Բեսլանի ավտովթարի մեղավորը տրանսպորտի նախարարությունն է

Բեսլանի ավտովթարի մեղավորը տրանսպորտի նախարարությունն է

Բեսլանից մեկնող ավտոբուսների չվացուցակում Երեւան-Մոսկվա երթուղին նշված չէ։ Սովորաբար, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները չվացուցակներում չեն նշվում, հստակ ժամանակացույց չունեն եւ դուրս են վերահսկողությունից։ Դրանք շարժվում են, երբ ավտոբուսը լիքն է լինում։ Վարորդը մեկն է, որը վարում է օր ու գիշեր, առանց հերթափոխի, հաճախ՝ անքուն, հոգնած։



Մեղքը քավեց կյանքի գնով



Երեկ Բեսլանի մոտ վթարված ավտոբուսի վարորդը՝ հանգուցյալ Յուրա Պողոսյանը, Տավուշի մարզի Թովուզ գյուղից էր (նոր անվանումը՝ Տավուշ), փորձառու «վարպետներից», 62 տարեկան։ Նա Հայաստանից Ռուսաստան ուղեւոր էր տանում 90-ականներից։ Վարում էր որդուն՝ Կարենին պատկանող Mercedes մակնիշի ավտոբուսը։ Հոկտեմբերի 14-ի գիշերվա 4։30-ին, Բեսլան-Վլադիկավկազ մայրուղու վրա, Բեսլանից մոտ 6 կմ հեռու, այն մեծ արագությամբ բախվել է Scania բեռնատարին։ Զոհերը հինգն են։ Վարորդն ու մի կին՝ Արեւիկ Լունոնյանը, ՀՀ քաղաքացիներ էին, վիրավոր է 27 մարդ։ Նրանցից 10-ի վիճակը ծանր է, այդ թվում՝ 4 երեխաների։ Նրանք երեք հիվանդանոցներում են։ Որեւէ ընկերություն տեղի ունեցած վթարի պատասխանատվությունը չի կրում։ Ուղեւորներն իրենց կյանքը վստահել էին անհատի, եւ ստացվում է, որ ոչ ոք մեղավոր չէ կատարվածի համար, բացի հանգուցյալ վարորդից, որն արդեն պատասխան է տվել՝ ամենաթանկ գինը վճարելով։ Նրա համագյուղացիները, ինչպես գյուղապետ Արթուր Հովհաննիսյանն է ասում, շվարած են։ «Անսարք չի եղել ավտոբուսը։ Շատ նորմալ վիճակում էր, ես քանի անգամ տեսել եմ այդ ավտոբուսը»։ Օսեթիայի քննչական մարմինները, սակայն, որոշել են, որ մեղավորն ավտոբուսի վարորդն է եղել։ Հայաստանի տրանսպորտի նախարարության տեսչությունը չի մասնակցել տեղազննությանը, եւ այժմ մեզ մնում է ապավինել ռուս իրավապահների օբյեկտիվությանը։ Բայց դրա համար մեծ լավատեսություն է պահանջվում։



Անուններ, վնասվածքներ



Երեկ կեսօրին հրապարակվեցին տուժածների անունները․ Նորիկ Աղրամանյանը (1950թ.), որն ստացել է ուղեղի ցնցում, Ժասմին Հարությունյանը (1949թ.)` նստատեղի ազդոսկրի կոտրվածք, Սեյրան Պողոսյանը (1990թ.)` ծնկոսկրերի կոտրվածք, գտնվում են Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում։ Հրանտ Բաղդասարյանը (1949թ., վիճակը` ծանր) եւ Ալան Սատինյանը (1978թ., վիճակը` միջին ծանրության) բուժվում են Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Վլադիկավկազի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցում այժմ բուժվում է 5 երեխա։ Նրանցից Դիանա Դավթյանի (2005թ.) վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նա ստացել է ծնոտի վնասվածք։ Տուժածներին եւ նրանց հարազատներին առավոտվա 9-ից տեղավորում էին Բեսլանի կուլտուրայի տանը, իսկ ավելի ուշ՝ նաեւ 8-րդ պրոֆտեխուսումնարանում։



Սթրես տարած ուղեւորները ճոճվելով հետ են դառնալու



Ինչպես միշտ, նման դեպքերում պաշտոնական ներկայության պակաս չի նկատվել։ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին, որը երեկ Երեւան ժամանած ՀԱՊԿ պատվիրակության կազմում էր, ընդունել է նախագահ Սարգսյանը եւ շնորհակալություն հայտնել ռուսաստանյան իշխանություններին՝ վթարից տուժածներին օպերատիվ կարգով օգնելու համար։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, բնականաբար՝ հատուկ ինքնաթիռով։ Իսկ վթարից տուժած քաղաքացիներին ուզում էին լցնել ավտոբուս եւ նույն ձեւով Բեսլանից հետ ուղարկել Երեւան։ Իհարկե, խոսքն առողջական խնդիրներ չունեցողների մասին է, նրանց, որոնք ոտք ու ձեռք չեն կոտրել, որոնց գլուխները չեն բացվել։ ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը Հայաստան էր հասցրել 27 մարդու։ Այն պետք է դուրս գար 16։00-ին եւ «Զվարթնոցում» վայրէջք կատարեր 17։20-ին։ Սակայն դուրս էր եկել ավելի ուշ եւ «Զվարթնոցում» էր արդեն 18։45-ին։ Այն բերել էր նաեւ Յուրի Պողոսյանի դին։ Արեւիկ Լունոնյանի հարազատները հրաժարվել են օգնությունից։ Նրանք մտադիր են ինքնուրույն, առանց կողմնակի միջամտության տեղափոխել իրենց հարազատի դին։



Տուլայի վթարը դաս չեղավ



Մեկ տարի առաջ, նոյեմբերի 3-ին, Տուլայում վթարված ավտոբուսի տուժածների եւ դիակների տեղափոխումը տեւեց մեկ օր։ Այն ժամանակ Ուզլովայա քաղաքի մոտ վթարի էր ենթարկվել Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսը: Այն պատկանում էր «Քինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը։ 59 ուղեւորից զոհվել էր 9-ը, 43-ն էլ մարմնական վնասվածքներ էին ստացել։ Ռուս իրավապահները որոշեցին, որ վթարի մեղավորը վարորդ Գառնիկ Հարությունյանն է, որը քնել էր ղեկին։ Դատարանը որոշեց, որ ավտոմեքենան անսարք է եղել, շրջապտույտ կատարելիս վարորդը չի ընտրել ավտոբուսի երթեւեկության անվտանգ հետագիծ եւ շարունակել է երթեւեկությունը նախկին արագությամբ, ինչի հետեւանքով ավտոբուսը բախվել է մետաղական ցանկապատին։ Հարությունյանը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման, 3 տարով զրկվեց մեքենա վարելու իրավունքից, մարդիկ խոսեցին այս դեպքի մասին, մամուլը գրեց, զոհվածների հարազատներին ցավակցեցին, եւ ոչ կանոնավոր փոխադրումների կանոնավորման մասին ոչ ոք չմտածեց։



Հայ վարորդները չեն քնում



Ո՞րն է պատճառը, որ ամեն անգամ մենք հայտնվում ենք ողբերգական իրավիճակում։ Տրանսպորտի ոլորտի մասնագետ, նախկին փոխնախարար Վալտեր Մարությանը գտնում է, որ չկանոնակարգված փոխադրումները պետք է ուղղակի արգելել․ «Վարորդը վեց ժամից ավելի չպետք է վարի մեքենան, նրան պետք է փոխարինեն, նա պետք է բժշկական ստուգում անցնի»։ Ավտոբուսը Երեւանից Բեսլան հասնում է մոտավորապես 7-8 ժամում։ Սովորաբար վարորդները գնում են մենակ, առանց փոխարինողի։ Դեպքը տեղի է ունեցել գիշերվա 4-ին, եւ մեծ է հավանականությունը, որ վարորդը հոգնած եւ քնատ է եղել։ «Վարորդը պետք է 8 ժամ քնի։ Դա ընդունված բան է ամբողջ աշխարհում։ Իսկ մեզ մոտ չկա նման կարգ։ Մեքենայի տերը գալիս է, պետական մարմնից թույլտվություն է վերցնում, ասում է՝ պետք է քշեմ, ենթադրենք, Մինվոդի կամ Վոլգոգրադ, կամ մի այլ ուղղությամբ։ Նրան թույլտվությունը տալիս են եւ այլեւս գործ չունեն նրա հետ։ Քանի՞ ժամ պետք է մեքենան գնա, որտե՞ղ եւ ինչքա՞ն է կանգնելու. բոլոր այս հարցերը պետք է կանոնակարգված լինեն»,- ասում է Մարությանը։ Բեսլանի վթարի մի ասպեկտ էլ կա։ Օսեթիայի քննչական մարմիններն արդեն որոշել են, որ մեղավորը հայ վարորդն է եղել։ Արդյո՞ք դա այդպես է։



ՀԳ. Երեկ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը ելույթ է ունեցել, խոստացել է, որ նախարարությունը նոր կանոնակարգեր կմշակի, որ այսուհետ ավտոբուսներում երկու վարորդով երթեւեկեն, որպեսզի զոհվածների ընտանիքները փոխհատուցում ստանան։ Ավտոբուսի ուղեւորներից մեկն էլ օդանավակայանում ասաց, որ երկու վարորդ է վարել մեքենան, բայց իրենք դեպքի պահին քնած են եղել ու ոչինչ չեն տեսել։ Իսկ Թովուզում լավ են հիշում Յուրա Պողոսյանին։ «Այստեղ տուն-տեղ ունեին, լավ, խելոք ընտանիք են, աշխատող մարդիկ»,- պատմում են զոհված վարորդի համագյուղացիները։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ