Հայերը սպանվել են Հարությունյան ազգանունով հայի բնակարանում

Հայերը սպանվել են Հարությունյան ազգանունով հայի բնակարանում

Երեկ Մոսկվայում սպանվել են երկու հայեր, որոնց անձը հաստատվել է։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը հայտնեց սպանվածների տվյալները։ «Սպանվածներից մեկը Է․ Նշանյանն է, 1973 թվականի ծնված, երկրորդը՝ Ա․ Իսրայելյանը, 1970 թվի ծնված։ Երկուսի բնակության վայրն էլ Երևանն է։ Կատարվում են քննչական գործողություններ»։ Հայկական դեսպանատանը գործում է ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը, որը, ըստ Թորգոմյանի, կապի մեջ է ՌԴ իրավապահ մարմինների հետ։ ՌԴ իրավապահները առայժմ ճշտում են սպանվածների քաղաքացիությունը։ Երկուսն էլ ՀՀ քաղաքացիներ են, երկուսն էլ Երևանի Մալաթիա թաղամասի բնակիչներ են։ ՀՀ-ում հայտնի այս անձինք երկուսն էլ առնչություն ունեն Սամվել Ալեքսանյանի հետ։ Մեկը՝ Արմեն Իսրայելյանն է ՝ Ձուկ, կամ Ձկնկուլ մականունով, որը ժամանակին աշխատել է Սամվել Ալեքսանյանի հետ և անհամաձայնություն է ունեցել, բիզնեսին առնչվող ինչ-ինչ հարցեր։ Հուլիսին նա հայտնել էր ԶԼՄ-ներին, որ Ալեքսանյանն իրեն ունեզրկել է, խլել է բիզնեսը։ Ձուկը և Ալեքսանյանի մյուս աշխատակիցները չեն հայտնել պատգամավորին, որ նրա քեռու որդին՝ Սամվել Ղազարյանը, խաղատներ է այցելում։ Ալեքսանյանն էլ, ըստ Իսրայելյանի, պատժել է իրեն, խլելով ունեցվածքը։ Հետագայում Իսրայելյանն ինքը հերքել է իր պատմածը, ասելով, որ հարբած է եղել։ 



Մյուսը՝ Էդուարդ Նշանյանը, թաղի հայտնի անձանցից էր` Ճուտ մականունով։



Ռուսական ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների համաձայն`սպանվածներին, որոնք ամենայն հավանականությամբ, գործարար մարդիկ էին, գնդակահարել են Նոր Մոսկվայի Ռոդնիկի կոչվող թաղամասի բնակարաններից մեկում, որտեղ նրանք ապրում էին վարձով։ Բնակարանն այդ, մեր տեղեկություններով, պատկանում է հայի՝ Էդիկ Հարությունյանին, որը եւս ՀՀ քաղաքացի է: ՌԴ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցված այդ երկրի համապատասխան օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասով՝ երկու և ավելի անձանց սպանություն։ Կա հետախուզվող անձ, 30-ն անց տղամարդ Սամվել անունով։ 



Սյուզան Սիմոնյան