Ինձ համար անհասկանալի է նման հետապնդումը

Ինձ համար անհասկանալի է նման հետապնդումը

Երեկ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հավաքել էր լրագրողներին ամփոփիչ ասուլիսի եւ մանրամասն պատմում էր, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել 2016 թվականին. նախորդ տարվանից 20%-ով աճած շրջանառություն՝ 500 մլն. դոլարի, ՏՏ ոլորտում կա 540 ընկերություն, որոնցում աշխատում է 16 հազար մասնագետ, կրթական ծրագրեր 20 հազար մարդու համար, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների հիմնում։ 25 ընկերություններ հիմնվել են Գյումրիում, Վանաձորում տեխնոլոգիական կենտրոն կա, Արցախում, իսկ Կապանում գործում է մոբայլ լաբորատորիա։ «Ինկուբատորը» համագործակցում է Մայքրոսոֆթ, IBM, Նեյշնլ Ինսթրումենթս, Դ-Լինկ, Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ, Cisco Systems, Intel Corporation եւ այլ միջազգային անվանի ընկերությունների հետ։ Մի խոսքով, Բագրատ Ենգիբարյանը երեկ խոսում էր միմիայն ձեռքբերումների մասին եւ ոչ մի բացատրություն չտվեց նոյեմբերի սկզբին Վերահսկիչ պալատի հրապարակած խախտումների վերաբերյալ, որոնց հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրօր. 214 հոդվածով՝ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Երեկվա ասուլիսին Ենգիբարյանն ընդամենը հայտարարեց, որ ՎՊ-ն վտանգում է Հայաստանի տեխնոլոգիական վարկանիշը. «Նմանատիպ ազդակները վատ են անդրադառնում հայկական ՏՏ-ի զարգացման եւ գլոբալ հեղինակության վրա: Պետք է զգույշ լինել, քանի որ գործ ունենք ՀՀ-ի համար կարեւոր՝ իմիջ ստեղծող ոլորտի հետ»։ Վերահսկիչ պալատի նպատակը, սակայն, ամենեւին էլ «Ինկուբատորի» վարկաբեկումը չէր, այլ բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերահսկումը։ Ստուգումների արդյունքում ՎՊ-ն հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ, որոնցից կթվարկենք միայն ամենաաղաղակող փաստերը։ «Ինկուբատորի» հոգաբարձուների խորհուրդը հիմնել է «Սորսիո» ՓԲ ընկերությունը, որի բաժնեմասերի 50 տոկոսի բաժնետերը խորհրդի անդամ Հովհաննես Ավոյանն է եղել։ Նա, ի դեպ, Ենգիբարյանի ընկերն է։ Մինչդեռ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով հոգաբարձուների խորհրդի անդամը չի կարող հիմնադրամի միջոցներից իր անունով ընկերություն հիմնել։ Հիմնադրամին պատկանող բաժնեմասերն օտարվել են առանց խորհրդի համապատասխան որոշումների եւ անվանական արժեքով, շուկայական արժեքները հաշվի չեն առնվել: Դրանք օտարվել են ցածր գներով։ Օրինակ, «ԷյԱյԹի» ՓԲ ընկերության բաժնետոմսերը 4.38 մլն. ԱՄՆ դոլարով գնել են ԱՄՆ-ում գրանցված «Մոնիտիս Ինք.» եւ ՀՀ-ում գրանցված «Մոնիտիս ՋիԷֆԱյ» ընկերությունները, երբ սպասվելիք եկամուտը 70 մլն․ դոլար է եղել։ Իսկ «Պիկսարտ» ծրագիրը, կնքված լինելով «Սորսիո» ընկերությանը պատկանող էլեկտրոնային ստորագրությամբ, դարձել է ամերիկյան «Պիկսարտ Ինք» ընկերության սեփականությունը: 2015 թվականին Forbes-ը «Պիկսարտը» գնահատել է 250.0 մլն. ԱՄՆ դոլար։ Իրականից ցածր են գնահատվել ձեռնարկությունների ակտիվները։ 2012 թվականին «Ինկուբատորը» 8 մլն. դրամ անձնական վարկ է տրամադրել հիմնադրամի տնօրենին՝ Բագրատ Ենգիբարյանին, 4% տոկոսով ու մեկ տարով, ապա մի երկու ամիս անց՝ եւս 20 մլն. դրամ, կրկին մեկ տարով, այն դեպքում, երբ հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ հիմնադիրների։ «Փաստացի, պաշտոնատար անձի կողմից իրականացվել են գործառույթներ, որոնցում անձնական շահագրգռվածությունն ակնհայտ է»,- գրված է Իշխան Զաքարյանի հրապարակած զեկույցում։ Նշված են նաեւ առանց իրավական հիմքի անշարժ գույքի եւ տեխնիկայի օգտագործման փաստեր։ Եղել են մարդիկ, որոնք ստացել են մոտ 3 մլն. դրամի աշխատավարձ, եւ վարկային միջոցներից ու պետական բյուջեից կատարվել են տարատեսակ անարդյունավետ ծախսեր եւ այլն։ Բագրատ Ենգիբարյանը կարծում է, որ մեծ խախտումներ իրենք չեն կատարել։ «Ինձ համար անհասկանալի է նման հետապնդումը, եւ, անկեղծ ասած, ես միտումնավոր եմ համարում այն, քանի որ մեր բոլոր գործողություններն օրենքի շրջանակում են կատարվել»,- ՎՊ աշխատանքն այսպես է մեկնաբանում Բագրատ Ենգիբարյանը: «Հրապարակի» հարցին՝ ինչո՞ւ եք կարծում, որ ՎՊ-ն «միտումնավոր» է ստուգումներ կատարել, որ դա Ձեր անձի դեմ է, «Ինկուբատորի» տնօրենը պատասխանեց. «Ի՞նչ իմաստ ունի նման ձեւով լուսաբանելու մի ոլորտ, որում մեծ ներդրումներ են կատարվել ու արվում են։ Եթե կային խնդիրներ, կարող էին մեզ հետ քննարկել, նոր հրապարակել այդ «ուսումնասիրություները»։ Միտումնավոր ասելով՝ ես սա նկատի ունեմ։ Մեզ հետ ոչինչ չի քննարկվել, միանգամից դրվել է սայթում։ Այնպիսի անուններ են ֆիքսված՝ «Պիկսարտ», «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն», ձեռնարկությունների անվանումներ կան, որ սա կարդացողը կարող է էլ մեզ չհավատալ։ Եթե մեր հաջողություններին էսպես ենք վերաբերվում, էլ ի՞նչ ենք խոսում ոլորտը գրավիչ դարձնելու մասին»։ 



- Պարոն Ենգիբարյան, ՎՊ հաշվետվությունում նշված է, որ Դուք անձնական վարկ եք վերցրել երկու անգամ՝ 8 մլն. եւ 20 մլն. դրամ, ցածր տոկոսով։ Բայց դա օրինական չէ։



- Աշխարհի բոլոր հիմնադրամների աշխատողներն էլ վերցնում են՝ հիմնարկի սոցիալական ֆոնդ են սարքում։ Իրենց կարելի է, մեզ չի՞ կարելի։



- «Հիմնադրամների մասին» օրենքով արգելված է։ Դուք դրանք վերցրել եք աշխատողների՞ համար։



- Ես ինձ համար եմ վերցրել, ամեն մեկն իր համար է վերցրել։



- Լավ, «Սորսիոյի» տնօրենը՝ Ավոյանը, Ձեր ընկերն է, Գյումրիում, ասում են, Ձեր ազգականներին եք ձեռնարկություն հիմնելու գումարներ տվել։



- ՎՊ հաշվետվության մեջ չկա նման բան։



- Այո, բայց նման խոսակցություններ կան։



- Գիտեք, մենք ոչ մի դրամաշնորհ չենք հաստատում, ոչ էլ գնահատում ենք ծրագրերը։ Դա արվում է մրցույթով, ընդունված կարգով։ Իսկ եթե ազգակցական կապեր կան, կարող է եւ այդպես լինել, ապա մենք դա հայտարարագրում ենք։ Գիտեինք, որ այս օրը գալու է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ