Հարկային համաներում է հայտարարվում

Հարկային համաներում է հայտարարվում

Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետն շտապում էր։ Նա հորդորեց նախարարներին կարճ ներկայացնել հարցերը, քանի որ 12-ին իրենք պետք է լինեն ԱԺ-ում՝ բյուջեի մասին օրենքի քվեարկությանը։ Երեկվա օրակարգը, սակայն, շտապողականություն չէր հանդուրժում, ներառելով սոցիալական կարեւոր նախագծեր։ Դրանք մնացին չպարզաբանված։ Նիստից հետո նախարարներից եւ ոչ մեկը չիջավ առաջին հարկ՝ լրագրողների հետ զրուցելու։ 



Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը, օրինակ, առաջարկեց հաստատել որոշումներ, որոնք հեշտացնում են նպաստների եւ կենսաթոշակի ձեւակերպումը։ Օրինակ, 2017 թվականի հունվարի մեկից կենսաթոշակների եւ նպաստների դիմումները կարելի է ներկայացնել ցանկացած տարածքային կենտրոն՝ անկախ բնակության վայրից։ «Ցանկացած մարդ ցանկացած կետում կարող է իր հարցը լուծել, անկախ նրանից՝ Գորիսի՞ց է, թե՞ Ծաղկաձորից, եւ դուք տեխնիկապես դրան պատրա՞ստ եք»,- հարցրեց վարչապետը եւ դրական պատասխան ստացավ։ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ հարկային «զիջումների» մի ամբողջ օրենսդրական փաթեթ էր բերել։ Նախ, հայտարարվում է հարկային «համաներում»։ Մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերից այդ գումարները չեն գանձվի։ Տույժերից կազատվեն սոցիալական վճարումների գծով պարտքեր ունեցող անհատ ձեռնարկատերերը, նորտարներն ու «ինքնազբաղված» անձինք։ Նոտարներին ինչու են այս «արտոնյալ» ցանկում ներգրավել, հասկանալի չէ։ Նրանց եկամուտներն առանց այդ էլ չարդարացված բարձր են։ Հաջորդ «բոնուսը» ՊԵԿ նախագահը նախատեսել է մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ներառյալ երկու եւ ավելի գույք օտարած եւ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց համար։ Նրանց տույժ-տուգանքները «կջրվեն»։ Կազատվեն տույժ-տուգանքից նաեւ այն հարկատուները, որոնք հարկային մարմնին ճշտված հարկային հաշվարկներ են ներկայացրել, բայց «ճշգրտման» արդյունքում պարզվել է, որ քիչ են վճարել։ Այնպես որ, այդ խիստ վիճելի «ճշգրտումների» միջոցով հարկային տեսուչներն էլ չեն կարողանա փող պոկել գործարարներից։ Բիզնես փակելը եւս կհեշտանա։ Փաստացի գործունեություն չիրականացնող գույք եւ հարկային պարտավորություն չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն կընձեռվի։ Հարկերից կազատվեն նաեւ «ինքնազբաղված» անձինք, եթե նրանք աշխատում են կառավարության ցանկով սահմանված ոլորտներում։ Ինքնազբաղված անձ, ըստ ՀՀ օրենսդրության, նշանակում է օրենքով չարգելված որեւէ գործունեությունից պարբերական եկամուտ ստացող ֆիզիկական անձ, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր։ Կառավարությունը մեկ տարով հետաձգելու է ՀԴՄ-ների նոր սերնդի կիրառման վերջնաժամկետը։ Նոր ՀԴՄ-ները պարտադիր կլինեն ոչ թե 2017 թվականի, այլ 2018-ի հունվարի 1-ից։ 2017-ի հունվարի 1-ից էլ ակցիզային դրոշմանիշներ հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային եղանակով։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ