Ազատամուտը կազատվի հարկերից, իսկ բժիշկները համակարգիչ պետք է յուրացնեն

Ազատամուտը կազատվի հարկերից, իսկ բժիշկները համակարգիչ պետք է յուրացնեն

Կառավարության նիստի օրակարգը այսօր բավականին ծանրաբեռնված էր, բայց վարչապետն, իր սովորության համաձայն, շատ արագ սպառեց այն։ Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը բերել էր արտահանման ճյուղերի մրցունակության բարձրացման ծրագիր, որը արդյունաբերության ոլորտում նոր ռազմավարություն է ենթադրում։



Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Ազատամուտ համայնքը արտոնյալ գյուղերի ցանկում ներառելու որոշում։ Սրանք այն սահմանամերձ գյուղերն են, որոնք մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողեր ունեն եւ ազատվում են հարկերից։ Մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվեց ոստիկանության եւ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության միջեւ վերահսկողական համակարգերի ձեռքբերման եւ տնօրինման վերաբերյալ պայմանագիրը, «Սեքյուրիթի դրիմը» լինելու է հավատարմագրային կառավարիչ։ Մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանը Սինգապուրի եւ Կանադայի հետ օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիր կկնքի, մինչեւ օրս այդ հաղորդակցությունը կանոնակարգված չէր։



Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ներկայացրեց որոշում, որով մրցույթ է հայտարարվելու էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման հանձնելու համար։ Այսուհետ պետպատվեր իրականացնող 480 լիցենզավորված կազմակերպությունները մինչեւ մարտի 1-ը կանցնեն փաստաթղթավորման էլեկտրոնային համակարգի։ Սա վերաբերելու է առողջապահության ոլորտի 35 հազար աշխատակիցների, որոնք պետք է էլեկտրոնային փաստաթղթավորման նրբությունները յուրացնեն։



Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարությունից գումար խնդրեց՝ 43 մլն դրամ, որը առաջին եռամսյակում կօգտագործի Սիրիայից տուժածների համար պարենային եւ ոչ պարենային ապրանքներ գնելու նպատակով։ Տարօրինակ է, որ այս օրինագիծը սփյուռքի նախարարությունը չի ներկայացրել։