Թքել ենք քո սահմանադրության վրա, մեր ոստիկանությունն ա, ինչ կուզենք կանենք քեզ. ոստիկանները բերման են ենթարկել փաստաբանի

Թքել ենք քո սահմանադրության վրա, մեր ոստիկանությունն ա, ինչ կուզենք կանենք քեզ. ոստիկանները բերման են ենթարկել փաստաբանի

Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր գիշեր՝ ժամը 00։15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոն բաժին ապօրինի բերման է ենթարկվել փաստաբան։ Նրա վերաբերյալ բացատրություն են տվել ոստիկանության հետ մտերմություն անող, գիշերը տանը չանցկացնող իրեն անծանոթ կանայք. «Ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքը փաստաբանի նկատմամբ եղել է անմարդկային` նրա ձեռքերի վրա հագցրել են ձեռնաշղթաներ, չորս ժամ շարունակ չեն թողել, որ ջուր խմի և կապ հաստատի իմ հետ։ Մյուս փաստաբանին, որը կանգնած է եղել ոստիկանության Կենտրոն բաժին մուտքի դիմաց արգելել են ներս մտնել և իր ընկերոջը իրավաբանական օգնություն ցույց տալ»։



«Հրապարակ»-ի հետ զրույցում գիշերը ոստիկանության բաժին բերման ենթարկված փաստաբան Վարդան Նիկողոսյանն ասաց, որ երեկ կեսգիշերին եղել է հասարակական սննդի փակ «օբյեկտ»-ում՝ իր հարազատների, ընկերների հետ, որտեղ ներխուժել են ոստիկաններ և ապօրինի պահաջներ են ներկայացրել, թե ինչո՞ւ եք աղմկում, այն դեպքում, երբ իրենք փակ տարածքում պարզապես ծննդյան տարեդարձ են նշել, պարել են .«Ներկայացա, որ փաստաբան եմ և ասացի, որ դուք իրավունք չունեք օրենքը խախտել, ասեցին՝ թե բա վերևի հարևանը բողոքել է, ասացի՝ չէ որ ծնունդ է, փոքր երեխաները պարում են: Պահանջեցի՝ դուրս գան, եթե չունեն իրավական հիմնավորումներ, ձեռքերս ոլորեցին, հագուստս պատռեցին, ձեռնաշղթաներ հագցրին և տարան Կենտրոնի ոստիկանության բաժին: Մինչև ժամը 4-ը ինձ պահեցին այնտեղ առանց որևէ փաստաթղթի, առանց որևէ հիմնավորման: Խնդրում եմ ցույց տվեք, թե ինչի՞ հիման վրա եք բերման ենթարկել, դրսում՝ փաստաբան Արմեն Հակոբյանը կանգնած, նրան թույլ չէին տալիս, որ ներս մտնի: 4 ժամ պահեցին, շարունակելու եմ գործողություններս, պետք է դիմեմ Հատուկ քննչական ծառայություն՝ ոստիկանների ապօրինի գործողությունների դեմ»:



-Արսեն Մկրտչյանի գրառման մեջ նշված էր, որ անծանոթ կանայք բացատրություն են տվել: Դա ի՞նչ պատմություն է:



Դա գործի քննության ընթացքում կպարզվի, ոստիկանության բաժնում մի կնոջ և երկու տղամարդու բերեցին, ինչ- որ բաներ գրել տվեցին, չգիտեմ՝ ինչ են գրել: Չեմ տեսել, բայց տեսա, որ բերեցին և իմ ներկայությամբ ինչ- որ բան գրել տվեցին:



-Ձեր նկատմամբ սա առաջի՞ն այդպիսի գործողությունն էր:



Իմ նկատմամբ՝ այո, ինձ համար անսպասելի էր, ասում եմ՝ դուք օրենք եք խախտում, սահմանադրություն գոյություն ունի, մարդուն չի կարելի առևանգել, ասում են՝ թքել ենք քո սահմանադրության վրա, մեր ոստիկանությունն ա, ինչ կուզենք կանենք քեզ, կարանք թաղենք քեզ:



-Ո՞վ էր Ձեզ նման բան ասում:



Չեմ կարող իր պաշտոնը ասել, ոստիկան էր:



-Ձեր նկատմամբ դա հատուկ վերաբերմո՞ւնք եք որակում:



Չեմ կարող ասել, հատուկ իմ նկատմամբ չէ, ես իրենցից պահանջեցի, որպեսզի դադարեցնեն օրենքի խախտումը, եթե ինչ- որ հիմնավոր պատճառ կա, ներկայացնեն, եթե ոչ՝ ազատեն, որովհետև երեխաները պարում են:



-4 ժամ ձեռնաշղթաներ են հագցրած եղել ձեր ձեռքերին, վնասվե՞լ են դաստակները:



Վնասվել է, դիմել եմ բժշկական կենտրոն:



Մեզ հետ զրույցում Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ ՓՊ-ի նախագահ Արա Զոհրաբյանը հանդիպել է փաստաբանի հետ, զրուցել են և ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն: