անուն հնչեցնելը ճիշտ չի համարում. «Քանզի այս ընթացքում եւ այսօր նույնպես գործընթացներ են ընթանում, եւ ճիշտ չի լինի վնասել այդ գործընթացները»։



Եթե ազատական թեւում որոշակիություն է նկատվում, ապա իսկական քաոս է մյուս ճամբարներում։ Իշխանական արբանյակ ԲՀԿ-ի հույսը Գագիկ Ծառուկյանի վերադարձն է։ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո այս կուսակցությունը չի կարող հավակնել որեւէ լուրջ արդյունքի։ Անվանափոխված ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդի» վիճակն էլ առանձնապես նախանձելի չէ։ Եվ ոչ էլ երբեմնի տիտղոսակիր ՀԱԿ-ն ունի «աղջիկ ժամանակվա էնտուզիազմը» եւ հիմա վստահելի դաշնակիցների փնտրտուքի մեջ է։ Բավարար չափով չեն կայացել նաեւ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» ու Օսկանյանի «Համախմբումը»։ Սակայն վերջինս մանր-մունր կուսակցություններ համախմբելու պոտենցիալ ունի։ Դեռ քայլեր չեն անում նաեւ «Հանրապետությունը», ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն, «Ժողովրդավարական հայրենիքը», որոնք կարող են միավորման մի պլատֆորմ ձեւավորել։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ