Պատգամավորների հիվանդության տեղեկանքները կքննի ՍԴ-ն

Պատգամավորների հիվանդության տեղեկանքները կքննի ՍԴ-ն

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախնական տարբերակը, որը տեւական ժամանակ է՝ մշակվում էր աշխատանքային մասնագիտական խմբի կողմից, անցած շաբաթ ներկայացվել է խորհրդարանական խմբակցություններին։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դեռեւս հունիսին ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որն զբաղվում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու ուսումնասիրմամբ: Առաջիկայում սպասվում է խմբակցությունների հետ քննարկում, որից հետո միայն փաստաթուղթը կներկայացվի ԱԺ վավերացմանը՝ առաջին ու երկրորդ ընթերցմամբ, նոր կանոնակարգ-օրենքը պետք է ընդունված լինի մինչեւ հաջորդ խորհրդարանի ձեւավորումը։ Չի բացառվում նաեւ, որ անցկացվեն խորհրդարանական լսումներ, քննարկումներ միջազգային փորձագետների հետ։ Այս փոփոխությունները, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով, բխում են նոր Սահմանադրության տրամաբանությունից։ Իսկ թե ինչ դրույթներ են փոխվել, պարզեցինք նրա հետ զրույցում։



- Պարոն Սահակյան, շա՞տ են առաջարկներն ու առարկությունները ձեր ներկայացրած նախագծի վերաբերյալ, ինչպիսի՞ն են դրանք։



- Ես պետք է ասեմ, որ խմբակցություններին խիստ նախնական տարբերակն ենք ուղարկել, եւ առաջարկությունները բազմաթիվ են, որոնք մեր գործընկերները ներկայացրել են։ Ես շեշտում եմ՝ նախագիծը խիստ նախնական է, եւ այն դեռ քննարկումների արդյունքում պետք է փոփոխության ենթարկվի, ինչու ոչ՝ խիստ արմատական։ Կանոնակարգ-օրենքն այն փաստաթուղթն է, որի վրա պետք է աշխատեն պատգամավորները, եւ այն պետք է կարգավորի ԱԺ ողջ աշխատանքային գործընթացը՝ օրենսդիր, վերահսկողական եւ այլ գործընթացները, նոր Սահմանադրությամբ այդ լիազորություններն ավելի են մեծացել, ուստի այդ ամբողջը հստակեցնելու, կանոնակարգելու խնդիր կա։ Մեր ընդդիմադիր գործընկերների հետ նախատեսել ենք աշխատանքային քննարկում կամ այս շաբաթվա կեսերին, կամ հաջորդի սկզբներին, որից հետո նախագիծը կուղարկենք կառավարության դատին, որպեսզի նոյեմբերին դրվի շրջանառության մեջ, իսկ ընդունվելու համար մինչեւ հաջորդ խորհրդարանի ձեւավորումը ժամանակ ունենք։



- Ի՞նչ լիազորությունների ու փոփոխությունների մասին է խոսքը։



- Կանոնակարգ-օրենքում բազմաթիվ փոփոխություններ կան եւ հնարավորինս խստացվել են, բայց այդ մասին կիմանաք հետո։ Ասեմ միայն, որ Սահմանադրության պահանջով ԱԺ-ում նոր մարմին է ձեւավորվում, որը կոչվելու է ԱԺ խորհուրդ։ Այն տարբեր հարցեր որոշելու իրավասություն ու լիազորություն է ունենալու՝ սկսած լրագրողների՝ ԱԺ-ում գործունեություն ծավալելու կարգերից, վերջացրած մինչեւ լրացուցիչ նիստ գումարելու որոշում։ Խորհուրդը ձեւավորվելու է ԱԺ նախագահից, տեղակալներից, ԱԺ հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներից, այն կոլեգիալ մարմին է, որն արտացոլելու է քաղաքական ողջ ներկապնակը։ Նախատեսվում է, որ այդ մարմինն աշխատանքներն սկսի առավոտյան ժամը 10-ից, որպեսզի կառավարության հետ համահունչ աշխատանքային ժամեր լինեն, ծրագրել ենք ԱԺ-ի ամենօրյա աշխատանք։ Նիստերի շաբաթից հետո կհաջորդեն այդ խորհրդի նիստերը, այնուհետեւ կհաջորդեն խմբակցությունների նիստերը, ապա՝ մշտական հանձնաժողովների. կարծես թե ամբողջ նստաշրջանի ընթացքում մեր պատգամավորներն զբաղվելու են օրենսդիր աշխատանքով, իրենց աշխատանքը լինելու է ԱԺ շենքում, պարզ ասած՝ ԱԺ-ն ակտիվ չի լինելու միայն քառօրյա նիստերի օրերին։



- Կարծես խոսակցություններ կան, որ ԱԺ նիստերի օրերն ավելացվելու են, ասենք, քառօրյայի փոխարեն՝ վեցօրյա։



- Ոչ, պարզապես ցանկություն կա երկուշաբթին թողնել խորհրդի նիստի օր, որտեղ կձեւավորվի օրակագը, իսկ հետո նոր սկսվի քառօրյան, թեպետ չի բացառվում, որ խորհրդի որոշմամբ քառօրյայի շաբաթներում նոր օրեր ավելացվեն, որպեսզի սպառվեն օրակարգային հարցերը։ Եթե նկատեցիք, եթե առավոտյան ժամը 10-ից ենք սկսելու նիստերը, ապա օրվա ընթացքում ոչ թե 3, այլ 4 նիստ է անցկացվելու։



- Իսկ այդ խորհրդում ի՞նչ համամասնություն է լինելու, դարձյա՞լ ՀՀԿ-ն է մեծամասնություն լինելու, եւ բոլոր որոշումներն էլ կայացվեն իր հայեցողությամբ։



- Բնական է, որ ըստ ԱԺ-ում ներկայացված ուժերի համամասնության։ Աշխարհում չկա որեւէ մի երկիր, որ խորհրդարանում որեւէ ուժ ձեւավորի մեծամասնություն, բայց որեւէ այլ մարմնում մեծամասնությունն այլ ուժի ձեռքում լինի, եւ մշտական հանձնաժողովներում, եւ խորհրդում բնական է, որ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ձեւավորած ուժը կազմի մեծամասնություն։ Կարեւորն այն է, որ դա կոլեգիալ մարմին է լինելու, որոշումներն էլ չեն կայացվելու ԱԺ նախագահի կողմից, այլ լինելու են այդ խորհրդի քննարկումների արդյունքում։



- Այս տարիներին բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ ուրիշի փոխարեն քվեարկության, ինչպես նաեւ պատգամավորների բացակայությունների հարցը։ Նոր կանոնակարգն այս հարցերում ի՞նչ մեխանիզմներ է սահմանում։



- Բացակայությունների հետ կապված՝ միայն կարող եմ ասել, որ եթե հիմա նույն բժշկի տեղեկանքը ներկայացվում է այստեղ, եւ այստեղ է որոշվում, ապա նոր օրենքով դրանք կուղարկվեն Սահմանադրական դատարան, որտեղ էլ կորոշվեն այդ փաստաթղթերի իսկությունն ու հավաստիությունը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ