Օլիգարխները սնդուսափայլ վարչապետի մեջքին են

Օլիգարխները սնդուսափայլ վարչապետի մեջքին են

Հասարակության լայն շերտերի հետ աշխատանքում վարչապետը լրագրողներին մեծ դեր է տալիս, և այսօրվա ասուլիսում նա նույնիսկ դիդակտիկ նյութեր էր բերել իր հետ կառավարության դահլիճ, աղյուսակների առանձին ձեռնարկ բաժանեց` թանկարժեք սնդուսափայլ էջերով, որոնց շարժանկարները էկրանի վրա էր ցուցադրում ու էջ առ էջ բացատրում։ Ով չի հասկացել, նույն բանը կարող էր կարդալ գրքում, որը նույնպես բաժանեցին։ Այն կոչվում է «100 օր» և 100 էջ ունի։ Կարող էր թվալ` վարչապետության ամեն մի օրվան Կարեն Կարապետյանն առանձին էջ է նվիրել։ Ամենահաճախ հանդիպող բառն այդ գրքում «ախտորոշումն» էր` «դզիագնոզը», ինչպես ինքն էր արտասանում։ Կարեն Կարապետյանը շատ էր ուզում, որ լրագրողները իր այս աշխատությունների մասին գրեն։ Նա մի քանի անգամ փորձեց լրագրողներին վերադարձնել 100 օրվա թեմային, բայց հարցերը քիչ էին վերաբերում 100 օրվան։ Սկզբում վարչապետը իրեն հատուկ թեթև հումորով էր հարցերին պատասխանում` երբեմն «մանթրաշ» գցելով լրագրողներին։ Բայց վերջիններիս, ի վերջո, հաջողվեց նրան հունից հանել։ Մի քանի անգամ վարչապետը նույնիսկ ստիպված եղավ ձեռքը խփել սեղանին` ասելով․ «Ինձ միլիցա մի սարքեք։ Ես միլիցա չեմ»։ Նրան զայրացրեց բանանի ներկրման խոչընդոտների հարցը։ «Պատկերացնում եք՝ ամեն բանան ներկրողին ես իմանամ: Ինձ համար կարևոր հարց չէ, թե պատիժ կրե՞լ են, թե ոչ, կարևորը էլ նման տենդենց չլինելն է: Ինձ մլիցա մի սարքեք», - ասաց վարչապետը։ Իսկ «Հրապարակի» հետ հետևյալ հարցուպատասխանը եղավ։



- Օլիգարխների հետ լեզու գտնո՞ւմ եք։ Դուք կարո՞ղ եք նրանց ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք, ալյուրի գինը չբարձրացնեք։
- Իսկ դուք համարում եք, որ դա իմ գործառու՞յթն է։



- Բայց նրանք փոքր դերակատարում չունեն մեր կյանքում։
- Հա, բայց դուք համարում եք, որ վարչապետի գործառո՞ւյթն է զանգի ու ջղային տոնով ասի՝ շաքարի գնին ձեռք չտալ։ Օլիգարխների հետ զգում եմ ինձ շատ հանգիստ։ Ապահով, չգիտեմ, այդ բառի տակ դուք ինչ եք դնում։



- Մի օրում շաքարը ահագին թանկացավ, ալյուրի գինը բարձրացավ:
-Ալյուրի գինը բարձրացել է, ահագին չի թանկացել։ Կարագի գինը բարձրացել է, ահագին չի թանկացել։ Միջին գները նոր տարվա եթե նայեք, բերեք շկալայի, ընկել են։ Բա ինչո՞ւ չեք ասում, որոնք որ ընկել են։ Եվ գնողունակությունը ձեր չի եղել ավելի վատ, քան անցյալ տարի։ Ուրեմն, եթե կա ապրանք, որը պետք է բերի գնի փոփոխության, ուրեմն, պետք է բերի գնի փոփոխության։ Արհեստականորեն էկոնոմիկան կառավարել՝ էս գինը սենց դրեք, էն գինը նենց դրեք, որևիցե ապագա չունի։



- Բայց էական գործոնները չեն փոխվել։ Օրինակ, ինչո՞ւ շաքարի գինը սկսեց բարձրանալ։
- Շաքարի գինը, նախ չգիտեմ, բարձրացե՞լ է, թե՞ չէ։



- Այո, բարձրացել է, և առաջիկա երկու ամսում կրկին կբարձրանա։
- Այ, երբ որ բարձրանա, այդ հարցը նոր կտաք։



Կարեն Կարապետյանը նաև Խոսեց իր անձնական կյանքից, որը չկա․ «Ցավոք սրտի, իմ առօրյայում հիմա որևէ անձնական կյանք գոյություն չունի: Երկու ռեժիմ է՝ կամ այստեղ եմ, կամ տեղաշորում փորձում եմ քնել»։



Սյուզան Սիմոնյան