Սիրիահայերի խնդիրները մենք լուծում ենք առանց աղմկելու, առանց գոռգոռալու

Սիրիահայերի խնդիրները մենք լուծում ենք առանց աղմկելու, առանց գոռգոռալու

Սիրիայում անցնող օրերի ցնցումներն ու Սփյուռքի նախարարության օլիմպիական հանգստությունը շարունակում են մնալ հանրության քննարկումների կիզակետում։
Սիրիայում լարվածությունը չի մարում, հանրությունը շարունակում է փրկության կոչեր հնչեցնել սիրիահայերին Հայաստան տեղափոխելու համար, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն էլ օրերս կոչ է հղել Հայաստանում և Սփյուռքում գտնվող հայ բարերարներին, որ 600 հայ է ցանկանում գալ Հայաստան։ Պետական օղակների լռության դիմաց հայտարարությամբ հանդես եկավ Ռուբեն Վարդանյանի (IDeA) հիմնադրամը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսական աջակցություն ցուցաբերել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար։



Նախարարության օլիմպիական հանդարտության մասին մեր հարցը մինչեւ հոգու խորքը վրդովվեցրեց նախարար Հրանուշ Հակոբյանին, իր ղեկավարած կառույցը սիրիահայերի հարցով պարզվում է շուրջ հինգ տարի աշխատում է ամենօրյա ռեժիմով՝ սկսած նրանց հայրենիք վերադարձնելու, վերջացրած հայրենիքում կեցության, կրթական, առողջապահական խնդիրների հոգածության հարցերից, իսկ ովքեր խնդրում են, որ իրենց Սիրիայից դուրս բերեն, նախարարությունը գործի է անցնում, մինչդեռ նախարարի խոսքով` հասարակությունը սիրիահայերի խնդիրներով հետաքրքրվում է այն ժամանակ, երբ Սիրիայում վիճակը լարվում է.«Մենք ուղղակի ցավում ենք այն դեպքում, երբ մեր հայրենակիցները զոհվում են։ Իսկ ընդհանրապես դա իրենց առօրյան է դարձել՝ ռումբեր, գնդակոծություններ, ծանր վիճակ, սա սովորական երեւույթ է դարձել, ցավոք սրտի»։



Նախարարությունն ամենօրյա կապի մեջ է «ազգային» իշխանությունների, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի, Սիրիայում հայկական հյուպատոսության ու դեսպանի հետ, Հակոբյանն ասում է, որ ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին.«Մենք այդ բոլոր խնդիրները լուծում ենք առանց աղմկելու, առանց գոռգոռալու, որովհետեւ եթե մենք սիրիահայերին տեղափոխում ենք, որեւէ մեկը դա չպետք է իմանա։ Որովհետեւ երբ դրա մասին իմանան...երկու կողմն էլ՝ եւ իշխանությունը, եւ ընդդիմադիր կողմը չեն ընդունում, որ մարդիկ պետք է հեռանան Սիրիայից, նրանք համարում են, որ բոլորը պետք է մնան եւ սիրիացիների համար ապրեն, աշխատեն, կռվեն»։



Նախարարը հերքում է 600 հայի տեղափոխման խնդրի մասին տեղեկությունը.«Ես ցավում եմ, որ սիրիական կոնֆլիկտի, սիրիական ճգնաժամի հետ կապված որոշ կառույցներ կամ մարդիկ փորձում են դրամներ հավաքել ու որեւէ մեկին հաշվետվություն չտալ, թե այդ դրամներն ինչ են եղել։ Եւ այդ կազմակերպությունը, որը հայտարարում է 600 մարդ կա, որ ուզում է տեղափոխվել, իրենց արդեն 10-րդ օրն է՝ գրավոր, թե բանավոր խնդրում ենք այդ ցուցակները մեզ տալ, բայց այդ ցուցակները մեզ չեն տալիս»։



Եթե պետությունն այդպիսի հոգատարությամբ հետաքրքրվում է սիրիահայերի խնդրով, ինչո՞ւ են անհատները հրապարակային աջակցության մասին հայտարարում, ինչպես Ռուբեն Վարդանյանը.«Ռուբեն Վարդանյանը կարող է, որպես մեծահարուստ եւ հիմնադրամ ունեցող, քայլեր անել, բայց 5 տարի է այս վիճակը գնում է, նոր չէ, ցավոք, էլի է շարունակվելու, մենք ունենք մի խումբ, որ սփյուռքում, օրինակ, ԱՄՆ-ում գումարներ է հայթայթում, որովհետեւ ՄԱԿ-ի տրամադրած 1.5 միլիոն դոլարը չի բավականացնում բնակարանային վարձերի համար, եւ բնակվարձերի համար լրացուցիչ գումարներ հավաքագրում ենք եւ Օքսֆամից եւ մեր բարերարներից եւ ինչու չէ հանգանակություններից, որոշակի գումար տրամադրվում է «Հայաստան» հիմնադրամից կոնկրետ նպատակներով, մենք 60 սրտի վիրահատություն ենք արել, որը կազմում է 360 հազար դոլար, որը արել ենք պետության ու բարերարների գումարներով, հինգ տարի շարունակ 500 ուսանողի վարձ ենք տալիս եւ դա անում ենք առանց աղմուկի Գյուլբենկյան հիմնադրամի հետ» ։



Վերջին 15 օրերի ընթացքում ընդամենը չորս ընտանիք է տեղափոխվել.«Դուք պատկերացնո՞ւմ եք ընդամենը չորս ընտանիք», մի քանի անգամ կրկնեց Հակոբյանը։ Բայց եթե նախարարը կաշվից դուրս էր գալիս վստահեցնելու, որ իրենք հետաքրքրված են բոլոր հարցերով, բայց ընդամենը չորս ընտանիք է ցանկացել վերադառնալ հայրենիք, ընդամենը մեկ օր առաջ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար սիրիահայերի հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը մեզ ասում էր, թե Սիրիայից հայերի տարհանման հարց այս պահին չի քննարկվում։ «Ո՛չ, տարհանման հարց չի քննարկվել և չի էլ կարող քննարկվել մի պարզ ճշմարտությամբ, որ ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքը, մենք Երևանում նստած չենք կարող որոշել հայ համայնքի տեղահանման, տեղափոխման մասին» ասել է Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում։



Տարօրինակ է, որ սփյուռքի նախարարը պնդում է, թե հայրենիքում բոլոր պայմանները հոգում են, մինչդեռ սիրիահայերից հաշվված մարդիկ են ցանկանում հայրենիք վերադառնալ՝ գերադասելով մնալ պատերազմի վտանգների տակ։ Վերջին տարիներին այնտեղից հայրենադարձները բազմիցս բարձրաձայնել են խնդիրների մասին, որոնց բախվել են հայրենիքում, որ իրենք զրկված են բիզնես ծավալելու հնարավորությունից, աշխատանք չեն գտնում, բազում դժվարություններ ունեն, գուցե երաշխիքներ են հարկավո՞ր.«Իսկ 20-21 հազար հոգին ինչպե՞ս են վերադարձել», հակադարձեց Հակոբյանը, «Սիրիական ընտանիքները պարզապես կիսված են, մի մասը Հայաստանում են, մյուս մասը մնացել են իրենց ունեցվածքին, բիզնեսին պահակություն են անում»։



Սիրիահայերը վերադառնալով հայրենիք կարճ ժամանակ անց մեկնում են արտերկիր.«Ես ի վիճակի չեմ մնացած հարցերի մասին մտածել, Հայաստանում ինչպես բոլորը, սիրիահայերը նույնպես ունեն խնդիրներ, հո նրանց համար...իհարկե, շատ արտոնություններ սահմանում են, բայց մյուս կողմից փափուկ, առողջարանային պայմաններ չպետք է ստեղծենք նրանց համար, նրանք պետք է մեր հայրենակիցների նման ապրեն, աշխատեն ու խնդիրները լուծեն, եկեք չառանձնացնենք» ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ