Եթե ես ունեմ սոցփաթեթ, ապա ինչո՞ւ պետք է վճարովի բուժվեմ

Եթե ես ունեմ սոցփաթեթ, ապա ինչո՞ւ պետք է վճարովի բուժվեմ

Երեւանի Մամիկոնյանց 27 ա, բնա. 8 հասցեի բնակիչ, Երեւանի թիվ 127 դպրոցի մանկավարժ Կարինե Խաչատրյանը շուրջ մեկ ամիս առաջ ունեցել է առողջական խնդիրներ։ Նրա մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի թարախակալված աթերոմա։ Քանի որ Կարինե Խաչատրյանը գրանցված է «Վարդանանց» բժշկական կենտրոնում, դիմել է նշված կենտրոն։ Սակայն նշված կենտրոնում, պարզվել է, որ պետք է գրանցվի, ժամ նշանակվի։ Կարինեն մեզ հետ զրույցում պատմում է, որ իր վիճակն այնպիսին էր, որ չէր կարող հետաձգել բուժումը։



«Եթե գրանցվում ես թերապեւտի մոտ, ինքն ուղեգիր է տալիս, գնում ես վիրաբույժի մոտ, վիրաբույժն էլ աշխատում է միայն երեքշաբթի օրերին, շաբաթ օրերին էլ աշխատում է վճարովի։ Մտածեցի սոցփաթեթից օգտվելու մասին։ Այնտեղ ասացին, որ մինչեւ թերապեւտն ուղեգիր չտա, իրենք վիրաբույժի մոտ չեն գրանցի։ Ասացի, որ առողջական վիճակս վատ է, չեմ կարող ձգել։ Իրենք էլ ասացին՝ ուրբաթ օրը կարող եք գալ, եւ՝ վերջ, եթե չեք ուզում, կարող եք օգտվել վճարովի ծառայությունից: Զանգեցի առողջապահության նախարարություն, իրենք զանգեցին «Վարդանանց» բժշկական կենտրոն, այնտեղից հերթագրեցին ուրիշ թերապեւտի մոտ, գնացի, վիրաբույժը նայեց, ուղարկեց հիվանդանոց, ասաց, որ չպետք է հետաձգել բուժումը»,- պատմում է Կարինեն։ Հետո նա գնում է «Արմենիա» բժշկական կենտրոն, այնտեղ էլ շտապ կազմակերպում են նրա բուժումը։



Կարինեն ասում է, որ նախկինում աչքի բուժման հարցով էլ է դիմել «Վարդանանց» բժշկական կենտրոն եւ բախվել նույն խնդիրներին «Եթե ես ունեմ սոցփաթեթ, եւ ինձ պետք է շտապ բուժում, ես ինչու՞ պետք է դիմեմ վճարովի բուժման։ Ես իրենց ասել եմ, որ հարկատուների գումարով են վարձատրվում եւ պարտավոր են ինձ սպասարկել։ Ես փորձել եմ իմ բողոքը ներկայացնել «Վարդանանց» բժշկական կենտրոնի տեղակալին՝ Նարինե Գրիգորյանին, նա ասաց, որ ինքը զբաղված է, տեղ է գնում։ Հետո ուզեցի բողոքս ներկայացնել տնօրենին, զանգեցի, ասացին, որ իմ հարցը քննարկվում է։ Հետո էլ պարզվեց, որ տնօրենն ինձ ընդունել չի կարող»,- ասում է Կարինե Խաչատրյանը։



Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ «Վարդանանց» բժշկական կենտրոնից։ Այստեղից մեզ հայտնեցին, որ հաճախորդը կարող է զանգահարել կամ գրավոր բողոք ներկայացնել բժշկական կենտրոնի ղեկավար Հարություն Մանգոյանին։



Հիշեցնենք, որ «Վարդանանց» բժշկական կենտրոնը պատկանում է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին։ Մամուլում հրապարակվել են տեղեկություններ, որ Լեւոն Ալթունյանը, լինելով «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, առողջությունն ապահովագրողներին ուղղորդում էր, որպեսզի նրանք բուժվեն իրեն պատկանող «Վարդանանց» կենտրոնում։